×


Անկախության տարեդարձը՝ բացառիկ զորահանդեսով եւ տոնական հրավառությամբ

«Սովորելու եմ հրացանով կրակել, բայց չէ, արդեն կրակել գիտեմ… Ուզում եմ տանկ էլ քշեմ, հա, մեկ էլ էն ուղղաթիռից, որ նոր թռավ… Բա գիտե՞ս` զինվոր-աղջիկներ տեսա» ,- BRAVO.am-ին ոգեւորությամբ ասել է դեմքը եռագույն ներկած փոքրիկ Արմենը, ով հայրիկին` Սամվել Փափազյանին, երեկ առավոտյան ժամը 8:00-ին արթնացրել էր, որ զորահանդեսից չուշանան. «Այսօր Հայաստանը ուրախանում է, որովհետեւ կռվել ու հաղթել են զինվորները, հոպարս էլ է կռվել»:

Անկախության 20-րդ տարեդարձի զորահանդեսին


 ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում` ազգային հպարտության զգացում առաջացնելով ներկա հայերի սրտերում: Այն բացառիկ էր ներկայացված ռազմական տեխնիկայով, զինծառայողների քանակով ու պատրաստվածությամբ:

«Քսան տարի առաջ այս օրն անկախության հանրաքվեի բազմաթիվ մասնակիցներ իրենց քվեաթերթիկը քվեատուփի մեջ էին գցում երեխաների` իրենց զավակների ու թոռների ձեռքով: Այդ երեխաները, որ այսօր արդեն հասուն մարդիկ են, պետք է ժառանգեին երկիր ու ապրեին ազատ ու անկախ Հայաստանում: Մեր ժողովրդի ընտրությունը խորապես գիտակցված էր», - զորահանդեսի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հայությանը շնորհավորելով Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ:

Անկախության 20-րդ տարեդարձի զորահանդեսին


Երեւանում հայերը տոնեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը` մասնակցելով  բազմաթիվ միջոցառումների, որոնք տեղի են ունեցել նաեւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների շրջանակում: Տոնական օրը բազմաժանր`ջազ, ռոք, դասական, էստրադային երաժշտություն է հնչել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, տեղի են ունեցել նկարների, գորգերի, քանդակների ցուցահանդեսներ, նորաձեւության ցուցադրություններ, պարային խմբերն ազգագրական պարեր են ներկայացրել, Կարապի լճի շրջակայքում էին Վինտսերֆինգի սիրահարները, Հյուսիսային պողոտայում` ավանդական կոխի ցուցադրություն դիտել ցանկացողները: Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական  շքեղ համերգը եւս այլեւս իրականություն է: «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումն ուղեկցվել է  շատրվանների գեղեցիկ ցուցադրությամբ, որոնք ծառայում էին նաեւ որպես ջրային էկրաններ:


Հրապարակը եզերող շենքերը միջոցառման ընթացքում պարբերաբար վերածվել են էկրանների, եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հնչեցրած դասական երաժշտության հնչյունների ներքո ցուցադրվել են դրվագներ հայ ժողովրդի եւ անկախ պետականության 20 տարվա պատմությունից, պատմական մի շարք անցքեր էլ հանդիսատեսին ներկայացվել են եռաչափ գրաֆիկայի միջոցով: Ռոբերտ Ամիրխանյանի` Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գրված «Ծնրադիր երդվում եմ քեզ» երգը եզրափակել է տոնական համերգը, եւ, իհարկե, տեղի է ունեցել գեղեցիկ հրավառություն: Հայաստա՛ն, կենացդ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW