×


Ալեքսանդր Հարությունյան

Ալեքսանդր Հարությունյան

Մաեստրոյի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգ Սեպտեմբերի 28-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հայ անվանի կոմպոզիտոր եւ դաշնակահար, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, մաեստրո Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյա հոբելյանին նվիրված երկար սպասված համերգը` կազմակերպված Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի եւ “Խաչատրյան Տրիո”-ի կողմից: Aleksander Harutyunyan Համերգ կազմակերպելու գաղափարը ծագել էր “Խաչատրյան Տրիո”-ի անդամների մոտ դեռեւս 2009 թվականին: Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը եւ Կարեն Քոչարյանը նախապես զրուցել ու քննարկել էին նման համերգի մասին գաղափարը մաեստրո Ալեքսանդր Հարությունյանի հետ, իսկ վերջինս իր հերթին տվել էր իր համաձայնությունը: Համերգի նախապատրաստական աշխատանքները տեւել են մեկ տարուց ավել: “Մենք փորձում էինք “վերապրել” այս ստեղծագործությունները, եւ շատ հաճելի է, որ այս համերգը սովորական չէր”,- ասաց “Խաչատրյան Տրիո”-ի ջութակահար Կարեն Շահգալդյանը: Karen Shahgaldyan Համերգին մասնակցեց “Խաչատրյան Տրիո”-ն հետեւյալ կազմով` դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան, ինչպես նաեւ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, կլառնետահար Վյաչեսլավ Մանուչարյանը, ալտահար Լիլիթ Մխիթարյանը, հարվածային գործիքներ նվագող Ստանիսլավ Բախշյանը եւ Արմենակ Գրիգորյանը, դաշնակահարներ Մարինա Վարդանյանը, Մարգարիտա Սարգսյանը եւ Սոնա Բարսեղյանը, տենորներ Դավիթ Եսայանը եւ Արմեն Զաքյանը, բարիտոն Գոռ Զալնազարյանը, բաս Արշակ Կուզիկյանը: Ի դեպ, համերգի բոլոր մասնակիցները ընտրվել են “Խաչատրյան Տրիո”-ի կողմից, թեկնածու մասնակիցները քննարկվել են մաեստրոյի հետ: Ոմանց հետ նրանք նույնիսկ ծանոթացել են համերգի նախապատրաստական աշխատանքների ընթացքում, բայց “Խաչատրյան Տրիո”-ի անդամները վստահեցրին, որ համոզված են եղել համերգի յուրաքանչյուր մասնակցի ուժերի վրա: Կայացավ մաեստրո Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգը Համերգի ընթացքում հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի կողմից տարբեր տարիներին գրված կամերային գործերը` սյուիթ դաշնամուրի եւ ջութակի համար, սոնատա ալտի եւ դաշնամուրի համար, “Պոեմ”, “Վեց տրամադրություն”, “Հայկական ռապսոդիա”, “Տոնական”, “Գարուն” եւ “Երգ Սեւանի մասին” ստեղծագործությունները: “Ինձ համար Ալեքսանդր Հարությունյանն իր գործի մեջ պրոֆեսիոնալիզմի իսկական օրինակ է: Ցավոք, մաեստրոն ոչ մի ստեղծագործություն չի գրել, որը կհամապատասխանի կոնկրետ հենց մեր` “Խաչատրյան Տրիո”-ի կազմին (դաշնամուր, ջութակ, թավջութակ), դա է պատճառը, որ իր ստեղծագործությունները ներառված չեն մեր նվագացանկում, սակայն հուսով եմ, որ կներառենք ստեղծագործություններ` նախատեսված առանձին գործիքների համար”,- պատմում է “Խաչատրյան Տրիո”-ի  ջութակահար Կարեն Շահգալդյանը: Sona Barseghyan & Armine Grigoryan Դրական տրամադրությունը իշխում էր թե բեմում, թե համերգասրահում, որտեղ ազատ նստատեղեր չկային, զբաղեցված էին նույնիսկ կամերային տան երկրորդ հարկի աստիճանները :): Համերգին ներկա էին կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանը եւ Մարտին Վարդազարյանը, երաժշտագետ Իրինա Տիգրանյանը, ռեժիսոր Էլվիրա Հեքեքյանը: Իսկ համերգի վերջում հավաքված երաժշտասերները հոտնկայս ծափահարեցին եւ ողջունեցին մաեստրո Ալեքսանդր Հարությունյանին: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին