“Ազնավուրի բոլոր երգերն անգիր գիտեմ” Այսօր` հոկտեմբերի 5-ին, ժամը 20:00-ին երեւանյան Կասկադում հայերի համար երգելու է ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Էլոդի Ֆրեժեն: “20 երգ 20-ամյա Հայաստանին’’ խորագրով բացօթյա անվճար համերգին մասնակցելու են նաեւ հայ սիրված երգիչներ Էմմա Պետրոսյանը, Արամոն, Սուրեն Առուստամյանը, Եվա Սուջյանը, Էրիկը եւ այլք: Ի դեպ, համերգը նախորդում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայաստան կատարելիք պետական երկօրյա այցին: Էլոդի Ֆրեժեն արդեն Երեւանում է եւ համաձայնել է էքսկլյուզիվ հարցազրույց տալ BRAVO.am-ին: -Ինչպե՞ս փոխվեց Ձեր կյանքը 2004 թվականին “Star Academy 3’’ երաժշտական մրցույթում հաղթելուց հետո: -Ամեն ինչ փոխվեց իմ կյանքում այդ հեռուստածրագրում տարած հաղթանակից հետո: Ես հեռացա այն քաղաքից, որտեղ անցել է մանկությունս: Առաջին անգամ կյանքում դարձա ինքնուրույն ոչ միայն որպես կին, այլեւ` որպես արտիստ: Հասկացա, որ կարող եմ օգտագործել տաղանդս ու հմտություններս, կիթառ նվագել, տեքստեր գրել: -Իսկ հաղթանակը Ձեզ համար սպասելի՞ էր: -Չեմ կարծում, որ կգտնվի մեկն, ով կասի, որ պատրաստ է նման անակնկալների:): -Դուք երեք ձայնասկավառակ եք թողարկել: Արդեն սկսե՞լ եք աշխատել հաջորդ ձայնասկավառակի թողարկման ուղղությամբ: Հայտնի՞ են չորրորդ CD-ի թողարկման ժամկետները: -Դեռեւս միայն մտածում եմ հաջորդ ձայնասկավառակի թողարկման մասին: Արդեն սկսել եմ երգեր գրել, սակայն մտադիր եմ ուրույն նախագիծ ներկայացնել: Ուզում եմ շեղվել եւ այլ բաներ ներկայացնել, ինչպիսիք մարդիկ ինձնից չեն սպասում: Հույս ունեմ, որ ձայնասկավառակս պատրաստ կլինի մինչեւ 2012 թվականի ավարտը: Սակայն շատ նախագծեր կան թատրոնի եւ կինոյի հետ կապված: - Հիմնականում հենց Դուք եք հեղինակում Ձեր երգերը: Կա՞ն այլ երգաhաններ, որոնց հետ համագործակցում եք: -Ճիշտ եք, հիմնականում հենց ես եմ երգերիս հեղինակը, սակայն համագործակցում եմ նաեւ Բենջամին Բիոլեի հետ: -Ինչո՞ւ ընտրեցիք հենց փոփ ժանրը: Երաժշտական ո՞ր ժանրերն եք նախընտրում լսել: -Ինձ վրա մեծ ազդեցություն են թողել ֆրանսիական երգերը, որոնց տեքստերը մեծ իմաստ ունեն: Բրելը, Բարբարան, Գեյնսբուրը մշտապես ոգեշնչել են ինձ: Կարող եմ ասել, որ “Portishead”, “Beatles” եւ “Radiohead” խմբերի մեծ սիրահար եմ … Ի դեպ, Ազնավուրի բոլոր երգերն անգիր գիտեմ:): -Դուք ներկայացրել եք մի յուրահատուկ, մոնտաժված դուետ լեգենդար կատարող Ժակ Բրելի հետ: Ինչպե՞ս նման միտք ծագեց: -Ես մոնտաժեցի այդ երգը ֆրանսիական հեռուստաշոուներից մեկի համար: Տեսահոլովակը պատրաստվել է Բրելի “Ամստերդամ’’ հայտնի երգի հիման վրա: Ինձ հանձնարարել էին թեմա, որի շրջանակներում պետք է ընտրեի մահացած լեգենդար մեկ կատարողի եւ երգ ներկայացնեի: Այս դուետն իսկապես յուրահատուկ դարձավ ինձ համար, չէ որ ես Բրելի իսկական երկրպագու եմ: -Իսկ մեկ այլ, արդեն կենդանի կատարողի հետ պատրաստվո՞ւմ եք հանդես գալ դուետով: Ո՞ւմ հետ եք երազում երգել: -Ես արդեն հասցրել եմ մի քանի դուետ ձայնագրել: Վերջերս մի զվարճալի դուետ ձայնագրեցի Վինսեն Բաժիանի հետ` “Je ne t’aime pas” երգի հիման վրա: Հաճախ ենք հնչեցնում այս երգը բեմից: Եթե հնարավոր լիներ, կուզեի երգել Սերժ Գեյնսբուրի հետ, սակայն նա կենդանի չէ: Ես կիսում եմ այն սերը, որ նա տածում էր խոսքերի եւ դրամատիզմի հանդեպ: -Ձեր ընտանիքում շատ են երաժիշտները: Դուք կիթառ եք նվագում, նաեւ բալետով եք զբաղվել: Բացի արվեստից, ի՞նչ հետաքրքրություններ ունեք:): -Կուզեի վերսկսել պարելը: Վեց դարի առաջ դադարեցի պարել: Երկու քույրս պրոֆեսիոնալ պարուհիներ են, իսկ եղբայրս զինվորական է: Մայրիկիցս ժառանգել եմ նկարելու տաղանդը: Երբ ավելի երիտասարդ էի, երազում էի նկարազարդող դառնալ: Ձեզ համար ծիծաղելի կլինի, բայց ես շատ լավ փոքեր եմ խաղում եւ նաեւ կարճ տարածության մրցավազող եմ:): -Առաջին անգամ ե՞ք Հայաստանում: Ինչպիսի՞ն են ակնկալիքները: -Այո, առաջին անգամ եմ այստեղ: Մինչեւ Երեւան ժամանելն ոչինչ չգիտեի ձեր քաղաքի մասին ու կարծում էի, որ Երեւանը Վարշավայի նման է: Շատ եմ տպավորվել Երեւանի ճարտարապետությամբ: -Ի՞նչ ծրագիր եք պատրաստվում ներկայացնել հայ հանդիսատեսի համար: -Իմ երգերից ընտրել եմ ամենաճանաչվածները` “La ceinture”-ը եւ “La fille de l’après-midi”-ը: Քանի որ համերգը նվիրված է ֆրանսիական երգերին, պատրաստվում եմ բոլորի համար հայտնի հիթեր կատարել, ինչպես նաեւ անդրադարձել եմ ֆրանսիացի դասականներին, կներկայացնեմ երգեր Գեյնսբուրի եւ Բրելի երգացանկից: Ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Էլոդի Ֆրեժեի երեւանյան համերգը կազմակերպվել է “Deem Communications” ընկերության նախաձեռնությամբ` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: