«Ամեն անգամ Հայաստան գալն ինձ համար մեծ տոն է: )» Օրերս համերգային ծրագրի շրջանակներում Երեւանում էր գտնվում ամերիկաբնակ երգիչ Արա Մարտիրոսյանը: Jose համալիրի հրավերով Արան եւ նրա ընկերը` Կապոն, համերգ ունեցան այնտեղ: Երկու մասից բաղկացած համերգի առաջին հատվածում հնչեցին Արայի այն երգերը, որոնք արդեն ծանոթ էին ունկնդրին` «Կարեւոր մի խոսք», «Վառել եմ մոմերը» եւ այլն, իսկ երկրորդ մասում նոր երգերն էին. «Կարելի է ասել, որ դրանց մեծ մասը առաջին անգամ հնչեցին համերգի ժամանակ, օրինակ, «Դու», «Նա ով ա», «Մաման», նաեւ իսպաներեն լեզվով «Baila» երգը, որի հեղինակը Կապոն է»: Երգերի շատ լինելու պատճառով խոսելու ժամանակ չկար. հանդիսատեսի հետ շփումն այնքան էլ շատ չէր. «Բայց հնչեցին կարծիքներ, թե ինչպես են նրանք ինձ տեսնում որպես արտիստ, ինչո՞ւ հաճախ չեմ լինում տանը` Երեւանում, ինչքանո՞վ է սիրվել իմ նոր ոճը կամ ինչքանո՞վ չի սիրվել, այս կարգի էլի մի քանի հարց ու կարծիք»,- իսկ համերգից հետո իր տպավորությունների մասին երգիչն ասաց. «Հստակ կասեմ` համերգից հետո տպավորություններս շատ լավն էին (դե, ինչպես միշտ), դրական շատ լիցքեր ստացա, պարզապես դահլիճում տեղերի սահմանափակ լինելու պատճառով չկարողացա բավարարել բոլոր երկրպագուներիս իմ հին ու նոր երգերով»: Վերջին անգամ Արան Երեւանում եւ երեւանյան բեմում եղել էր 2008-ին` Վարդուհի Վարդանյանին նվիրված երեկոյի ժամանակ, ասում է, որ նախորդ բեմելն ու այս մեկը տարբերվում էին նրանով, որ թե իր, թե ունկնդրի կողմից կարոտ կար միմյանց նկատմամբ: Արան ծրագրեր ունի 2011-ին Երեւանում մենահամերգով հանդես գալ «Պլաններում կա 2011-ին երեւանյան մեծ մենահամերգ ունենալ, բայց կոնկրետ երբ եւ որտեղ, դեռ որոշված չէ»: Մարտ ամսին էլ մեր զրուցակիցը պատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ ԱՄՆ-ի 12 քաղաքներում, որոնց թվում են Բոստոնը, Չիկագոն, Նյու Յորքը եւ այլն, մարտի 8-ին լույս կտեսնի նաեւ նոր ձայնասկավառակը, որի խորագիրը դեռ անհայտ է. «Մինչ Նոր տարի էլ, հուսով եմ, պատրաստ կլինի «Մաման» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը, հաջորդիվ կլինի եւս երկու տեսահոլովակ, որոնցից մեկը կլինի տրիո` ես, Կապոն, իսկ երրորդը թող գաղտնի մնա. այդպես ավելի հետաքրքիր կլինի:)»: «Քաղաքն ավելի երիտասարդացել է իմ աչքերում» Երկու տարի բացակայությունից հետո կրկին Երեւանում գտնվող մեր հայրենակիցն ասում է , որ այստեղ թե լավ, թե վատ փոփոխություններ է տեսնում. «Լավերի թվում` քաղաքն ավելի երիտասարդացել է իմ աչքերում, ավելի ժամանակակից է դարձել, շատ նոր, գեղեցիկ կառույցներ կան, բայց ավելի լավ կլիներ, որ մեր քաղաքի պատմական տեսքի մասին էլ չմոռանայինք, իսկ վատերի թվում` մեքենա վարել պարզապես չի լինում, բայց դա շատ փոքր խնդիր է, որ իրավունք ունենանք անվանել վատ փոփոխություն»: Մեր զրուցակցի համար հայրենիքում լինելը տոն է. «Ամեն անգամ Հայաստան գալն ինձ համար մեծ տոն է. տան ջերմությանը ոչ մի բան, ոչ մի` անգամ շատ զարգացած երկիր, փոխարինել չի կարող...»: «Երգի մեջ երաժշտությունը պակասել է...» Խոսելով հայկական երգարվեստի ներկայիս վիճակից` Արան «սրտի ցավով» նշեց. «Երգի մեջ երաժշտությունը պակասել է, բայց, հասկանալով ժամանակների եւ դարի պահանջը, հասկանում եմ նոր սերնդին: Վերացել է ամենակարեւորը` ձգտումը ինչ-որ նոր բան անելու, մանրամասնում եմ` եթե մի երգիչ (կապ չունի` ով) անում է մի նոր բան, որն աշխատում, սիրվում է, մնացածը փորձում են անել այդ արդեն արվածին շատ նման մի բան` փոփոխելով խոսքն ու երաժշտական գիծը: Չգիտեմ ինչու, նրանք չեն ուզում հասկանալ, որ Կոլումբոս պատմության մեջ եղել է ընդամենը մեկ անգամ, կամ հեծանիվ ստեղծելուց հետո անհնար է ստեղծել նորը, քանզի հեծանիվն արդեն ստեղծված է. նույնն էլ մեր բնագավառում է, եթե մեկի երգածը սիրվել է, դա չի նշանակում, որ երբ մյուսն էլ երգի դա, նույնպես սիրվելու է: Ասեմ ավելին` համոզված եմ, որ յուրաքանչյուր նմանակում չի կարող լինել օրիգինալից լավը, բացառությամբ` Չարլի Չապլինի»: Մեկնելուց առաջ երգիչն իր երկրպագուներին ասում է. «Սիրում եմ ձեզ եւ կարոտում, միշտ ձեր` Արա Մարտիրոսյան...»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: