×


Էռնա Յուզբաշյան

Էռնա Յուզբաշյան

“Ուզում եմ աղջիկս իսկական քյարթու հայ լինի”:) 17 տարի անց, այս տարվա մեջ արդեն 5-րդ անգամ Միացյալ Նահանգներից Երեւան ժամանած Էռնա Յուզբաշյանը վաղը` հոկտեմբերի 30-ին կայանալիք իր մենահամերգի համար միայն չի եկել. այսուհետ հայրենիքում է ապրելու: “Հենց այնպես չէի գա, Հայաստանի հետ կապս երբեք չի խզվել: Ես հոգով հայ եմ մնացել, ամերիկացի չեմ դարձել”,- նշեց երգչուհին: Erna Yuzbashyan Էռնա Յուզբաշյանը դստեր հետ է վերադարձել, ով, երգչուհու խոսքերով, լավ գիտի` միայն հայի, ծայրահեղ դեպքում` ռուսի հետ կարող է ամուսնանալ:): “Հասկացա, որ առանց Երեւանի, իմ ընկերության կյանք չունեմ: Շատ են ասում` կգնամ, կմեռնեմ Հայաստանում: Ես չեմ ուզում մեռնել, ուզում եմ ապրել, աղջիկս այստեղ մեծանա, հայկական դպրոց ավարտի, հայ երեխաների հետ շփվի, հասկանա` ինչ է իսկական ընկերությունը: Հայերեն խոսում է, ուզում եմ` իսկական քյարթու հայ լինի”,- ասաց Էռնա Յուզբաշյանը: “Ես մի քիչ խելառ եմ”. Էռնա Յուզբաշյան “Միայն քեզ համար” խորագրով համերգին երգչուհին անկեղծ զրուցելու է հանդիսատեսի հետ. “Ձեզ համար… Խորագիրը շատ անձնական հարց է. մեկը կա, որի համար ոչ թե ամբողջ համերգն է, այլ… Միայն քեզ համար:): Ես մի քիչ խելառ եմ, անկանխատեսելի, ես գիժ եմ, կարող է բեմ դուրս գամ, լրիվ ուրիշ, չպլանավորած բաներ խոսեմ”: Erna Yuzbashyan Էռնա Յուզբաշյանի պրոդյուսեր Կարեն Ծատուրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց` բոլոր տեսակի դեկորներից հրաժարվել են. համերգին կլինեն լույս, երաժշտություն եւ երգչուհի: “Էռնան հիշողություններով է կիսվելու հանդիսատեսի հետ: Սիրված եւ նոր երգեր կհնչեն: Նույն օրը նաեւ նրա առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն է լինելու: Երգչուհին, որ անցել է բավական լուրջ ու երկար ճանապարհ, իր առաջին ալբոմն է թողարկում: Ընդհանրապես, ճիշտը դա է, երբ հասունանում, կուտակվում է ինչ-որ ասելիք, նոր ասում ես, եւ ոչ հակառակը”,- ասաց Կարեն Ծատուրյանը: Erna Yuzbashyan Երգչուհին շոու մատուցելու փոխարեն հանդիսատեսի աչքերի մեջ նայել է նախընտրում: “Կարծես 1986 թվականին էր Համալիրում կայացած առաջին համերգս: Նոն-ստոպ ծրագիր էր, ոչ մի շոու, պարզապես երգ: Ես ընդհանրապես դեմ եմ լրացուցիչ շոուներին: Իմ երգերը լրիվ ուրիշ երգեր են, նախընտրում եմ հանդիսատեսի հետ խոսել, նայել աչքերի մեջ, կիսվել ապրումներովս: Դիալոգ կլինի իմ ու հանդիսատեսի միջեւ, այլապես դա ես չեմ լինի”,- նշեց Էռնա Յուզբաշյանն ու հավելեց. “Լոս-Անջելեսում ամեն հանգստյան օրերին ակումբում երգում էի: Ինձ համար կարեւոր չէ, թե որ բեմի վրա կլինեմ, ակումբ, ռեստորան կապ չունի: Միշտ երգում եմ այնպես, ինչպես զգում եմ: Աշխատում եմ մարդկանց համար, որ նրանք ոչ միայն լսեն երգը, այլ մի քիչ մտածեն”: Erna Yuzbashyan “Չեմ հիվանդանա, եթե ՀՀ վաստակավոր արտիստի կոչում չունենամ” Էռնա Յուզբաշյանը կոչումներին նշանակություն չի տալիս, անհամեստ երեւույթներ էլ չի սիրում:). “Չեմ հիվանդանա, եթե ՀՀ վաստակավոր արտիստի կոչում չունենամ: Կոչումը տալիս է ազգը, ով քեզ սիրում ու գնահատում է արարքդ, ոչ թե մշակույթի նախարարությունը: 70-80-ականներին մենք մեր ֆանատը չէինք, ուղղակի աշխատում էինք: Ես այդպիսի դաստիարակություն ունեմ. երբ ինձ ասում են` այսպիսին ես, այնպիսին ես, ամաչում եմ: Դա նրանից չէ, որ կասկածում եմ իմ հնարավորությունների վրա, պարզապես կարծում եմ` համեստ չի”: Erna Yuzbashyan “Ընկերներիս, բոյֆրենդներիս փոխել չեմ սիրում”. Էռնա Յուզբաշյան Երգչուհին իրեն “պոզիտիվ” անձնավորություն է համարում. “Ուրախանում եմ իմ երկրի բոլոր հաջողություններով: Չեմ սիրում ինչ-որ բան փոխել իմ կյանքում` ընկերներիս, բոյֆրենդներիս, հարեւաններիս, ես շատ հավատարիմ մարդ եմ”: Գուցե լավ օրինակ ծառայի սփյուռքահայերի համար. “Ես լավ լինեմ, հեռվից նայեն, ասեն` տեսաք` Էռնան իրեն լավ է զգում, տեսաք` ինչերի է հասել… Եթե կարողանամ մի խումբ լավ հայ հետ բերել հայրենիք, շատ երջանիկ կլինեմ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW