×


Թամարա Պողոսյան

Թամարա Պողոսյան

“Տենդենցները գալիս ու գնում են, բայց ոճը հավերժ է” Նյույորքաբնակ հայ դիզայներ, ոճաբան, գրաֆիկական դիզայներ ու պրոդյուսեր Թամարա Պողոսյանը երկար տարիներ ապրում ու աշխատում է Միացյալ Նահանգներում: Իր “Love & Unity” հավաքածուն մեծ ճանաչում է բերել հեղինակին, որով մասնակցել է նորաձեւության շաբաթների: Bravo.am-ի հետ հարցազրույցում Թամարա Պողոսյանը պատմում է իր ամերիկյան ապրելակերպի, սիրամարգերով լոգոյի ու «նվաճողների» քաղաքի մասին, նաեւ վերհիշում է Հայաստանի ու Երեւանի հետ կապված պատմությունները: Դիզայները խոստովանում է, որ Նյու-Յորքում այնքան էլ շատ բան չգիտեն Հայաստանի մասին. իր ընկերներին ասում է, որ Google-ում փնտրեն “Արմենիա” բառը: Tamara Poghosyan - Ինչու՞ որոշեցիք Հայաստանից մեկնել Ռուսաստան, իսկ հետո` հաստատվել Միացյալ Նահանգներում: - 2 տարեկան էի, երբ հայրիկիս որոշմամբ Ռուսաստան գնացինք: Նա կոշիկի ֆաբրիկա էր բացել Մոսկվայում: Թեեւ Ռուսաստանում էինք ապրում, բայց ամառային ու ձմեռային արձակուրդներն անց էինք կացնում Երեւանում ու Սոչիում: Հետո ընտանիքիս հետ տեղափոխվեցի Նյու-Յորք. այդ ժամանակ 14 տարեկան էի: Անկեղծ ասած,  սկզբում չէի ուզում գնալ. Մոսկվայի կյանքն ինձ դուր էր գալիս. ունեի լավ ընկերներ, դպրոցում լավ էի սովորում, դասերից հետո էլ գնում էի նկարչության ու գծագրության: Իմ երկրորդ «եսը» ուզում էր դիզայներ դառնալ: Հայրս մտածեց, որ Նյու-Յորքում դիզայների կարիերա ստեղծելն ինձ համար շատ լավ տարբերակ է: Այդպես ընտանիքս 1992 թվին տեղափոխվեց Նյու-Յորք: - Ի՞նչ ազդեցություն են ունեցել քեզ վրա Երեւանը, Մոսկվան ու Նյու-Յորքը: - Ամեն մեկն ինձ համար հատուկ վայր է. Երեւանն իմ հայրենիքն է ու չի կարող փոխարինվել: Մոսկվան ինձ օգնեց հասկանալ իմ ստեղծագործելու շնորհն ու սովորեցրեց միշտ լինել տարբերվող: Նյու-Յորքն էլ ինձ օգնել է տարբեր ուղիներով աճել ու կայանալ որպես դիզայներ, արվեստագետ ու կին: Երեք քաղաքն էլ սիրում եմ տարբեր բաների համար: Երբ երիտասարդ էի, այս ամենը չէի գիտակցում, բայց, իսկապես, յուրաքանչյուրն իր ազդեցությունն է ունեցել իմ անհատականության ձեւավորման վրա: Tamara Poghosyan -Քո ստեղծած հագուստների լոգոն հայկական արմատներ ունի: Ի՞նչ է այն նշանակում ու որտեղի՞ց է գաղափարը: - Իմ բրենդի համար երկար տարիներ մի պատկեր էի փնտրում, որը կարտահայտեր սեր, միասնություն, համերաշխություն, հարմար կլիներ կանանց ու տղամարդկանց հագուստների համար, միեւնույն ժամանակ բոլոր մարդկանց հասկանալի ու ընդհանուր կլիներ: Մի անգամ տեսա երկու սիրամարգերով կոպեկ (Երեւանում մեր հարեւանն իր բակում սիրամարգ էր պահում, որն ամբողջ օրը շատրվանի կողքերով էր քայլում: Ինձ համար դա անչափ սիրուն երեւույթ էր` սիրամարգերը միաձուլվում էին ու ութ էին դառնում, այսինքն` հավիտենականության կերպարանք էին ստանում: Զգացի, որ այդ սիրամարգերով կոպեկն իսկն իմ ուզածն էր: Իհարկե, մեկ տարի հետո նոր լոգոյի դիզայնն իր վերջնական տեսքն ունեցավ: Լոգոյով շապիկներն անցած տարի շատ լավ վաճառվեցին: Հիմա աշխատում եմ նոր շապիկների վրա, որոնք հայկական ոճով` դրոշի գույներով կլինեն: Հույս ունեմ` դրանք հասանելի կլինեն ամբողջ աշխարհում: “Love & Unity” - Նորաձեւության մայրաքաղաքներից մեկում ապրելով ու աշխատելով` հնարավորություն ունենու՞մ ես շփվելու նորաձեւության «հսկաների» հետ: - Այո, հանդիպել եմ բազմաթիվ դիզայներների` Oscar de la Renta, Tommy Hilfiger, Patricia Field, Cynthia Rowley… Fashion ոլորտի այլ ազդեցիկ անհատականությունների հետ էլ եմ հանդիպել: Նյու-Յորքն ամենալավ տեղն է, եթե ուզում ես նորաձեւության աշխարհում ճանաչման ու հարգանքի հասնել: - Իսկ Նյու-Յորքում ինչպե՞ս ընդունեցին այլազգի դիզայներին: Շա՞տ խնդիրներ ես ունեցել: - Նյու-Յորքը խառնված ու միաձուլված «կաթսա» է: Այստեղ յուրաքանչյուրն ինչ-որ նպատակի համար է: Նյու Յորքում մարդիկ ուշադրություն չեն դարձնում  իրենց անցյալին. ամեն մեկը փորձում է իր նպատակին հասնել: Այն անվանում եմ “երազողների ու նվաճողների քաղաք”: Այստեղ դիզայներները, ոճաբանները, մոդելներն այնքան շատ են, որ դժվար է լինում քո ճիշտ հանդիսատեսին գտնելը, բայց եթե քո մասնագիտության մեջ լինում ես համառ ու նպատակասլաց, ապա նկատվում ես: Նորաձեւության ամեն սեզոնին իմ առջեւ նպատակ եմ դնում ու հաճախ շանսեր  եմ ունենում: Ստեղծագործական յուրաքանչյուր ասպարեզում մրցակցությունը մեծ է, բայց չի նշանակում` դու պիտի քո երազանքն ու տաղանդը մի կողմ դնես: Ով չի հրաժարվի` նա էլ կլինի նվաճողը::-) Թամարայի սիրամարգերով լոգոյի պատկերը վերցված է հին հայկական կոպեկից - Քո շրջապատում շա՞տ են հայերը: Ամերիկացի ընկերներդ ի՞նչ գիտեն Հայաստանի ու հայերի մասին: - Ես ապրում եմ Քուինսում, ուր շատ հայեր չկան կամ էլ հայաստանցի հայեր չեն: Նյու-Յորքի հայությունը մեծ մասամբ եկել է Ֆրանսիայից ու Միջին Արեւելքի տարբեր երկրներից: Երբ ամերիկացու եմ հանդիպում (շեշտում եմ` ամերիկացի, որովհետեւ Նյու-Յորքում այնքան շատ ազգեր կան, կպատկերացնես, երբ այստեղ ապրես), նա այնքան էլ շատ բան չգիտի Հայաստանի մասին: Երբեմն էլ այսպիսի պատասխաններ եմ ստանում. “Օհ, ես դպրոցում հայ դասընկեր եմ ունեցել” կամ “Իմ նախկին ընկերուհին հայ էր” կամ “Նախկին գործիս տեղում մի հայ էր աշխատում”: Շատ դեպքերում նրանք անտեղյակ են հայերից, մինչեւ որ իրենց կյանքում հանդիպում են հայի: Իմ ընկերներին ասում եմ, որ Google-ում փնտրեն «Արմենիա» բառը: - Մտադրություն չունե՞ս քո հավաքածուն ներկայացնել Երեւանում: - Իհարկե, շատ կուզենայի հավաքածուս Երեւանում ներկայացնել, իմ բուտիկը բացել… Միգուցե… - Նորաձեւության աշխարհում ամենաշատն ի՞նչն է քեզ գրավում: - Ամենից շատ սիրում եմ հենց կտորի հետ աշխատելը` դիզայնը: Նորաձեւության հետ կապված ամեն ինչ սիրում եմ. ձեւելը, կարելը, պատվերների արտադրությունը, դեֆիլեն, լուսանկարահանումները, գովազդը, մարքեթինգը, ինտերնետային PR-ը…. Այս ամենը բրենդի ճանաչման ու զարգացման մի մասն է: Դիզայների ամենավերջին հագուստների ֆոտոշարքից - Մոդելներին ի՞նքդ ես ընտրում : - Այո, միշտ ես եմ ընտրում, բայց միշտ չէ, որ մենակ եմ աշխատում: Երբ պետք է շոուի կամ նկարահանումների մասնակցեմ, թիմ եմ հավաքում ինձ հետ աշխատելու համար: Նաեւ օգնական ունեմ, բայց ես իմ պարտականություններն ունեմ: - Կպատմե՞ս ընտանիքիդ մասին: Դժվար չէ՞ մենակ ապրելը: - Ընտանիքիս 5 երեխաներից ամենամեծը ես եմ: Հայրիկս անցած տարի մահացավ: Մայրս ու փոքր եղբայրներիցս մեկը հիմա Լեռնային Ղարաբաղում են ապրում: Իմ ամբողջ ընտանիքը` ծնողներս, հայրիկիս ծնողները Նյու-Յորք տեղափոխվեցին 1992 թվին, բայց 3 տարի առաջ մեծ մասը վերադարձավ: Նյու-Յորքում ապրում եմ ընկերներիս միջավայրում, որոնք ընտանիքի պես հարազատ են դարձել: Օգոստոսին պատրաստվում եմ գալ ու արձակուրդներս անցկացնել ընտանիքիս հետ Երեւանում ու Արցախում: Թամարան միշտ ինքնուրույն է ընտրում իր մոդելներին - Ամուսնացած չե՞ս: - Երիտասարդ եմ ու հասանելի::) - Ի՞նչ ես հիշում մանկությունիցդ: Հայաստանյան հուշերիցդ կպատմե՞ս: - Հիշում եմ երեւանյան այն ձմեռը, երբ ծննդյանս 8-ամյակն էր: Այդ ժամանակ Ռուսաստանում էինք ապրում, բայց ձմեռային արձակուրդներին ամբողջ ընտանիքով Երեւանի մեր տանն էինք` մեր բարեկամների, տատիկ-պապիկների հետ: Իմ ամենամեծ զարմիկը` Աղունիկը, ծննդյանս օրվա առթիվ դաշնամուրով տարբեր երգեր էր նվագում: Ուժեղ ձյուն էր գալիս, ես էլ դուրս եկա, որ մոտիկից տեսնեմ ձյունը. մեր փողոցն այնքան սիրուն էր փխրուն ձյան տակ, որ երբեք այդ տեսարանը չեմ կարող մոռանալ: :) - Միայն քո կարած հագուստներն ես կրու՞մ, թե՞ ունես նախընտրելի բրենդներ: - Իմ հեղինակած զգեստներից հագնում եմ, երբ գնում եմ հատուկ միջոցառումների, նորաձեւության երեկոների, կարմիր գորգի կամ հարսանիքի: Իսկ սիրած բրենդներն այնքան շատ են, որ դժվար է առանձնացնելը: Հիմնականում փոքր բուտիկներից եմ գնումներ անում: “Love & Unity” հավաքածուից - Ովքե՞ր են քո պատվիրատուները: Ամերիկյան հայտնիների հետ աշխատու՞մ ես: - Պատվիրատուներս այն տղամարդիկ ու կանայք են, որոնք ինչ-որ յուրահատուկ հագուստ են փնտրում իրենց զգեստապահարանը համալրելու համար: Միաժամանակ այն կլինի էլեգանտ ու դասական, որ կարող են տարիներով հագնել: Իմ մոդելներից, ընկերներից, ընկերների ծանոթներից ոմանք եղել են իմ հաճախորդները: Աշխատում եմ ինչպես անհատական պատվերների դեպքում, այնպես էլ մեծաքանակի դեպքում: Բազմաթիվ արտիստների ու սելեբրիթիների հետ եմ աշխատում: Նրանք միայն ամերիկացիներ չեն: Եթե սիրում են իմ աշխատանքը, ապա ես «հագցնում եմ» նրանց: Աշխատել եմ մի շարք հայտնի մարդկանց հետ: - Վերջերս  “The Camera's Eye” ֆիլմի նկարահանումներով էիր զբաղված: Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել ֆիլմի հագուստներով: - Ֆիլմի ռեժիսորը հավանել էր Ռոբ Մուրատի “Dilemma” տեսահոլովակի համար իմ աշխատանքը, միասին հանդիպեցինք ու քննարկեցինք` նոր ֆիլմի համար ինչ է հարկավոր: Իմ “Love & Unity” հավաքածուի լոգոյի սեւ ու սպիտակ շապիկները հիանալի էին գլխավոր դերակատարուհու` Ռոքսաննայի կերպարի համար: Նա նաեւ հագավ իմ զգեստներից մեկը, որը Լեւեն Ռամբինը 2006-ին  “Emmy” մրցանակաբաշխության Red Carpet-ի ժամանակ էր հագել: Այս ֆիլմն ԱՄՆ-ում տարբեր կինոփառատոնների է մասնակցել: Հաջորդ էկրանավորումը Նյու-Ջերսիում է: Թամարա Պողոսյանի հավաքածուից (Լուսանկարիչ` C.Stephen Hurts) - Այժմ ինչի՞ վրա ես աշխատում: - Նոր հավաքածուի վրա եմ աշխատում, ավելի ներշնչված եմ հայկական լոգոյով շապիկներից: Կլինեն զգեստներ ու լողազգեստներ: Դրանք գունեղ են, էլեգանտ ու հայրենասիրական: - Չեմ կարող չհարցնել նորաձեւության տենդենցների մասին: Ի՞նչ խորհուրդ կտաս հագնել այս ամռանը: - Շատ-շատ գույներ կրեք, բազմերանգ հագնվեք: Կապույտն ու կանաչն այս ամռանը շատ ակտուալ են: Որպես ոճաբան, կարծում եմ` անհատական ոճը լավագույն լրացումն է: Եթե մի բան հագել ես ու քեզ լավ չես զգում, ապա հագուստի լավ արդյունքը վերանում է: Կարող է լինել ամենագեղեցիկ հագուստը, բայց եթե մարդ սխալ հագնի,  “կործանված” կլինի: Կարեւոր է, որ հագուստ, կոշիկ պայուսակ, զարդեր ու այլ բաներ կրելիս քեզ լավ ու հարմարավետ զգաս: Եթե քեզ վրա չի “նստում”, ապա այդ իրը քեզ համար չէ: Տենդենցները գալիս ու գնում ես, իսկ ոճը հավերժ է: Զրուցեց Լիանա Մեյթարջյանը /Bravo.am/ Լուսանկարները` դիզայների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW