“Ռիթմ եւ շարժում” դասագրքի շնորհանդեսը կայացավ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, թմբկահար Արմեն Թութունջյանի` Չիկոյի թվով երկրորդ ''Ռիթմ եւ շարժում'' գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 29-ին Նարեկացի արվեստի կենտրոնում:
''Ռիթմ եւ շարժումը'' մասնագիտական առաջին դասագիրքն է թմբկահարների համար. տեսություն, մեթոդաբանություն, ծագումնաբանություն: Դասագիրքը պատրաստվել է երկար տարիների աշխատանքի արդյունքում: Այն հրատարակվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչության կողմից:
Չիկոյի ցանկությունն էր, որ դասագրքի վրա պատկերված լինեն թմբկահարի ձեռքեր, բայց դիզայնի իրականացման պատասխանատու գործը ստանձնեց Վահան Ստեփանյանը: Դասագրքի վրա պատկերված գույնզգույն գծերը խորհրդանշում են մթության մեջ թմբկահարի փայտիկների շարժումը:
Չիկոն դասագիրքը նվիրել է մոր` հայերենի դասախոս Հասմիկ Միրզոյանի հիշատակին: Բացի դրանից գրքի հենց սկզբում երաժիշտը ներկայացրել է շնորհակալական ուղերձ բոլոր այն մարդկանց, ովքեր որեւէ կապ են ունեցել գրքի հետ` բարեկամներ, ուսուցիչներ, ուսանողներ, ընկերներ, ''Chico and Friends'' խմբի անդամներ: Կարեւոր շնորհակալությունը ուղղված է Չիկոյի ուսուցիչներին, ովքեր ֆիզիկապես ներկա չեն եղել երաժշտի կողքին, այլ մագնիտոֆոն կոչվող արկղից ուղղորդել են նրան:) :
Արմեն Թութունջյանը վարում է մասնագիտական դասընթացներ կոնսերվատորիայի ջազային ամբիոնում, եւ այս դասագիրքը իր պատշաճ տեղը կունենա կոնսերվատորիայի գրադարանի դարակում: ''Սա առաջին դասագիրքն է, որը մասնագիտորեն սովորեցնում է բոլոր թմբկահարներին նվագել: Այն այնքան պարզ ու հակիրճ է գրված` հագեցած ամերիկյան ներկայիս տերմինաբանությամբ, որ ցանկացած մարդ, ով կսովորի այս գրքով, կկարողանա օգտագործել հմտությունները ամենուրեք: Չմոռանանք, որ Չիկոն մեծացրել է այն երաժիշտներին, ովքեր այժմ լավագույնն են Հայաստանում: Մենք բաժանելու ենք այս գիրքը դպրոցներում եւ այլ երաժշտական հաստատություններում, որպեսզի լավ մասնագետներ ունենանք'',- դասագրքի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց Երվանդ Երզնկյանը:
Շնորհանդեսի ընթացքում Չիկոն ներկայացրեց թմբուկների պատմությունը, անդրադարձավ երաժշտության ծագումնաբանությանը, պատմեց իր` ԱՄՆ-ում ստացած կրթության եւ ձեռք բերած փորձի մասին: Այնուհետեւ թմբկահարը բեմ հրավիրեց իր ուսանողներից Տաթեւիկ Դադիվանյանին եւ Վահագն Ալեքսանյանին: Նրանք միասին թմբկահարության վարպետության դաս ցուցադրեցին ներկաներին: Իսկ շնորհանդեսի ավարտին բեմ բարձրացան ''Chico and Friends'' խմբի տղաները ու Չիկոյի հետ երեք կատարում ներկայացրին:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
5,523






