Քրիստինե Պեպելյանն աշխատանքային դադար չի վերցրել, հակառակը` երաժշտական նորություններ ունի: Շիկահեր երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր ներկայիս հոգեվիճակի, գործընկերների հետ հարաբերությունների, հյուրախաղերի մասին, չի ցանկացել անդրադառնալ անձնական կյանքին:
"Երգած ամեն խոսք չէ, որ պետք է կապել ինձ հետ ու սուրճի սեղանի շուրջ բամբասանքի թեմա դարձնել". Քրիստինե Պեպելյան
-Ինչպե՞ս կբնորոշես կյանքիդ այս փուլը:
-Հիմա իմ կյանքում ստեղծագործական բուռն շրջան է. աշխատում եմ նոր հեղինակների հետ, ձայնագրում եմ նոր երգեր ու պատրաստվում եմ նկարահանել նոր տեսահոլովակներ: Կարծում եմ` շուտով հնարավորություն կունենամ իմ ունկնդիրներին ներկայանալ նոր ու գեղեցիկ աշխատանքներով: Ինձ համար շատ հաճելի ժամանկաշրջան է:
-Ինչպիսի՞ն էիր տասը տարի առաջ եւ հիմա: Ի՞նչ է փոխվել քո շրջապատում ու արժեհամակարգում:
-Բոլորի կյանքում էլ ժամանակի ընթացքում շատ արժեքներ փոխվում են, ես եւս բացառություն չեմ: Տասը տարի առաջվա եւ ներկայիս Քրիստինե Պեպելյանները շատ տարբեր են իրարից: Տարիներն ու իրավիճակները շատ բան կարող են փոխել մարդու կյանքում: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ իմ շրջապատն ու կյանքը մաքրել եմ սուտ ու ստոր մարդկանցից եւ նրանց համար փակել եմ դեպի ինձ ճանապարհը: Ես խղճում եմ չկայացած, բամբասկոտ ու վախկոտ մարդկանց: Բոլորս էլ մեր կյանքում կարիք ունենք հոգատար եւ սրտացավ ընկերների: Երբ հետ եմ նայում իմ անցած կյանքին, պարզ հասկանում եմ, որ ինձ համար շատ երեւույթներ ու մարդիկ բոլորովին արժեք չունեն եւ իրականում չեն էլ ունեցել: Հիմա հասկանում եմ, որ հավատացել եմ սուտ արժեքների, մինչդեռ մարդիկ այնքան կեղծավոր կարող են լինել, որ անգամ սկսում ես շատ բաներ չտարանջատել իրարից` արարքներ, երեւույթներ եւ անգամ "կին ու տղամարդ":
"Բոլորի կյանքում էլ ժամանակի ընթացքում շատ արժեքներ փոխվում են, ես եւս բացառություն չեմ". Քրիստինե Պեպելյան
-Հիասթափվե՞լ ես:
-Իրավիճակներ են լինում, երբ օրինակ` ստի ու կեղծիքի ազդեցության տակ իրականությունը կարող ես սխալ ընկալել, բարեւի փոխարեն ցտեսություն ասել, տխրելու փոխարեն ուրախանալ ու փոխարեն քեզնից ներողություն խնդրեն, չգիտես ինչու, դու ես դա անում, բայց կարեւորն այն է, որ յուրաքանչյուր մարդ կարողանա իր կյանքի նմանատիպ իրավիճակներին սթափ մտքով եւ քմծիծաղով հետադարձ հայացք գցել, ինչպես` ես: Բոլորս էլ մեր կյանքում սխալներ ենք անում` մեծ կամ փոքր, երբեմն էլ ճակատագրական, բայց միշտ էլ կա մեկը` այն սրտացավ ընկերը, որը ճանաչելու է քեզ, օգնելու է, որ բուժվես, գնահատելու, սիրելու ու ընդունելու է այնպիսին, ինչպիսին դու կաս: Հիմա իմ կյանքն ապրում եմ առողջ միջավայրում, լիարժեք ու իրական մարդկային արժեքներով, վստահության, փոխադարձ հարգանքի ու սրտացավ լինելու զգացումով:
Իմ արժեքային համակարգում շատ բաներ փոխվեցին, իմ ապրած կյանքը շատ է կոփել ինձ: Այսօր ինձ զգում եմ կայացած ու գնահատված մարդ: Կյանքը շատ դասեր է տալիս մեզ եւ հնարավորություն` հասկանալու ու ընտրելու ճիշտ ճանապարհ: Մարդը շատ բան կարող է փոխել, միայն պետք է այն մեկը, որը կհավատա, կօգնի եւ ուժ կտա իրեն:
Քրիստինե Պեպելյան."Բոլորը գիտեն, որ ես սեր երգող Քրիստինե Պեպելյանն եմ"
-Տարիներ շարունակ լինելով երգի ասպարեզում` ի՞նչ է պետք ամուր կանգնելու եւ մյուսներին չվնասելով ճանապարհ հարթելու համար:
- Ցանկացած բնագավառում ամուր կանգնելու ու առաջ քայլելու համար պետք է ասելիք եւ գիտելիք ունենալ: Եթե ասելիք ունես, մարդիկ կլսեն ու կսիրեն քեզ, կգնահատեն քո աշխատանքն ու ներկայությունը: Կայացած ու գրագետ մարդիկ երբեք չեն խոչընդոտում որեւէ մեկի աշխատանքին, այլ հակառակը` գնահատում ու հիանում են նորերով:
-Նախկինում տարաձայնություններ ունեցած գործընկերներիդ հետ հիմա ի՞նչ հարաբերություններ ունես:
-Տարաձայնություններ ցանկացած մեկի հետ կարող ես ունենալ` լինի կոլեգա, ընկեր, թե հարեւան… Կարեւորն այդ ամենի մեջ ոչ թե չարություն լինի, այլ առողջ քննարկումներ:
"Միշտ էլ կա մեկը, որը ճանաչելու է քեզ, օգնելու է, որ բուժվես, սիրելու ու ընդունելու է այնպիսին, ինչպիսին դու կաս".Քրիստինե Պեպելյան
-Գործընկերներիդ հետ հիմա ավելի քի՞չ, թե՞ ավելի հաճախ ես շփվում:
-Իմ գործընկերների հետ ինձ աշխատանքն է կապում: Նրանց հետ հիմնականում շփվում եմ համերգների ժամանակ: Կան մարդիկ, որոնց աշխատանքը շատ սիրում ու գնահատում եմ:
-Իսկ կա՞ մեկը հայկական էստրադայում, որին տանել չես կարողանում:):
-Կարծում եմ` ամեն ինչ չափի ու էթիկայի մեջ է գեղեցիկ: Կարիք չկա հարաբերությունները հասցնել այն վիճակին, որ գործընկերոջդ տանել չկարողանաս: Ամեն մարդ իր աշխատանքով է զբաղվում, այլ բան է, որ մեկի գործերը հավանեմ, մյուսինը` ոչ այնքան: Ես քաղաքակիրթ հարաբերություների կողմնակից եմ եւ չկա մեկը, որի մասին ինձ թույլ կտամ ասել, թե իրեն տանել չեմ կարողանում:
"Իմ շրջապատն ու կյանքը մաքրել եմ սուտ ու ստոր մարդկանցից եւ նրանց համար փակել եմ դեպի ինձ ճանապարհը".Քրիստինե Պեպելյան
-Միշտ նշում ես, որ կատարածդ երգերը քո մասին են: “Սիրելիս” երգն անավարտ սիրո ու բաժանման մասին է, ինչո՞ւ որոշեցիր ներկայանալ այդ երգով:
-Ես միշտ անկեղծ եմ եղել իմ հանդիսատեսի հետ եւ այսօր նույնքան անկեղծ ուզում եմ ասել, որ եթե նախկինում ինձ թվում էր, թե այդ երգերն իմ մասին են պատմում, ապա այսօր ուրախությամբ ուզում եմ նկատել, որ դրանք ինձ համար զուտ ոճային երգեր են: Սիրային երգեր միշտ երգել եմ ու շարունակելու եմ երգել: Բոլորը գիտեն, որ ես սեր երգող Քրիստինե Պեպելյանն եմ: Միշտ էլ լինում են մարդիկ, որոնք անհեթեթ ենթադրություններ են անում` այս կամ այն երգը լսելով, ինձ համար դա ուղղակի անընդունելի է: Ես երգչուհի եմ, իսկ լիրիկական երգերը կազմում են իմ աշխատանքի մի մասը եւ երգած ամեն խոսք չէ, որ պետք է կապել ինձ հետ ու սուրճի սեղանի շուրջ բամբասանքի թեմա դարձնել: Ինչ վերաբերում է “Սիրելիս” երգին, այն հատուկ ինձ համար չի գրվել, հետեւաբար չի կարող կապ ունենալ իմ կյանքի հետ: Ինձնից առաջ այդ երգը երգել են այլ կատարողներ, որոշեցի ես եւս այն ընդգրկել իմ երգացանկում` ավելի երկար կյանք տալու համար: Եթե կլինեն մարդիկ, որոնք, այս երգը լսելով, կշտապեն ինձ հետ կապված ինչ-որ ենթադրություններ անել, ապա պատասխանս հետեւյալն է` ծիծաղելի է: Ես շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ ոճին, առաջիկայում սիրային նոր երգեր եմ ներկայացնելու:
"Շուտով հնարավորություն կունենամ իմ ունկնդիրներին ներկայանալ նոր ու գեղեցիկ աշխատանքներով".Քրիստինե Պեպելյան
-Մի առիթով ասել էիր, որ քեզ հոգեհարազատ են մեղեդային ու ռոմանտիկ երգերը, բայց երգացանկումդ նաեւ 6/8 ռիթմի երգերի պակաս չկա: Գումար վաստակելու համա՞ր են դրանք:
- Կատարողի երգացանկում ռիթմիկ երգեր եւս պետք են: Համերգների ժամանակ դրանց կարիքը կա` ավելի ուրախ ու թեթեւ ժամանակ անցակցնելու համար: Իհարկե, իմ երգացանկում գերիշխում են լիրիկական երգերը, ես ավելի ռոմանտիկ երգերի սիրահար ու կատարող եմ, բայց պարային երգեր եւս շատ եմ սիրում:
-Կարծես թե, այժմ չես երգում ռեստորաններում` մասնավոր միջոցառումների ժամանակ, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ես նախկինում էլ երբեք չեմ աշխատել ռեստորաններում ու ակումբներում, իսկ կորպորատիվ միջոցառումներին միշտ էլ հազվադեպ եմ ներկա եղել:
Քրիստինե Պեպելյանը ապրիլի 22-ին նշելու է իր ծննդյան տարեդարձը
-Օրերս կայացավ “Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012”-ը, սակայն ներկա չգտնվեցիր ո՛չ դահլիճում, ո՛չ մրցանակ հանձնողների շարքում, ո՛չ էլ ներկայացար որեւէ երգով. ի՞նչն էր պատճառը:
-Ինձ հրավիրել էին այդ երեկոյին լավագույն երգչի մրցանակը հանձնելու համար, որը պետք է հանձնեի իմ սիրելի կատարողի` Թաթա Սիմոնյանի հետ: Ինձ համար հաճելի է ներկա գտնվել նման միջոցառումներին, սակայն առաջին հերթին որպես երգչուհի: Իմ աշխատանքը երգելն է, ոչ թե մրցանակ հանձնելը կամ պարզապես դահլիճում նստելը: Եթե սա լիներ ոչ թե երաժշտական, այլ մեկ այլ ոլորտի մրցանակաբաշխություն, ես սիրով կներկայանայի միայն մրցանակ հանձնելու համար: Օգտվելով առիթից` ուզում եմ ասել, որ շատ սիրում եմ Սոնային եւ Էրիկին, սրտանց շնորհավորում եմ նրանց լավագույնի տիտղոսին արժանանալու համար, ինչու չէ, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին: Շատ կուզեի, որ տարվա լավագույն համերգ ճանաչվեր նախորդ տարվա մայիսին Հանրապետության հրապարակում կայացած Արման Հովհաննիսյանի մենահամերգը: Կարծում եմ` հրաշալի աշխատանք էր եւ մեծ նվեր ներկաներիս համար: Շատ զգացված եմ ինձ այդ միջոցառմանը հրավիրելու համար: Հուսամ, որ ներկաները հրաշալի ժամանակ են անցկացրել:
-Նախորդ հանդիպման ժամանակ պատմել էիր նոր բիզնես-նախագծի մասին, որն ուզում էիր անվանել “Պեպելա”: Արդյո՞ք այն ընթացքի մեջ է:
- Այո, այն ուժի մեջ է, սակայն կարծում եմ` դեռ փակագծերը բացելու ժամանակը չէ: Իսկ երբ գա ժամանակը, խոստանում եմ անպայման կիսվել ձեզ հետ: Ուրախ եմ, որ ուշադիր եք իմ նկատմամբ եւ հիշում եք իմ բոլոր երազանքների մասին:):
"Տասը տարի առաջվա եւ ներկայիս Քրիստինե Պեպելյանները շատ տարբեր են իրարից".Քրիստինե Պեպելյան
-Ապրիլի 22-ին ծննդյանդ տարեդարձն է, ինչպե՞ս ես պատրաստվում նշել այս տարի:
-Ընդհանրապես իմ ծննդյան օրերը մեծ միջոցառման չեմ վերածել, ինքս մեծ միջոցառումների սիրահար չեմ: Կարծում եմ` ծնունդս կանցկացնեմ ինձ համար բացառապես ամենամտերիմ մարդկանց հետ: Երեւի թե մի քանի հոգով երեկոյան որեւէ տեղ պարզապես կնշենք: Միակ բանը, որ ակնկալում եմ, լավ տրամադրությունն է:
-Երաժշտական ամենաթարմ նորություններիցդ էլ կպատմե՞ս:
-Հիմա շատ հագեցած շրջան է ինձ համար, ունեմ նոր երգեր, արդեն նկարահանել եմ նոր տեսահոլովակ շատ գեղեցիկ մի երգի հիման վրա, որը կոչվում է “Շնորհակալ եմ”: Անհամբերությամբ եմ սպասում այս տեսահոլովակին, հուսով եմ` շատ կսիրվի: Առաջիկայում կան նաեւ հյուրախաղեր Ռուսաստանի Դաշնության քաղաքներում:
Զրուցեց Լիանա Մեյթարջյանը /Bravo.am/
Լուսանկարները` Առնոս Մարտիրոսյանի ու Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: