×


Վիկ Դարչինյան

Վիկ Դարչինյան

“Ռինգում ուժից բացի,  խելք էլ է պետք :)” Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգի IBO վարկածով աշխարհի չեմպիոն, “Կատաղի ցուլ” մականունով բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հայրենիքում է :), Ծաղկաձորում մարզվում ու պատրաստվում է սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մարտին, որտեղ պետք է կռվի հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի հետ: 35 տարեկան Վիկը պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 40 մենամարտ եւ տոնել 37  հաղթանակ: Հայրենիքում առաջին անգամ է մենամարտելու, ինչպես միշտ մարտական է տրամադրված, ասում է, որ ռինգում ուժից բացի խելք էլ է հարկավոր. թույլ չի տա դեմքին անջնջելի հետքեր հայտնվեն, խելքով կկռվի ու հաղթանակը կգրանցի իր օգտին: BRAVO.am-ը կայանալիք մարտի ու հետագա անելիքների մասին օրերս զրուցել է բռնցքամարտիկի հետ: Vik Darchinyan Հաղթանակը կնվիրի Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին Երեւանում մեծ մարտ է լինելու` “Հայաստանն ընդդեմ աշխարհի” պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ժամանակ ռինգ են դուրս գալու Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը, Հովհաննես Ժամկոչյանը: Կլինի նաեւ կանանց մենամարտ` Ագնես Բաժանի մասնակցությամբ, իսկ մրցակիցների անունները կհրապարկվեն վերջնական պայմանավորվածությունից հետո: Մարտի թերեւս ամենասպասված պահը կլինի Վիկ Դարչինյան VS Էվանս Մբամբան: ): Մեր հայրենակիցը 12 ռաունդանոց մենամարտ կանցկացնի հարավաֆրիկացի 29-ամյա բռնցքամարտիկի հետ, ով մինչ օրս ունեցած 19 մենամարտում միայն մեկ պարտություն է կրել: Ի դեպ, այդ բռնցքամարտիկը, ինչպես եւ Վիկը, ձախլիկ է: “Մբամբային չեմ թերագնահատում, ես հաղթել եմ նրա այն մրցակցին, ով պարտության էր մատնել հարավաֆրիկացուն: Կասեմ, որ իրեն լուրջ եմ վերաբերվում, բայց, միեւնույն է, հաղթանակն իմն է լինելու, մի լավ ծեծելու եմ նրան”,- ասում է IBO վարկածով աշխարհի չեմպիոնն ու հավելում, որ չի ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց իր հաղթանակը նվիրելու է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Vik Darchinyan Կապ չունի` հայրենիքում, թե այլ երկրում է կռվելու Պրոֆեսիոնալ ռիգում 40 մենամարտ անցկացրած բռնցքամարտիկը հայրենիքում առաջին անգամ է ռինգ դուրս գալու, բայց դա նրան չի կաշկանդի` արդեն 10 տարի է` մենամարտում է, ռինգում մոռանում գտնվելու վայրն ու միայն մրցակցին տեսնում: Վիկ Դարչինյանը պատմում է, որ Հայաստանում նման մարտ կազմակերպելն այնքան էլ հեշտ չէ.  մեծ ծախսեր են պահանջվում, միջազգային ֆեդերացիայի հավանությունն ու մարտը լուսաբանող հեռուստաընկերությունների համաձայնությունը: “Կազմակերպման ընթացքում կապվել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի հետ, ստացել նրանց աջակցությունը, այս հարցում ինձ օգնել է նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը. առանց նրանց օգնության հնարավոր չեր լինի կազմակերպել երեկոն: Դրսից շատ մարդիկ են գալու, ամեն ինչ պետք է մարտի պահանջներին համապատասխան լինի, ֆեդերացիան էլ պետք է համոզված լինի, որ ամեն ինչ ապահովված է”,- նշում է  Կատաղի ցուլը: Vik Darchinyan Մարտին կլինեն հատուկ հյուրեր`միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, հայտնի բռնցքամարտիկներ` Նիկոլայ Վալուեւը, Կոստյա Ցզյուն եւ հայազգի Կարո Մուրադը: Վիկ Դարչինյանը  Երեւանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի դպրոց է բացելու Վիկ Դարչինյանը պատրաստվում է Երեւանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի դպրոց բացել, որի հետ կապված աշխատանքներն արդեն տարվում են, այս հարցում եւս Վիկին աջակցել է ՀՀ նախագահը. “Ուզում եմ, որ հայ երիտասարդները զբաղվեն պրոֆեսիոնալ բռնցքամարտով, հետո էլ աշխարհին ցույց տան իրենց ուժը: Նախագահն էլ ինձ օգնել է այս հարցում, ինչի համար եւս շնորհակալ եմ”: “Որդիս հայերեն էլ կխոսի ” Վիկի 4-ամյա որդին` Ռուբենը, հայերեն հասկանում է, բայց հոր հարցերին անգլերենով պատասխանում. “Որդիս անպայման հայերեն է սովորելու, շուտով հայերեն էլ կխոսի: Հիմա գործի բերումով ենք արտերկրում բնակվում, բայց հնարավորության դեպքում հաճախ ենք լինում Հայաստանում: Կապ չունի, որ կինս հայ չէ, նա էլ է սիրում Հայաստանն ու հաճույքով գալիս այստեղ”: Բռնքամարտիկն այժմ ընտանիքի հետ է հայրենիքում: Vik Darchinyan Բռնցքամարտի երեկոյին ընտանիքը ներկա կլինի, բայց որդուն չեն տանի` չի ուզում, որ տեսնի իր մենամարտը: Մարտից  հետո, արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, ընտանիքով պետք է մեկնեն հանգստանալու, բայց դեռ չի որոշել` որտեղ եւ որքան ժամանակով: Ընտանիքի անդամների կազմն էլ անպայման ավելանալու է. “Շատ եմ սիրում երեխաներ, աղջիկ էլ եմ սիրում, ուզում եմ նաեւ աղջիկ ունենալ: Կապ չունի, որ այստեղ չենք ապրում, պետք է մեր ազգի համար շատ երեխաներ ու լավ մարդիկ ծնենք”: Վիկը ռինգ կմտնի Թաթայի երգի ուղեկցությամբ Ինչպես նշվեց, նման մեծության բռնցքամարտի երեկո կազմակերպելու համար անհրաժեշտ է ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ. “Շոու թայմ” հեռուստաընկերության պահանջած պայմաններն ապահովել է “Թաթա Փրոդաքշն”-ը:  Սերգեյ Կարինյանն էլ հատուկ Վիկի համար երգ է գրել, որը կատարում է Թաթա Սիմոնյանը:  Բռնցքամարտիկը ռինգ կբարձրանա այդ երգի ուղեկցությամբ: Ծաղկաձորյան մարզումները կտեւեն մինչեւ օգոստոսի 20-ը, որից հետո թիմը կտեղափոխվի Երեւան: Մարզիկը համոզված է` “Հայաստանն ընդդեմ աշխարհի” պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն հաջողությամբ է պսակվելու: BRAVO.am-ը եւս  հաջողություն է մաղթում հայ բռնցքամարտիկներին::) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW