Շողեր Գրիգորյանը խաղում է թատրոնում` զուգահեռ նկարահանվելով նաեւ սերիալներում: BRAVO.am-ն անդրադարձել է նրա մասնակցությամբ “Վոյցեկ” երաժշտական ներկայացմանն ու “Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա” մոնոդրամային: 24-ամյա դերասանուհին այս անգամ մեզ հետ զրույցում պատմել է մարմնավորած նոր կերպարների, Ֆրանսիայում ուսանելու տարիների եւ իր երազած ընտանիքի մասին:
Շողեր Գրիգորյանը
“Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա”-ն պարբերաբար խաղում եմ: Այն դարձել է շրջիկ ներկայացում` տեղափոխվելով մի բեմից մյուսը, գուցե ամռանն էլ ներկայացնենք մարզերում: Այս ամսվանից հանդես կգամ նաեւ Սունդուկյանի անվան թատրոնի “Կովկասի կավե շրջան” ներկայացման մեջ:
Այժմ նկարահանվում եմ Հ1-ի “Քույրը” սերիալում` մարմնավորելով նյարդային, բայց հետաքրքիր աղջկա կերպար: Նա հոգեբանական խնդիրներ ունի, որոնք զուգորդվում են հաճախակի նոպաներով: Ռեժիսորի առաջարկը միանգամից ընդունեցի, թեեւ սերիալում կարճ ժամանակում մի քիչ դժվար է նման կերպար ստեղծելը, քանի որ գերխաղն ու սուտը կարող են զգացվել: Այնպիսի դեր է, որ անընդհատ ինքնակատարելագործվում եմ, ուսումնասիրում եմ հոգեբանություն, դիտում ֆիլմեր:
Շողեր Գրիգորյանը
Յուրաքանչյուր տեսարանի նկարահանումից հետո հոգնում եմ, որովհետեւ չեմ կարող ձեւացնել, պետք է վերապրեմ, որ խաղս սուտ չստացվի: Եթե մայրիկիս հարցնեք, կասի` ինչքան է դերս ազդել իմ ներաշխարհի վրա, բայց շատ ծանր կլիներ, եթե այդպիսի անոմալիկ կերպարից դուրս չգայի:
“Քույր”-ից առաջ դրական դերով հանդես եմ եկել “Բանակում” սերիալում: Գործիս լուրջ եմ վերաբերվում, փորձում եմ հնարավորինս լավ աշխատել, սցենարիստի գրածն իմ միջով անցկացնել ու ինչ-որ չափով իմը դարձնել:
Շողեր Գրիգորյանը
Չեմ ձգտում հայտնի լինել. եթե շատ ցանկանայի, Հայաստանում իսկապես շատ հայտնի կլինեի: Այժմյան սերիալներով հայտնի դառնալն այն չէ, ինչ ուներ, օրինակ, Խորեն Աբրահամյանը: Ուզում եմ սիրված դերասան լինել, ինչի համար դեռ երկար ճանապարհ պիտի անցնեմ, իսկ այսօրվա “աստղային” վիճակներն ինձ համար հետաքրքիր չեն:
Կարծում եմ` մտածելակերպիս վրա իր ազդեցությունը թողեց Ֆրանսիայում ապրելու եւ ուսանելու ժամանակահատվածը, որտեղ ամեն օր բազմաթիվ “աստղեր” են ծնվում ու անհայտ կորում, մշտնջենական աստղեր չկան: Իմ տարիքի դերասաններն ամեն օր խաղում են, ծափերի են արժանանում, բայց հաջորդ օրը պիտի նորից ու նորից աշխատեն:
Շողեր Գրիգորյանը
Իհարկե, հաճելի է, որ մարդիկ ոչ միայն ճանաչում, այլ նաեւ սիրում են, լավ խոսքեր են ասում, կարող է երթուղայինում ժպտան, իմ փոխարեն վճարեն, բայց գիտեմ, որ անցողիկ է, եթե չնկարվեմ, կմոռացվեմ: Հանդիսատեսի ուշադրությունը ծաղիկներ են, որ ուրախացնում են, բայց դրանով չեմ հպարտանում:
Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտ ընդունվելուց հետո մեկնեցի Ֆրանսիա ու ընդունվեցի Փարիզի ազգային բարձրագույն թատերական կոնսերվատորիա, ուր մեկ տեղի համար 1700 հոգի է պայքարում… Ինձ ֆրանսահայ ամուսիններ Կետիկյաններն օգնեցին: Խոստովանեմ, որ ընդունվելուց հետո մտածում էի` այսքան տաղանդաշատ մարդկանց կողքին ինչ կարող եմ անել, բայց հնարավորինս շատ ներկայացումներում եմ խաղացել, նույնիսկ տեղի մամուլում եմ հայտնվել:
Շողեր Գրիգորյանը
Ֆրանսիայում թատերական բուհերին անվանում են կոնսերվատորիա. վոկալային կրթությունը պարտադիր է: Ինքս էլ գրում եմ մեղեդիներ, կիթառ եմ նվագում, բայց չեմ սիրում ու մի տեսակ խանդ եմ զգում, երբ ասում են` կարող եմ որպես երգչուհի հանդես գալ, որովհետեւ իմ մասնագիտությունը շատ եմ սիրում. դերասանուհին միաժամանակ պարուհի է, երգչուհի, հոգեբան եւ այլն: Միգուցե հետագայում ձայնագրեմ ու ներկայացնեմ հեղինակային երգերս:
Ֆրանսիայից իմ կամքով վերադարձա Հայաստան, բայց Փարիզի հետ կապը շարունակվում է: Թատրոնում ունեմ նոր դերեր, որոնցից մեկը` ֆրանսիացիների կողմից հովանավորվող նախագծի շրջանակում. շուտով Երեւանում ֆրանսահայ ընկերներիցս մեկը Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ֆրանսերեն լեզվով ներկայացում է բեմադրելու:
Շողեր Գրիգորյանը
Հունիսի սկզբին Պարոնյանի անվան թատրոնում էլ կխաղամ մանկական անիմացիոն ներկայացման մեջ, որտեղ զբաղված են նաեւ “Բանակում” սերիալի տղաները:
Մեծացել եմ մեծ ընտանիքում` երկու քույր ունեմ ու մեկ եղբայր: Աստծուն խնդրում եմ, որ ես էլ կազմեմ լավ ընտանիք, բայց իմ մասնագիտությունից ու բեմից չեմ հրաժարվի: Այդպես նաեւ հետաքրքիր կլինեմ ամուսնուս, երեխաներիս համար: Չեմ կարծում, թե ամուսինս ինձ սիրահարված կմնա, եթե չխաղամ: Դեռ կողքիս չէ այն տղամարդը, որի հետ կուզեի ընտանիք կազմել, բայց հուսամ` մոտ ապագայում ամեն ինչ լավ կլինի:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Գարիկ Մովսեսյանի եւ Շողեր Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: