“Իմ մարմնից դուրս եմ եկել” Երեւանը հասցրել է կարոտել ամենաինքնատիպ երաժիշտներց մեկին` Mr. Avant Garde, այժմ արդեն “Գրեմի” մրցանակակիր Արթո Թունչբոյաջյանին:): Երկար ժամանակ է` Արթոն չի եղել Հայաստանում: Վերջապես երաժշտի երկրպագուները հնարավորություն ստացան վայելել երկար սպասված համերգը: Արթո Թունչբոյաջյանը եւ նրա հիմնադրած “Armenian Navy Band”-ը չորս համերգ կունենան “Mezzo” ակումբում: Համերգներից առաջինը տեղի ունեցավ հուլիսի 15-ին: Արթոն եւ “Armenian Navy Band”-ը նույն օրը` համերգից կես ժամ առաջ են որոշում, թե ինչ պետք է նվագել: Իմպրովիզացիան իրենցից անպակաս է: Ոչ մի գործ երբեք նույն կերպ չի հնչում նրանց համերգներին: “Armenian Navy Band”-ի երաժշտությունը ինքնատիպ բուրմունք ունի` սիրո ու հայրենասիրության, հույսի ու հավատքի, թախիծի ու ջերմության: Համերգի առաջին հատվածում բենդը գործիքային կատարումներ ներկայացրեց, երկրորդ հատվածում արդեն հայտնի հիթեր հնչեցին: Ի դեպ, հանդիսատեսի խնդրանքով սիրելի ''Արարատ''-ը հնչեց երկու անգամ:): Ով գոնե մեկ անգամ ներկա է գտնվել Արթոյի համերգներին, կիմանա, թե ինչ է կատարվում այդ ընթացքում: Արթոն անդադար անմիջական կոնտակտի մեջ է մտնում հանդիսատեսի հետ ու երաժշտության ու երգի միջոցով փորձում յուրաքանչյուր բառ ու հնչյուն հասցնել նրանց սրտերին, այնտեղ, որտեղից որ ծնվում է իսկական երաժշտությունը: Երբ չի հնչում երաժշտություն, Արթոն զրուցում է հանդիսատեսի հետ: Հումորի միջոցով նա լուրջ խնդիրներ է շոշափում, ժպտում, բայց մերթընդմերթ անզոր գտնվում թաքցնել տխրությունը քաղաքական եւ մարդկային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ: “Ես այլեւս մարմին չունեմ: Իմ մարմնից դուրս եմ եկել, ինչքան լավ մարդ կա` մարմինս նրանց եմ նվիրել”,- ասում է Արթոն: Համերգի ընթացքում բեմում հայտնվեց նաեւ Լոս Անջելեսից ժամանած հայտնի բիթ-բոքսեր: Նա իր ներկայացրած ռեփային հատվածներով եւ բիթ-բոքսի միջոցով միեւնույն ժամանակ հինգ հնչյուն արտաբերելով էլ ավելի ջերմացրեց համերգը: “Իմ արվեստը բանալիներ չունի, այն բաց է բոլորի համար: Ես բաց եմ ցանկացած հետաքրքիր համագործակցության համար”,- ասում է Արտոն հայ երաժիշտների հետ համագործակցության վերաբերյալ: Ի դեպ, սա “Armenian Navy Band”-ի առաջին համերգն էր խմբի տրամբոնահար Աշոտ Հարությունյանի մահվանից հետո : Բայց այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Աշոտը իր ընկերների հետ բեմում է: Տղաները անդադար անդրադառնում ու հիշում էին նրան: Համերգը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որքան են երեւանցիները կարոտել Թունչբոյաջանին: Արթոն հայրենիքից բացակայելու հարգելի պատճառներ ուներ: Նախ`2011 թվականի փետրվարին մեր հայրենակիցը արժանացավ երաժշտական աշխարհում ամենաբաղձալի մրցանակներից մեկին` “Գրեմի”-ին:): Այս մրցանակը նա ստացավ “Miho: Journey to the Mountain’’ ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնկացելու համար, որպես նյու-էյջ ոճի լավագույն ալբոմ: Այս ալբոմի հեղինակն է լեգենդար ամերիկյան երաժիշտ, ջազային նյու-էյջ ոճի աշխարհահռչակ սաքսաֆոնահար Փոլ Ուինթերը, ով 6 անգամ “Գրեմի'' մրցանակի է արժանացել: Փոլ Ուինթերը ալբոմի ձայնագրման համար հրավիրել է իր մտերիմ ընկերներին` կազմելով The Paul Winter Consort խումբը: Ձայնասկավառակը ձայնագրվել է Ճապոնիայում: Երաժիշտների խոսքերով, աշխատանքային եւ ձայնագրման ընթացքը բավականին բարդ է եղել: Ձայնագրման աշխատանքները տեղի են ունեցել մի շենքում, որտեղ հնարավոր էր ձայնագրել տարբեր ձայնային էֆֆեկտներ: Ժամանակակից տեխնիկական հնարքները մինիմումի են հասցված: Ձայնագրվում էին երաժիշտների շուրջը հնչող բոլոր բնական ձայները` քամին, աղմուկը: Հայաստանից հեռու գտնվելու եւս մեկ պատճառ էլ կա: 2008 թվականին հիմնադրվել է “HUMAN ELEMENT’’ խումբը: Խմբում Արթոն հանդես է գալիս որպես վոկալիստ, հարվածային գործիքներ նվագող, դուդուկահար: Ստեղնաշարային գործիքների նվագողն է Սքոտ Կինզին, բաս կիթառահարը`Մետյու Գարիսոնը, hարվածային գործիքները՝ Գարի Նովակը : 2011 թվականի մայիսի 17-ին վերջապես թողարկվեց նրանց առաջին ձայնասկավառակը, որը բավականին մեծ իրարանցում է ստեղծել ամերիկացի ջազասեր հանդիսատեսի եւ երաժշտական քննադատների միջավայրում: Մասնավորապես, շատ մեծ հոդված է լույս տեսել “Jazz Reviews'' ամսագրում, որը պարզապես հռչակում է խումբը որպես նոր երաժշտական ուղղության հիմնադիր: Հուլիսի 19-ին Արտոն կրկին հեռանում է Հայաստանից: Մեկ համերգ ունի Լոս Անջելեսում, այնուհետեւ`Հոլանդիայում: Հետո էլ 6 ամսա շրջագայություններ “HUMAN ELEMENT’’ խմբի հետ: Հոկտեմբերին Արթոն մասնակցելու է մի քանի փառատոնների, այնպես որ էլի կկարոտենք Mr. Avant Garde-ին :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: