×


Տիմատիի երեւանյան համերգի հետաքրքիր դրվագներն ու խոստովանությունը

Չեղարկված ելույթից հետո նա խոստացավ վերադառնալ Երեւան եւ խոստումը կատարեց. Տիմատիի մենահամերգը երեկ բազմահազար երկրպագուների էր համախմբել Հանրապետության հրապարակում: Նրանցից շատերը համերգից դեռ ժամեր առաջ հավաքվել էին բեմի առջեւում եւ ամուր պահել իրենց տեղերը, որ հանկարծ չկորցնեն ռուս հայտնի ռեփերի ելույթները մոտիկից վայելելու առիթը: Իհարկե, մենք չենք կարող ասել, թե նրանք ինչպես դիմացան` ժամեր շարունակ նույն տեղում կանգնած, բայց համերգային տրամադրությունն ու տիրող մթնոլորտն իսկապես թեժ էր` շոգ եղանակին համապատասխան:

Տիմատիի երեւանյան մենահամերգին


Իզուր չէ, որ տարբեր առիթներով կատակում ենք ու ասում, որ Հայաստանում ոչ մի միջոցառում ճիշտ ժամանակին չի սկսվում: Այս մեկն էլ բացառություն չէր. համերգը սկսվեց նախատեսված ժամից 40 րոպե անց, երբ հավաքված երկրպագուներն արդեն սկսել էին բարկանալ ու սուլել: Բայց շուտով բեմում հայտնվեց DJ Philchansky-ն եւ երեւանցիներին ու քաղաքի հյուրերին ներկայացրեց մի քանի հիթային ու սիրված մշակումներ: Տրամադրությունն ու ոգեւորությունը քիչ-քիչ գագաթնակետին էր հասնում, եւ ահա 30 րոպե անց բեմ բարձրացավ սիրված երգիչը: Տիմատին իր հայ երկրպագուներին ողջունեց հայերեն` «Բարեւ ձեզ, Երեւան», եւ սկսում համերգային ծրագիրը:

«Շատ ցավում եմ, որ Մարզահամերգային համալիրում իմ ելույթը չկայացավ, բայց գիտեի, որ նոր համերգը լինելու է երկու անգամ ավելի մեծ մասշտաբով: Ես այնքան ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ եկել է իմ մենահամերգին, շնորհակալություն ձեզ դրա համար»,-ասաց ռեփերն ու խնդրեց բոլորին վեր բարձրացնել հեռախոսները, միացնել դրանց լույսերը եւ երգել իր հետ.«Ապա նայեք ձեր շուրջը, տեսեք՝ որքան շատ ենք մենք: Այստեղ 40 հազար մարդուց ավելի է: Տեսեք` ինչպես են փայլում լույսերը շուրջբոլորը, շնորհակալ եմ ձեզ շատ: Ես խոստացել էի վերադառնալ Երեւան եւ երգել ձեզ հետ. ուրեմն՝ սկսեցինք...»:

Տիմատիի երեւանյան մենահամերգին


Ու այսպես` մոտ երկու ժամ: Հնչեցին ամենասիրված ու սպասված հիթերը, որոնց ժամանակ հանդիսատեսն անդադար ձայնակցում էր ռեփերին: Իսկ որ ամենից տպավորիչն էր, Տիմատին իր «Мага» երգի ժամանակ ուսերին գցեց Հայաստանի դրոշը` շոյելով հանդիսատեսի հայրենասիրական զգացմունքները: Ի դեպ, կարելի է ասել, որ համերգին Տիմատին մենակ չէր եկել. նրա հետ զուգերգերով «հանդես եկան» Եգոր Կրիդը, Գրիգորի Լեպսն ու Կետի Տապուրիան:): Նրանք պարզապես հատուկ տեսահոլովակներ էին պատրաստել, եւ մեծ էկրաններին հնչում էին նրանց երգերը Տիմատիի հետ:

«Ես այստեղ եմ արդեն երկու օրից ավելի: Մենք այնքա՜ն էինք անհանգստանում, եւ այնպե՜ս էինք նախապատրաստվում համերգին ու ձեզ հետ հանդիպմանը, որովհետեւ ցանկանում էինք առավելագույնս լավ հանդես գալ Երեւանում»,- անկեղծացավ ռեփերը:

Տիմատիի երեւանյան մենահամերգին


Իսկ համերգի ավարտին հերթը համատեղ սելֆիինն էր երկրպագուների հետ. «Գիտեք, սովորաբար մարդիկ գալիս են ու ասում` Տիմատի, կարելի՞ է Ձեզ հետ նկարվել, իսկ հիմա ես եմ ձեզ հարցնում` կարելի՞ է ձեզ հետ նկարվել: Այ, սա երեկո է...»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիմատին պետք է երգեր վերջինը՝ Քրիստինա Սիից, Մոտից եւ L’One-ից հետո, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով չկարողացավ բեմ բարձրանալ: «Ինստագրամ»-ում տեղադրված տեսանյութի միջոցով նա խոստացավ վերադառնալ: Խոստումը, փաստորեն, արդեն կատարված է, համերգը` կայացած:

Համերգը կազմակերպել էին «Jet Set» ընկերությունը եւ «Black Star»-ը՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: 

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

A post shared by Black Star (@timatiofficial) on Jun 8, 2017 at 2:43pm PDT

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW