Երգիչը պարել է երիտասարդների հետ:) Թաթա Սիմոնյանի մենահամերգը երեկ էր` նոյեմբերի 10-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում` նվիրված երիտասարդներին ու ուսանողներին: Համերգային ծրագրին ներկա է եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի անունից շնորհավորել է երիտասարդությանը` նշելով, որ նրանց համախմբումը մեր երկրին մեծ նվաճումներ է բերելու: Համերգային ծրագրի բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի երիտասարդական կազմակերպության ղեկավար, պատգամավոր Կարեն Ավագյանը, ով մեր երազած երկիրը կառուցելու համար անհրաժեշտ է համարել խելացի հասարակություն, որին տեսնում է երիտասարդների մեջ: Թաթա Սիմոնյանի ելույթից առաջ ներկաներին ողջունել է “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հայաստանյան ներկայացուցիչ Դալիթան` կատարելով “Welcome To Armenia” երգը: Իսկ երբ բեմ է բարձրացել Թաթան, դահլիճում ու պարասրահում իրական տոն է սկսվել: Մոտ երկու ժամ երգիչը կատարել է հին ու նոր ստեղծագործություններ, շնորհավորել երիտասարդներին ու նրանց հետ պարել: Դալիթայի նման Թաթա Սիմոնյանն էլ առաջարկել է, որ բոլոր չվերթների ուղղությունները փոխվեն ու բոլոր ճանապարհները բերեն դեպի Հայաստան: “Համաձայն եմ մեր վարչապետի հետ. միասին դեռ շատ բաների ենք հասնելու, մեր Հայաստանը դառնալու է ոչ միայն մեր, այլեւ բոլոր ազգերի երազած հայրենիքը, բոլորը գալու են այստեղ եւ ուտեն, խմեն, քեֆ անեն: Կներեք, որ կենցաղային բաներից եմ խոսում, բայց դուք էլ պետք է իմանաք, որ Հայաստանն ամենալավ տեղն է աշխարհում, բոլոր ազգերն էլ լավն են, բայց հայերը`ամենալավը”,-ասել է երգիչն ու երգել “Ամենալավը դու ես” երգը: Թաթան ուսանողներին շնորհավորանքում չի մոռացել սփյուռքահայ երիտասարդներին, զինվորներին, դպրոցականներին, սիրահար զույգերին` յուրաքանչյուրին անդրադարձել երգերի միջոցով, իսկ անչափ ոգեւորված ու ինքնամոռաց երիտասարդներին հիշեցրել, որ ի տարբերություն այլ երկրների, որտեղ հանդիսատեսին քեֆ անելու համար հորդորում է չխնայել շրջապատն ու իրերը, այստեղ դա չի անելու. “Ամեն երկիր չէ, որ նման հրաշք ունի, մենք սա պետք է պահպանենք, որ պարբերաբար հանդիպենք ու նման քեֆեր անենք”: Օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից` Թաթան ներկայացրել է նաեւ Անատոլի Դնեպրովի հետ ձայնագրած “Արմենիա” երգը, որի ընթացքում, երգչի կենդանի կատարմանը միացվել է Դնեպրովի ձայնագրությունը: “Այս մարդը հիմա երկնքում է, համոզված եմ, որ ձեր ջերմ ծափերը հասել են նրան”,-ասել է Թաթա Սիմոնյանը: Համերգային ծրագիրն ուղեկցվել է հանդիսատեսի ծափերով, բրավոներով(BRAVO.am:)) ու պարային խենթ ու խելառ շարժումներով:): Նշենք, որ նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է, 17-ը` Ուսանողների միջազգային օրը, ինչի առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել են տոնական համերգների շարք: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: