Ներկայացնում է “Ես Yes” ամսագիրը
Ի՞նչ են խոսում. հաղորդավարուհի-դերասանուհի Արմենուհի Ավետիսյանն ու «Բլեֆ» հաղորդման կազմակերպիչ Արթուր Սուքիասյանը բալիկի են սպասում:
Իրականում. Արմենուհին մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց այս բարի լուրը: Հիշեցնենք, որ երբ ամուսնության առաջին ամսին զրուցում էինք զույգի հետ, երկուսն էլ միաբերան պնդում էին, որ առաջիկա 2 տարվա ընթացքում չեն պատրաստվում համալրել ընտանիքը, քանի որ Արմենուհին պետք է ավարտի ուսումը: «Ամուսնության սկզբում մտածում էի հետագա գործերիս մասին, բայց հետո հասկացա, որ ուզում եմ զգալ մայրանալու բերկրանքը»,- երջանիկ տոնով ասաց դերասանուհին:
Շատ հայ տղամարդկանց պես Արթուրն էլ ցանկանում է, որ առաջնեկը տղա լինի, այն էլ` զույգ, իսկ Արմենուհին, չնայած դեռ չի ճշտել երեխայի սեռը, սակայն կցանկանար աղջիկ ունենալ: Նա ասաց նաեւ, որ առողջական որեւէ խնդիր չունի եւ իրեն լավ է զգում, շարունակում է բնականոն կյանքով ապրել, հաճախում է դասի, նկարահանումների եւ սիրով ընդունում աշխատանքային նոր առաջարկներ: Փոքրիկը լույս աշխարհ կգա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Արմենուհին վստահ է, որ երեխան չի խոչընդոտի իր աշխատանքին, քանի որ ընկերներն ու բարեկամները պատրաստակամ են խնամել փոքրիկին: Իսկ ինչ վերաբերում է դասերին` հուսով է, որ դասախոսներն ըմբռնումով կմոտենան իր վիճակին, քանի որ մինչ երեխայի լույս աշխարհ գալը Արմենուհին պարտաճանաչ կհաճախի դասերին:
Ի՞նչ են խոսում. Մարիաննա Հովհաննիսյանը նշանվել է:
Իրականում. այս բամբասանքը լսելուն պես Մարիաննան եւ զարմացավ, եւ ծիծաղեց, հետո ավելացրեց, որ այն իրականության հետ ոչ մի կապ չունի: “Ինչո՞ւ եք ուզում ինձ այդքան շուտ ուղարկել”,- մի փոքր տխուր ասաց երգչուհին, այնուհետեւ հայտնեց,- “շատ ծիծաղելի է, իմ կողքին ոչ մեկը չկա, իսկ նշանվելու կամ ամուսնանալու մտադրություն դեռեւս չունեմ”:
Մարիաննան բամբասանքների հնարավոր պատճառը կապում է նրա հետ, որ գործնական շփումների ժամանակ երբեմն հանդիպել է գործընկերներին կամ ընկերներով որեւէ տեղ են գնացել, բայց չմտաբերեց մի դեպք, որ որեւէ տղայի հետ որեւէ ժամանցի վայրում հայտնված լինի, ինչն էլ կարող էր բամբասանքի առիթ դառնալ:
Ինչեւէ, մինչ շատերը հետքրքրվում են երգչուհու անձնական կյանքով, Մարիաննան զբաղված է նոր ձայնասկավառակի պատրաստման աշխատանքներով:
Ի՞նչ են խոսում. երգիչ Միհրան Ծառուկյանը նշանվել է եւ պատրաստվում է ամուսնանալ: Եվ որպես մեզ այդ տեղեկությունը հավաստող փաստ` մեր խմբագրության էլ. հասցեին ուղարկել էին նկարներ, որոնցում Միհրանը իր «հավանական» նշանածի հետ է:
Իրականում. սկզբում կարծեցինք, թե Միհրանի ծանոթ-բարեկամն է բամբասանքի հեղինակը, ով ամենայն մանրամասնությամբ մեզ տեղեկացնում է երգչի անձնական կյանքի նորությունները` անգամ նշելով, թե երբ է լինելու զույգի հարսանեկան արարողությունը: Սակայն Միհրանի հետ զրույցից պարզվեց, որ լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ Միհրանը չի էլ կասկածում, թե ով է «անմեղ կատակի» հեղինակը: «Նման բան չկա, ես ընկերուհի ունեի, բայց այլեւս չենք հանդիպում, բաժանվել ենք: Հավանաբար, ինչ-որ մեկը կատակել է»,- ասաց երգիչն ու ավելացրեց, որ երբեւէ անձնական հարաբերություններն այնքան լուրջ չեն եղել, որպեսզի մտածի ամուսնության մասին:
Միհրանի պրոդյուսերը` Ալեքսանդր Ստեփանյանը, ով նույնպես հերքեց այդ լուրի իսկությունը, հավելեց. «Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, բայց լավ է, որ նման խոսակցություններ կան»: Նրա խոսքերով` նման անլուրջ խոսակցություններ բազմիցս են եղել, որոնց Միհրանը լուրջ չի վերաբերվել, իսկ լուսանկարներում էլ Միհրանի նախկին ընկերուհին է: Ինչ վերաբերում է երգչի ստեղծագործական նորություններին, ապա, պրոդյուսերի խոսքերով, Միհրանը մոտ ապագայում պատրաստվում է նոր երգեր ձայնագրել եւ տեսահոլովակներ նկարահանել:
Ի՞նչ են խոսում. Խորեն Լեւոնյանի կինը հայտնի դերասան Գուժ Մանուկյանի դուստրն է:
Իրականում. երբ լուրը ճշտելու համար խոսեցինք Խորեն Լեւոնյանի հետ, վերջինս հանկարծակիի եկավ մեր հարցից եւ ասաց. «Չէ, նման բան գոյություն չունի: Կինս արտիստի աղջիկ է, բայց դերասանի հետ որեւէ կապ չունենք: Մերին բալետի արտիստ Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն է»:
Օգտվելով առիթից` դերասանից փորձեցինք հետաքրքրվել նաեւ ապագա երեխայի մասին, ում սպասում են Խորենն ու Մերին: Մեր ունեցած տեղեկություններով` դերասանի առաջնեկը տղա է լինելու: Երբ սա էլ ցանկացանք ճշտել, Խորենը նախ կատակեց` «Անունն էլ Գուժ ենք դնելու», այնուհետեւ շարունակեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել ու երեխայի հետ կապված մանրամասներ հայտնել: «Հազար աչք կա, ավելի լավ է այդ մասին չխոսենք»,- պնդեց դերասանը:
Ինչ են խոսում. «Արմենիա» հեռուստատեսության «Վերադարձ» սերիալում Նինային մարմնավորող Սոֆա Պողոսյանն ամուսնացել է:
Իրականում. լուրը համապատասխանում է իրականությանը: Այս ամռանը Առինջում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում Աստծո օրհնությունը ստացան մասնագիտությամբ հոգեբան, նաեւ մանեքենուհու եւ դերասանուհու կարիերայով զբաղվող Սոֆա Պողոսյանն ու մասնագիտությամբ տնտեսագետ Նարեկ Գեւորգյանը, ով աշխատում է HSBC բանկում: Սոֆան ամուսնու հետ ծանոթացել է մտերիմ ընկերուհու միջոցով` դեռ համալսարանում ուսանելու տարիներին: 4 տարի մտերմությունից հետո էլ որոշեցին ամուսնանալ:
Հարսանեկան արարողությանը ներկա 200-ից ավելի հյուրերի թվում միայն մտերիմ ընկերներն ու հարազատներն էին: Սոֆայի համար անակնկալ նվեր էր ամուսնու գրած երգը, որը նա կատարեց հատուկ իր համար: Սոֆան մեզ փոխանցեց, որ դեռ չի մտածում ընտանիքի համալրման մասին, իսկ այժմ էլ մեծ սիրով է համատեղում աշխատանքն ու ամուսնական կյանքը, քանի որ ամուսինն էլ ամեն հարցում քաջալերում եւ աջակցում է իրեն:
Գիտեր ու բոլորին իմաց տվեց Սեդա Պողոսյանը
Նյութը` “Ես Yes” ամսագրի
Լուսանկարները` “Ես Yes” ամսագրի եւ Bravo.am–ի


×
45,747






