×


Քրիստինե Պեպելյանի համերգը, \"կարմիր դիպլոմը\" եւ անակնկալը Թաթա Սիմոնյանի հետ

Քրիստինե Պեպելյանը սեպտեմբերի 28-ին շատ երկար էր սպասել ու ժամերը հաշվել. նա Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճի բեմից պետք է երգեր ու իր ասելիքը փոխանցեր երկրպագուներին: Երգչուհին մեծ էկրանից թարթեց աչքերն, ու “Դե, ասա” երգով սկսվեց նրա երեւանյան երկրորդ մենահամերգը. “Բարի երեկո,  տեսնում եմ դահլիճում նստած լավ մարդկանց: Այսօր իմ օրն է, շնորհակալ եմ, որ ինձ մենակ չեք թողել: Երգելու եմ հին ու ծանոթ երգեր, որոնք միգուցե ձեր հուշերի հետ էլ կապ ունեն”:

“Շնորհակալ եմ ինձ սիրելու, ներելու համար, շատ առիթներ ունեմ շնորհակալ լինելու”. Քրիստինե Պեպելյան


Երգչուհին, կատարելով Արամ Ավագյանի երաժշտությամբ “Չեմ թողնի”, “Երկրորդ անգամ” երգերը, հնչեցրեց առաջին պրեմիերան. “Պոզիտիվ նոր երգն իմ հոգեվիճակին համապատասխան է. ուզում եմ բարձրաձայն գոռալ` ես երջանիկ եմ, հենց այդպես էլ կոչվում է` “Երջանիկ եմ””:

Նա բեմից շեշտեց, որ հավատում է իր երգածին եւ հավատալով երգեց, որ “Պատահական չի լինում ոչ մի բան”: Քրիստինեն յուրաքանչյուր երգից առաջ ներկայացնում էր հաջորդ կատարումը. պատմեց` ինչու է համերգային ծրագրում ընդգրկել “Կգնամ” երգը. “16 տարեկան հրաշալի մի աղջկա խոստացել էի առաջին հրավիրատոմսը տալ, բայց այնպես ստացվեց, որ չուղարկեցի: Ցավոք, հոր մահվան լուրն իմանալուց հետո նա բարձրացավ երկինք… Հիշում ենք քեզ, ցավում, որ մեզ հետ չես Դիանա Սիրունյան, քեզ համար եմ երգում…”:

Քրիստինե Պեպելյանի երեւանյան երկրորդ մենահամերգին


Առաջին զուգերգը ներկայացնելիս երգչուհին վստահ էր, որ երբ սկսի երգել, կհասկանան ու կծափահարեն. Մարտին Մկրտչյանի հետ կատարեց “Վերջ” երգը:
Իր առաջին տեսահոլովակի երգն էլ` “Հրաժեշտ”-ը, ոչ միայն երգեց, այլեւ նվագեց. “Այս երգից հետո դուք հիշեցիք իմ անունը: Ես կնվագեմ, բայց դուք շատ խիստ մի՛ դատեք, հատկապես հանձնաժողովը:)”:

Համերգի անակնկալներից մեկն էլ "կարմիր դիպլոմի" հանձնման պաշտոնական արարողությունն էր:): “Այսօրվա համերգը քննական է. ես ավարտում եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Անակնկալներին շատ երկար չեն սպասում”. երգչուհին բեմ հրավիրեց կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանին, որը հանձնեց հավաստագիրն ու շնորհավորեց իր ուսանողուհուն:

Հայկոն եւ Քրիստինե Պեպելյանը


“Չեմ կարող ասել, որ շատ չեմ բացակայել, բայց ունեցել եմ պրոֆեսիոնալ դասախոսներ, որոնք ներել են բացակայություններս, կողքիս են եղել, սովորեցրել են ինձ”,- ասաց Քրիստինեն, “Չէ, չէ, չէ” երգից հետո էլ կատակով ավելացրեց, որ հույս ունի` նման երգ կատարելու համար դիպլոմն իր ձեռքից չեն վերցնի:):

Իսկ “Երանի” երգից առաջ նշեց, որ իր ապրած կարճ կյանքի ընթացքում շատ բաներ է հասկացել. “Հասկացա ճիշտն ու սխալը, հասկացա տարանջատել կնոջն ու տղամարդուն, հասկացա կյանքի արժեքները: Երանի ինձ, որ այս ամենը հասկացա, ինձ թվում է` դուք էլ եք ուրախ ինձ համար”:

Քրիստինեն Թաթա Սիմոնյանի հետ երգել է “Ջահելների համար”


“Քեզ ասում եմ” երգը կատարելիս երգչուհին վայրկյանների ընթացքում hետնաբեմում զգեստափոխվեց ու արծաթագույն զգեստով եզրափակեց պարային համարը: Արման Հովհաննիսյանի հետ զուգերգն էլ հնչեց, ինչպես նաեւ խոստացած անակնկալը. Քրիստինեն Թաթա Սիմոնյանի հետ երգեց “Ջահելների համար”, որը նոր, դիսկո ոճի կատարում է: “Շնորհավորում եմ, որ սիրում են քեզ: Դրա մասին վկայում են քեզ հետ բեմը կիսած ընկերներդ, ծաղիկները, որ բերել են քեզ, եւ հանդիսատեսի ծափերը”, - պրեմիերայից հետո ասաց Թաթան:

Երգչուհին իր երգացանկի “Օյ, օյ” երգը նվիրեց եռակի չեմպիոն հայ շախմատիստներին: “Հազար փառք նրանց, որ շախմատային լեզվով ապացուցեցին` մեզ հետ կռվել չի լինի: Շատ հաճելի է նստել մեր բնակարաններում, հեռուստացույց նայել եւ հպարտանալ: Պետք է խնդրեմ` ինձ հետ չորս անգամ ասեք` “օյ”, եթե չասեք, գալու եմ նստեմ դահլիճում: Նստելու տեղ չկա՞, լավ, եթե ինձ հետ չերգեք, գնում եմ տուն:)”, - կատակեց երգչուհին:

Գայանե Ասլամազյանը Քրիստինե Պեպելյանի երեւանյան մենահամերգին


Հաջորդ երգի պրեմիերան “Հայ զինվոր”-ն էր, որը կատարելիս մեծ հույս ուներ` այն կսիրվի հատկապես բանակայինների կողմից: Երգիչ Հայկոն եւս բեմում էր, բայց նրանք միասին չերգեցին. “Մի երգ կա, որ շատ եմ սիրում, զանգեցի Հայկոյին, ասացի` “կթողնե՞ս ոչ թե երգեմ, այլ ասեմ երգդ”, ինքն էլ ասաց` “ասա”: Ես շատ ուրախ եմ, որ ձեզ համար պիտի ասեմ` “Ես ապրում եմ, եթե դու կաս”: Ուրախ եմ, որ Հայկոն չի երգում, այլ նվագում է, որ ես երգեմ:)”:

Քրիստինե Պեպելյանը նշեց, որ “Մայրիկ”-ը միլիոներորդ անգամ էլ երգի, չի հոգնի: Նրան ձայնակցում էին “Արեւիկ” խմբի երեխաներն ու հանդիսատեսը. “Շատ եմ սիրում, որ ինձ հետ երգում եք, տեսնում եմ ձեր հուզված դեմքերը, ես էլ եմ հուզվում, շնորհակալ եմ”:

Քրիստինե Պեպելյանն ու Արման Հովհաննիսյանը


Երգչուհին համերգի ընթացքում ամենից շատ հնչեցրեց “Շնորհակալ եմ” արտահայտությունը, նա շնորհակալություն հայտնեց իր երգերի հեղինակներին, երաժիշտներին, բեք-վոկալիսներին, “Interdance” պարային խմբին, համերգի կազմակերպիչ “Tata Production”-ին,  մենահամերգն էլ եզրափակեց իր համար խորհրդանշական երգով. երեկոյի վերջում հնչեց “Շնորհակալ եմ” ստեղծագործությունը. “Շնորհակալ եմ ինձ սիրելու, ներելու համար, շատ առիթներ ունեմ շնորհակալ լինելու: Հիշենք մեր կյանքում թանկ մարդկանց եւ չմոռանանք, որ ոչ ոք եւ երբեք մեզնից չի կարող տանել նրանց: Շնորհակալ եմ…”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW