Մհերը, Լիդուշիկն ու մյուսները սահում են:)
Թեեւ ձմեռն այս տարի Երեւան եկավ ժամկետից շուտ, Կարապի լճի սահադաշտի նոր տարեշրջանը մեկնարկեց հենց ձմռան առաջին օրը` դեկտեմբերի 1-ին:):
Արդեն 7-րդ տարին գեղասահքի սիրահարների առջեւ իր դռները բացող Կարապի լճի սահադաշտում երեկ գեղասահորդների եւ հոկեիստների ցուցադրական ելույթներ են եղել: Սառույցի վրա սահել են հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները` Շրեքը, Զեբրան, Դոնալդ Դաքը, Վինի Փուհը, Վագրիկը, Մինի եւ Միկի Մաուսները: Բեմականացման հերոսները զբոսնել են նաեւ սահադաշտից դուրս եւ ողջունել երեխաներին:
Բացօթյա սահադաշտի բացման պաշտոնական արարողության մասնակիցների համար ելույթ են ունեցել հայկական էստրադայի ներկայացուցիչներ Մհերն ու Լիդուշիկը: Նրանք հավաքվածների համար երգել են իրենց հայտնի հիթերից ու ողջունել գեղասահորդներին:
Ելույթից հետո Մհերը BRAVO.am-ին ասել է` առաջին անգամ չէ, որ մասնակցում է սահադաշտի բացման առիթով կազմակերպված միջոցառմանը. “Սա ինձ համար կարծես ավանդույթ է դարձել: Բացի այդ, շատ եմ սիրում սահել եւ բավական լավ: Երբ Ռուսաստանում էի, սիրողական մակարդակով զբաղվում էի գեղասահքով: Այսօր եւս չմուշկներով բեմ դուրս կգայի, սակայն հոգնած եմ:)’’:
Ի դեպ, Մհերը չի բացառել, որ հնարավոր է` իր երգերից մեկի հիման վրա նկարահանված տեսահոլովակում չմուշկների վրա կանգնի ու սահի:):
Սահադաշտի բացման պաշտոնական արարողության ավարտին հոկեիստները բարձրացրել են Հայաստանի դրոշն ու գեղեցիկ շոու ներկայացրել հրավառության ներքո: Իսկ DJ Rain-ն ու DJ Dale-ը շարունակել են իրենց սեթերը հնչեցնել նաեւ շոուի ավարտից հետո. սառույցի վրա երաժշտության ներքո սահել ցանկացողները շատ էին:):
Սահադաշտը, ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից, բաց է բոլոր ցանկացողների համար ամեն օր առավոտյան ժամը 11:00-ից մինչեւ 16:00-ն եւ 18:00-ից մինչեւ 23:00-ն:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: