Երգիչները կարծում են` աննպատակ չեն երգում:) «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի կազմակերպիչները «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» եւ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունն էին, որոնք համատեղ նախաձեռնել էին համերգի տոմսերի վաճառքից ստացված գումարով օգնել սոցիալական խնդիրներ ունեցող անապահով ընտանիքներին ու մի քանի մանկատներին: Համերգը վարող Գեւորգ Եղիազարյանը եւ Նանե Արզումանյանը ներկայացրին անցնող տարվա ընթացքում երկու կազմակերպությունների կատարած բարեգործական աշխատանքները ու շնորհակալություն հայտնեցին հանդիսատեսին տոմսեր գնելու ու ներկա լինելու համար:). «Բարի գործ կարող են անել բոլորը, բայց մի՞թե բոլորն են բարի գործեր անում իրենց շրջապատի համար: Սրտացավ լինենք ինքներս մեր հանդեպ, բարի ժպիտի տակ ավելի մեծ ուժ կա, քան ատելության»,- ասաց Գեւորգ Եղիազարյանը, նշելով, որ գումարն իր նպատակին է ծառայելու: Բարեգործական համերգը սկսվեց «Հայկ» պարային խմբի ազգագրական պարով, ելույթ ունեցան Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Անաիսան, Միհրան Ծառուկյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլուն, Աիդա Սարգսյանը, հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանը, Դավիթ Թուջարյանը եւ ուրիշներ: Սիլվա Հակոբյանը նշեց, որ դեկտեմբերի 21-ին ու 23-ին մենահամերգներով Ռուսաստան է մեկնելու, մինչ այդ զբաղված է ամանորյա նկարահանումներով ու համերգներով: Այս համերգին երգեց «Ամպել ա» ու «Թիթիզ ես» երգերը. «Հանդիսատեսը շատ աշխույժ էր, բոլորին լավ դիմավորում ու ոգեշնչում էր: Հաճախ են հրավիրում բարեգործական համերգների ու միջոցառումների, ինձ համար տարբերություն չկա, ես երգում եմ, կարեւորը ժողովրդին հաճույք պատճառելն է::) Ինձ թվում է` բոլորն էլ պետք է մասնակցեն նման համերգներին: Անկեղծ ասած, հետո չեմ հետեւում` ինչի վրա են ծախսվում գումարները, ամեն մարդու խղճի վրա է թողնված: Հաջորդ տարվա ընթացքում բազմաթիվ համերգներ ունեմ Հայաստանից դուրս, երեւի այստեղ շատ քիչ կլինեմ»: Թեեւ Լիլուն վատառողջ էր, բայց խոստացել էր ներկա լինել ու երգել. «Եթե բարեգործության համերգ է, ոչ մի խոչընդոտ չի կարող լինել::) Պարբերաբար լինում եմ տարբեր բարեգործական համերգների, շատ լավ եմ ինձ զգում, որ մի փոքր աջակցությունը կարող է օգտակար լինել երեխաներին: Բարի ու լավ գործ անելը ստիպողաբար չէ, մարդու կամքն ու ցանկությունն է, փորձում եմ ինքս ինչքան հնարավոր է բարի գործեր անել»: Միհրան Ծառուկյանը կատարեց իր նոր երգերը` «Ասա, թե ուր ես» եւ «Ու՞ր ես, ջանս». «Միանշանակ պետք է մասնակցել բարեգործական համերգների, որովհետեւ ինչ-որ նպատակի համար է արվում, օգնում են մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Թող շատանան լավ գործ անողները, ես պատրաստ եմ մասնակցել: Ի վերջո, աննպատակ չեն կազմակերպում», - ասաց նա: «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության լրատվական բաժնի պատասխանատու Նանե Արզումանյանը բացի համերգը վարելուց, երգիչներին ետնաբեմում հանձնում էր շնորհակալագրեր իրենց մասնակցության համար. «Մասնակցում են այն երգիչները, որոնք սիրված են համալսարանականների, մանկատան երեխաների կողմից, հանդիսատեսի շարքերում նաեւ նրանք են նստած: Քո կարիքն ունեցող մարդկանց աջակցել ու ապրումակից լինել նրանց, շատ կարեւոր է: Մեր կազմակերպությունն այս տարվա ընթացքում շուրջ 200 ընտանիքների դրամական օգնություն է տվել, հաճախ իրենք են դիմում մեզ, ոչ մի խնդրանք անարձագանք չի մնում: Եթե մարդիկ կան, ովքեր ուզում են դիմել մեզ, կարող են զանգահարել 010 57 82 20 հեռախոսահամարով»: Ինչպես նշեց լրատվական բաժնի պատասխանատուն, համերգի կազմակերպիչները միասին կհամակարգեն ստացված գումարը եւ կհատկացնեն այն դրա կարիքն ունեցող ընտանիքներին ու մանկատներին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: