×


Բըրնսի ընթրիք

Բըրնսի ընթրիք

“Հագիսը” Շոտլանդիայից Երեւան է բերվել:) Շոտլանդական պարկապզուկի երաժշտության ներքո հունվարի 20-ին “հագիսը” հանդիսավոր կերպով հանձնվեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Ռոբերտ Բըրնսի սիրելի ուտեստը մատուցվելու է հունվարի 22-ին կայանալիք` շոտլանդացի անվանի բանաստեղծին նվիրված բարեգործական ընթրիք-երեկոյին: Charlz Londsayl & Astrid Clissford Շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունեցող Բըրնսի ընթրիքը ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Չարլզ Լոնսդեյլն իր խոսքում շեշտեց` երեկոն կազմակերպվում է ոչ միայն ներկաների ուրախ ժամանցի համար, այլեւ բարեգործական նպատակով: Հանդիսավոր միջոցառման ժամանակ շոտլանդական վիսկի եւ հայկական կոնյակ էր մատուցվում: Պարկապզուկահարի հետ երաժշտական կատարմամբ հանդես եկավ “բամբիռներից” Նարեկը: Կիթառահարը երգեր ներկայացրեց ռոք-խմբի` վերջերս լույս տեսած “Armenian Scotch” ձայնասկավառակից: Ալբոմում զետեղված 18 տրեկի հիմքում Ռոբերտ Բըրնսի եւ Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններն են: Parkapzuk Նարեկը Bravo.am-ին ասաց` շոտլանդականի հետ իրեն կապողը հենց Ռոբերտ Բըրնսն է, “հագիսն” էլ համտեսել է. “Հետաքրքիր է:)”: Ի դեպ, “հագիսը” ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում այն պատրաստող խոհարարի եւ շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ: Ջոն Դեւիդսոնը “հագիս” է պատրաստում արդեն 30 տարի:): “Չորս ժամ տեւող գործընթաց է: Պատրաստվում է կովի թոքերից եւ սրտից, որոնք մենք աղում ենք, համեմում, ավելացնում գարի եւ մտցնում կովի աղիքի մեջ, փաթաթում թելերով, այնուհետեւ ջրի մեջ մոտ մեկ ժամ եռացնում”,- ասաց խոհարարն ու հավելեց. “Բըրնսը հարուստ ընտանիքից չէր, իսկ սա աղքատ մարդկանց ուտեստ է”: John Davidson “Բըրնսի ընթրիք” բարեգործական երեկոյի կազմակերպիչներն են Հայ-բրիտանական գործարարության պալատը եւ Հայաստանում ՄԵծ  Բրիտանիայի դեսպանատունը: Նախորդ տարիներին հանգանակված գումարներով մարզային ծննդատների համար ժամանակակից սարքավորում է ձեռք բերվել, վերականգնվել է երկու նորածինների տեսողությունը, աջակցություն է տրամադրվել “Հայ Ձմեռ պապ” բարեգործական հիմնադրամին, “Զատիկ” մանկատանն էլ ստեղծվել է Ռոբերտ Բըրնսի անվան երիտասարդական կրթական կենտրոն: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին