×


Ժերար Դեպարդյե

Ժերար Դեպարդյե

Ֆրանսիացի անվանի դերասանը Երեւանում է “Պատկերացրեք մի հայ երիտասարդի, որ ապրում է Ֆրանսիայում ու երբեւէ չի տեսել Հայաստանը: Այն պատկերացնում է այնպես, ինչպես պատմել են տատն ու պապը, նախնիները: Ի՞նչ են պատմել. ցեղասպանություն, այդ սարսափները: Այդ երիտասարդ հայը ինձ բերում է Հայաստան, սկսում ներկայացնել` ինչպես ինքն է պատկերացնում: Սա արդեն բավարար է մի ֆիլմ նկարահանելու համար, որ ցույց տաս, թե Հայաստանն այսօր ինչպիսին է: Շատ ուրախ կլինեմ ֆիլմ նկարահանել, որ պատմում է Հայաստանի մի ինչ-որ ժամանակաշրջանի մասին, եւ հայկական արմատներով ֆրանսահայ դերասանների հետ կաշխատեմ”,- իր նպատակների մասին պատմեց Ժերար Դեպարդյեն: Jerar Deparde Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը “Կարոտ” միջազգային փառատոնի շրջանակներում Երեւանում է: Ժերար Դեպարդյեն հայերեն “բարեւ ձեզ”-ով այսօր ողջունեց լրագրողներին ու նշեց` երջանիկ է, որ իրեն հրավիրել են նման բազմամշակութային փառատոնի. “Հայաստանը մի այնպիսի երկիր է, որի մասին ես գիտեմ արդեն բավական երկար տարիներ: Ֆրանսիայում բազմաթիվ հայերի եմ ծանոթ, գիտեմ` ինչու են այնտեղ գտնվում, գիտեմ` ինչ է նշանակում 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը: Ծանոթ եմ այդ հայերի արդեն չորրորդ սերնդին. նրանք խոսում են իրենց երկրի եւ հովանի տված երկրի լեզվով”: Jerar Deparde “Թուրքերը Հայոց ցեղասպանության ճանաչման  գործընթացը սկսել են”. Դեպարդյե Այս առավոտյան նա այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: “Ինձ վրա Ցեղասպանության հուշարձանը շատ մեծ տպավորություն է թողել, ինչպիսի տպավորություն թողնում են նմանատիպ այլ հուշարձաններ: Կարծում եմ` թուրքերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կամաց-կամաց սկսել են: Այստեղ չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել, բայց գիտեմ` կան երկրներ, որ այդ հարցադրումը դրել են Թուրքիայի առջեւ”,- ասաց Ժերար Դեպարդյեն` նշելով, որ այդ հարցում մշակույթն է մեծ դեր խաղում. “Դա է ստիպելու”: Jerar Deparde Անվանի դերասանի համար մշակույթն ավելի մեծ դեր ունի, քան քաղաքականությունը. “Քաղաքականությունը դա հետաքրքրությունների, շահերի հավասարակշռում է, իսկ մշակույթը դա ազատություն է, արտահայտվելու ազատություն, մարդու արմատների ազատությունը: Պետք է մարդկանց սովորեցնել, որ իրենք տարբեր են, զանազան, եւ պետք չի վախենալ այդ տարբերություններից”: Ֆրանսիացիների համար “կարոտ” բառը տարօրինակ է հնչում:) Ժերար Դեպարդյեն ներկայացրեց Հայաստանում գտնվելու իր շարժառիթները: “Այս պետությունը միտված է դեպի ապագան: Իմ նպատակն է ներկայացնել այնպիսի Հայաստան, որ շատ արագ տեմպերով գնում է առաջ` առանց մոռանալու նախկին բոլոր վերքերը: Այս փառատոնի շրջանակներում հանդես գալուս նպատակը դա է: Ճիշտ է` մեզ համար “կարոտ” բառը տարօրինակ է հնչում, որովհետեւ ֆրանսերեն նշանակում է գազար, բայց հայերի համար նոստալգիան է, իրական կարոտը, դա ավելի շատ խոսում է արմատների մասին: Կարծում եմ` ճիշտ անվանում է. 7 մլն հայ Հայաստանից դուրս է գտնվում, բայց պահպանել է իր արմատներն, ու ճիշտ է կազմակերպել մի փառատոն, որ գնում է դեպի այդ արմատները, վերականգնում հին, բնական, բնատուր ավանդույթները, արվեստները, որ գոյություն են ունեցել հայերի մեջ, մշակութային ավանդույթները”- ասաց նա: Jerar Deparde Անվանի դերասանը սիրում է դասական գրականության վրա հիմնված  իր մարմնավորած կերպարները. “Նմանատիպ հերոսներ կարելի է կերտել նաեւ հայ դասական գրականության հիման վրա, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրականության հիման վրա, հետաքրքիր կլինի անդրադառնալ նաեւ բանահյուսությանը”: Հիմա Ժերար Դեպարդյեն աշխատում է Ռասպուտինի կերպարի կերտման վրա, շուտով կներկայացնի նաեւ Ղազախստանում նկարահանած իր ֆիլմը: Jerar Deparde Դերասանը զարմացած է Ժերար Դեպարդյեի համար միջմշակութային հարաբերությունները ազատություն են, նշում է` Ֆրանսիայում հայկական արմատներով մեծ արտիստներ ու մարզիկներ կան: Նա նաեւ մի բան գիտի. “Շատ հայ երիտասարդներ ուզում են վերգտնել իրենց հարազատ երկիր Հայաստանը: Մի բան ինձ միշտ զարմացնում է. այն, որ իրենք երբեք չեն մոռացել ոչ իրենց ավանդույթները, ոչ իրենց լեզուն: Գուցե, որովհետեւ նրանք միշտ իրենց նախնիների ստվերների հետ են”: Մեկ էլ ֆրանսիացի դերասանը որոշեց անպայման նշել. “Հայաստանում կանայք շատ գեղեցիկ են”:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW