Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ կայացել է “Ձեր Աստվածը փողն է…” կատակերգության պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ ռեժիսորներ, դերասաններ եւ արվեստի գործիչներ:
“Ձեր Աստվածը փողն է…” ներկայացման պրեմիերային
Երկու գործողությամբ ներկայացման դերակատարներն են Արմեն Մարգարյանը, Մարիամ Ղազանչյանը, Զավեն Աբրահամյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Արա Դեղտրիկյանը, Զարուհի Խաչատրյանը, Վարուժան Մանուկյանը, Հասմիկ Վերդյանը եւ այլք: Ռեժիսորը Գոհար Փոքրիկյանն է, բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:
Ներկայացումն ուղեկցվում է երաժիշտների կենդանի նվագակցությամբ, պարային բեմադրությամբ եւ դերասանների երգով: Դիրիժորը Յուրի Դավթյանն է, կոմպոզիտորը՝ Արամ Սաթյանը, պարերի բեմադրիչը՝ Ռիմա Պիպոյանը:
Գաբրիել Սունդունկյանի` հայրեր-որդիներ, փող-սեր հարցերը բարձրացնող պիեսը անդրադառնում է մարդկային հարաբերություններին: Գլխավոր հերոսը դեմ է իր հոր շահամոլությանը.“Աստված իմ, այս ի՞նչ հասարակություն է, այս ի՞նչ մարդիկ են: Սեր, պատիվ, խղճմտանք… բոլորը դատարկ խոսքեր են: Այս հասարակության երջանկությունը միայն փողն է, ու եթե այդ փողն անգամ մարդու սրտի մեջ լինի պահված, սիրտը կպատռեն, որ միջից հանեն”, - մենախոսում է գլխավոր հերոս Միքայելը:
“Ձեր Աստվածը փողն է…” ներկայացման պրեմիերային
Մարիամ Ղազանչյանը նշել է, որ իր պապիկի` Երվանդ Ղազանչյանի որոշմամբ ընտրվել է Սունդուկյանի այս պիեսը, եւ շուրջ մեկ տարի աշխատել են ներկայացման ստեղծման վրա.“Փողն ու սերը միշտ արդիական թեմաներ են, երբեմն իրոք հասկանում ես, որ հանուն փողի մարդիկ շատ բանի են պատրաստ: Այսօր էլ կան ծնողներ, որ հանուն իրենց շահի երեխաներին ամուսնացնում են: Կարծում էի, որ հանդիսատեսը լավ կընդունի, բայց չէի ակնկալում, որ այսքան լավ, ինչը միանգամից նկատեցի”:
Միքայելի դերակատար Արմեն Մարգարյանը կարծում է, որ իր կերպարը դեռ լիովին չի մարմնավորել, բայց պարբերաբար խաղալով կկարողանա իրենը դարձնել.“Երբ տեղեկացանք, որ պետք է նաեւ երգենք, մեզ թվում էր` ներկայացման հետ երգերը կապ չունեն, բայց սերտ կապ կա: Իմ դերը նաեւ խաղում է շատ տաղանդավոր դերասան Վարդանը, երկուսս էլ նույն կերպարում հաջորդաբար կներկայանանք: Ես նրա խաղը դիտել եմ, ինձ շատ է դուր եկել: Մեր միջեւ միայն առողջ մրցակցություն կա, դա նույնիսկ նպաստում է, որ մեկս մյուսից ինչ-որ գծեր վերցնենք”:
Պրեմիերայից հետո իր տպավորություններով կիսվել է նաեւ Սաթենիկ Հախնազարյանը. “Ինձ թվաց, կամ էլ իսկապես հանդիսատեսը ջերմ ընդունեց: Շնորհավորանքներ լսելով` հասկանում եմ, որ ասելիքը տեղ է հասել: Ժամանակը ցույց կտա, թե որքան կյանք կունենա ներկայացումը, բայց այն հարցերը, որոնց մասին բեմից խոսում ենք, մեզ բոլորիս մտահոգող խնդիրներ են”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: