Ներկակացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը «Էլ չենք լինի մենք 20 տարեկան» Կասի երգիչն ու արցունքի կաթիլներ կհայտնվեն բոլոր նրանց աչքերում, ովքեր վաղուց բոլորել են 20-ամյակը: Իսկ քանի դեռ այդ տարիքում ենք, չենք էլ զգում դրա առավելություններն ու քաղցրությունը: 2000 թ-ից օգոստոսի 12-ին նշվում է մեր` Երիտասարդներիս միջազգային օրը: Ասել է թե` վայելիր տոնդ, որը տարիներ անց այլեւս քոնը չի լինելու: Նառա Երգչուհի Նառան ասաց, որ իր` պատանեկությունից անցումը դեպի երիտասարդություն բավականին արագ է եղել. «Երեւի նրանից էր, որ բացի դպրոցից սովորում էի նաեւ երաժշտական դպրոցում. պատրաստվում էի ընդունվել կոնսերվատորիա: Այնքան զբաղված էի, որ նույնիսկ ավարտական երեկոյիս չեմ կարողացել մասնակցել: Իսկ բուն երիտասարդությանս տարիներին արդեն աշխատում էի Կոստանտին Օրբելյանի նվագախմբում` որպես մեներգչուհի: Համերգներով մեկնում էինք հյուրախաղերի նախկին Սովետական Միության տարբեր քաղաքներ: Շատ հետաքրքիր ժամանակ էինք անցկացնում, չնայած ամիսներով բացակայում էինք տանից: Այդ ժամանակ տղաս փոքր էր` 2-3 տարեկան, եւ հերթական համերգներից մեկի ժամանակ նա հանկարծ բարձրացավ բեմ, ոտքիցս բռնեց ու սկսեց բղավել` մամա, մամա…»: Երգչուհին պատմեց նաեւ, որ ուսանողական տարիներին հաճախ էին քաղաքից դուրս գնում. «Համակուրսեցիներով որոշեցինք Սեւան գնալ: Այն ժամանակ ոչ բոլորը մեքենա ունեին: 9 հոգով նստեցինք “Վազ 2106” մակնիշի ավտոմեքենան եւ, չնայած նեղվածությանը, ամեն ինչ շատ լավ անցավ»: Նառայի կարծիքով, այսօրվա երիտասարդների ժամանցն ավելի հետաքրքիր է, զբաղմունքը` շատ: Ըստ նրա` այսօր մեծերի կողմից երիտասարդների ապրելակերպի մասին ընկալումն է փոխվել, ինչը շատ կարեւոր է: «Կարծում եմ` երիտասարդները` եւ աղջիկները, եւ տղաները, պետք է ուսում ստանան, վայելեն ուսանողական տարիները: Եթե հետագայում նույնիսկ չաշխատեն, ապա կարող են ճիշտ կրթել եւ դաստիարակել իրենց երեխաներին: Իսկ հատկապես աղջիկներին խորհուրդ կտայի վայելել երիտասարդությունը եւ նոր միայն ամուսնանալ. թույլ մի տվեք բռնանալ ձեր «ես»-ին, եւ մի բռնացեք ուրիշի «ես»-ին»,- խորհուրդ տվեց Նառան: Սյուզան Մարգարյան «Իմ երիտասարդությունը ոչ սովորական է անցել: Կարելի է ասել, կողքից հետեւում էի ընկերներիս երիտասարդությանը: 16 տարեկանից արդեն աշխատում էի «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլում: Այդ շրջանում փորձերը, ձայնագրություններն ու համերգները փորձում էի համատեղել դպրոցի դասերի հետ,- պատմեց երգչուհի Սյուզան Մարգարյանը եւ ավելացրեց,- այն ժամանակ Երեւանում գործող միակ դիսկոտեկը գտնվում էր Երիտասարդական պալատի ամենավերին հարկում: Հիշում եմ, մի անգամ եղել եմ այնտեղ, սակայն այսօրվա դիսկոտեկների հետ համեմատելիս մեծ տարբերություն եմ տեսնում»: Երգչուհին պատմեց նաեւ, որ երիտասարդ տարիներին հաճախ էին քաղաքից դուրս գնում: «Մեր ընտանիքում ընդունված էր քաղաքից դուրս գնալը: Միշտ հարազատներով, ընկերներով եւ մի քանի ընտանիքներով էինք գնում: Մեր հետ նաեւ խաղալու պարագաներ էինք վերցնում, ու ամեն ինչ հիանալի էր անցնում: Բնության գրկում հանգստին զուգահեռ ժամանց անցկացնելը շատ ընդունված էր, իսկ այսօր բազմաթիվ ռեստորանային համալիրներ կան, որտեղ մարդիկ նախընտրում են անցկացնել իրենց ժամանցը»,- նկատեց Սյուզան Մարգարյանը` հավելելով,- կցանկանայի, որ այսօրվա երիտասարդները հնարավորինս ուրախ անցկացնեն իրենց երիտասարդությունը: Շատ կարեւոր է, որ երիտասարդության տարիները լինեն նաեւ նվաճումների, ձեռքբերումների եւ հաղթանակների տարիներ: Այսօրվա երիտասարդները թող վայելեն բոլոր այն հաճույքները, որոնք կարող են»: Հրաչյա Հարությունյան Դերասան Հրաչյա Հարությունյանը համոզված է, որ մարդը կարող է երիտասարդ լինել, բայց իրեն շատ ծեր զգալ, բնականաբար, նաեւ հակառակը: «Այսօր տարիքով մեծ շատ մարդիկ կարծես երիտասարդ լինեն: Չեմ ընդունում, երբ ասում են, թե ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի: Ինձ համար ամենալավ տարիներն երիտասարդությանս տարիներն են: Այն համարձակությունը, պայծառամտությունը, որ ունենում ենք երիտասարդ տարիքում, երբեք չեն կրկնվում»,- շեշտեց դերասանը: Իր երիտասարդության մասին խոսելիս` ասաց. «Հրաշալի երիտասարդություն եմ ունեցել: Արդեն 10-րդ դասարնում աշխատում էի «Հայհամերգում»` որպես օրիգինալ ժանրի արտիստ: Այդ տարիների հետ կապված ամեն ինչ յուրօրինակ էր: Այժմ չեմ կարող ասել, թե ինչն է ինձ մոտ տպավորվել, որովհետեւ յուրաքանչյուր պահս այդ տարիքում հիանալի է անցել: Երիտասարդները պետք է գնահատեն իրենց ամեն րոպեն, ժամը, վայրկյանն ու պահը»: Դեռեւս երիտասարդ` Արեւիկ Իսաջանյան Տեքստը եւ լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: