Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյանները Նոր տարին միասին դիմավորելու են տանը, ներկայում իրենց մայրիկի ու տատիկի հետ նախապատրաստում են ամանորյա ուտեստները եւ հավատում, որ տարեմուտի գիշերը պահած երազանքներն ի կատար են ածվելու: BRAVO.am-ը հյուրընկալվել է Ալավերդյան քույրերի տանը, լուսանկարել նրանց տոնածառը զարդարելիս, ֆոտոշարքում կգտնեք նաեւ Շելբի շնիկին:): Երգչուհիները պատմել են իրենց հաջողությունների, ակնկալիքների ու մանկական հիշողությունների մասին:
Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները
Անուշիկ. Մեր տոնածառը միշտ մայրս ու Արեւիկն են զարդարում: Մյուս տարի, երբ Արեւիկը Ֆրանսիայում կլինի, ստիպված կլինեմ ես զարդարել:):
Արեւիկ. Սիրում եմ զարդարման ընթացքը: Այս անգամ տոնածառից փոքրիկ Էյֆելյան աշտարակ եմ կախել` ֆրանսիական շունչ հաղորդելու համար: Ինչպես շատ ընտանիքներում, դեկտեմբերի 31-ին մենք էլ արագ-արագ սեղանը գցում ենք, որ ուղիղ կեսգիշերին շամպայնը բացենք ու նստենք սեղանի շուրջ: Նոր տարին բոլորս միասին ենք դիմավորելու. ամուսինս Ֆրանսիայից կգա, կմիանան շատ մտերիմ մարդիկ եւ տանը կնշենք այս ընտանեկան տոնը:
Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները
Նոր տարվա սիրելի ուտեստները
Արեւիկ. Սիրում եմ բլինչիկ, պասուց դոլմա, նաեւ սացիվի: Տատիկս թբիլիսեցի է, իր բաղադրատոմսը մայրիկիս է սովորեցրել, նա էլ շատ համեղ պատրաստում է: Բայց այդ օրերին ես ամենից շատ ուզում եմ տապակած կարտոֆիլ ուտել:):
Անուշիկ. Եթե որեւէ տեղ հյուր եմ գնում, անպայման բլինչիկ եմ ուտում, որը երեւի թե բոլորի մոտ համեղ է ստացվում: Մսակեր եմ, նաեւ շատ եմ սիրում ավանդական խոզի բուդը: Իսկ մեր տանը միայն աղցաններն եմ պատրաստում:
Արեւիկ Ալավերդյանն իր շնիկի հետ
Երազանքների Նոր տարին
Արեւիկ. Նախորդ Ամանորը դիմավորել եմ Ֆրանսիայում` ամուսնուս ընտանիքի հետ: Այդ ժամանակ նշանված էինք, գնացել էի ծանոթանալու փարիզյան կյանքին: Այնտեղ մեծ շուքով նշում են դեկտեմբերի 24-ի գիշերը` “Merry Christmas”-ը, որը մեզ համար ընդամենը նախապատրաստական օր է: Ինձ համար անսովոր, բայց շատ ուրախ օր էր, ամուսինս էլ Ձմեռ պապիկն էր: Իսկ Փարիզի ամանորյա ձեւավորումն ուղղակի հրաշք է, մեր Հանրապետության հրապարակի զարդարանքներն ինչ-որ չափով նման են Շանզ-Էլիզեի ձեւավորմանը, չնայած` Փարիզում աչքովս թռչող պեգասներ չեն ընկել:):
Հայկական Նոր տարվա վատ կողմերից մեկն այն է, որ չես հասցնում տոնից հաճույք ստանալ. անընդհատ պետք է հյուրերին դիմավորես ու ճանապարհես, հյուր գնաս, նույնիսկ այդ օրերին բարեկամներիդ հետ չես կարողանում լիարժեք շփվել: Այս տարի հայրական տանս անցկացրած վերջին Նոր տարին կլինի, բայց հուսով եմ` հետագայում կվերադառնամ ու նորից այստեղ կնշեմ:
Անուշիկ. Կցանկանայի Ամանորը նշել տաք որեւէ երկրում` լողավազանում կամ ծովափին: Ամեն ինչ դեռ առջեւում է, հաստատ այդպիսի Ամանոր էլ կունենամ, բայց ամեն տարի տաք երկրում դիմավորելը հետաքրքիր չի լինի: Ավելի գերադասելի է հարազատ տանը լինել եւ ձմեռ ու ձյուն լինի:
Անուշիկ Ալավերդյանը
Հիշողություններ
Արեւիկ. Մանկական շատ հիշողություններ ունենք: Երբ փոքր էինք, Ձմեռ պապիկին շատ էինք սպասում: Հանկարծ գիշերը մեր դուռը թակում էին, հայրս էլ ասում էր` Ձմեռ պապիկն արդեն երկրորդ հարկ բարձրացավ: Շատ խաղալիքներ էինք ստանում, իսկ հյուրերը մրգեր ու կոնֆետներ էին բերում, ասում էին` Ձմեռ պապիկն է ուղարկել:
Անուշիկ. Մի անգամ չեմ քնել եւ մինչեւ կեսգիշեր սպասել եմ, նստել դռան մոտ, որ տեսնեմ` երբ է գալու ու գնա, բայց այդպես էլ չտեսա:): Հանդեսների ժամանակ էլ Ձյունանուշիկի կերպարում եմ եղել, նաեւ անցյալ տարի անակնկալ արեցի ու կրկին Ձյունանուշիկ դարձա:
Արեւիկ Ալավերդյանը
Նվերներ, նվերներ, նվերներ…
Արեւիկ. Ես Ձմեռ պապիկին նամակ գրեցի, տվեցի ամուսնուս եւ հիմա սպասում եմ:): Հստակ ասել եմ` ինչ եմ ուզում: Ֆրանսիայից շատ-շատ նվերներ է բերելու ոչ միայն ինձ, այլեւ ընտանիքիս անդամների համար: Ես էլ “Ձմեռ պապիկիս” համար նվեր ունեմ, բայց այդքան շռայլ չեմ, ինչպես ինքը: Հայրս էլ տարեվերջին տան համար խոշոր գնում է անում, արդեն ավանդույթ է դարձել:
Անուշիկ. Հաճախ Արեւիկը համացանցում հետաքրքիր ինչ-որ զգեստ կամ ուրիշ բան է տեսնում, ինձ հարցնում է` հավանում եմ, թե` ոչ, մի քանի րոպե հետո գալիս ասում է` գիտես ինչ է եղել… Ես արդեն գիտեմ, որ Հայկոն դա արդեն գնել է Արեւիկի համար:
Անուշիկ Ալավերդյանը
Ի՞նչ հագնել տարեմուտի գիշերը
Արեւիկ. Վաղուց որոշել եմ` ինչ եմ հագնելու, ինչ աքսեսուարների հետ եմ համադրելու: Օրեր առաջ նորաձեւության փորձագետ Էվելինա Խրոմչենկոյի խորհուրդներն էի կարդում, որին համարում եմ մոդայի էտալոն, նա խորհուրդ էր տալիս, թե ինչ կարելի է կրել Նոր տարվա գիշերը: Հաճելիորեն զարմացա, որ նշել էր այն հագուստը, գույնը, դետալները, որոնք ես նախապես ընտրել էի: Համադրելու եմ սեւն ու ոսկեգույնը:
Անուշիկ. Իսկ ես նույնիսկ չգիտեմ` ինչ եմ հագնելու: Դերձակս վերջին օրով մի զգեստ կկարի: Հաճախ չեմ կողմնորշվում` ինչ կարելի է հագնել, պատահել է, որ համերգից մեկ օր առաջ կտորը տվել եմ իմ սիրելի դերձակին, առավոտյան վերցրել եմ ու հագել:
Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները
2012 թվականի ամենամեծ ձեռքբերումը
Անուշիկ. Վերջապես կազմավորվեց իմ բենդը, մաղթում եմ, որ բոլոր երգիչներն ունենան ու աշխատեն լավ երաժիշտների հետ: Ինձ համար իսկապես ձեռքբերում էր. որպես երգչուհի` մի քանի քայլ առաջ գնացի ու հասկացա` ինչ հաճելի է աշխատել կենդանի նվագախմբի հետ: Տարվա ընթացքում ակումբներում բազմաթիվ համերգներ ենք ունեցել: Նոր տարվա գիշերը չենք աշխատի, բայց հունվարի 1-ին Ծաղկաձորում ելույթ կունենանք:
Արեւիկ. Իհարկե, կարեւոր առաջին իրադարձությունն ամուսնությունս էր: Ընկերուհիներիս հետ շատ լավ օրեր եմ ունեցել, հուսամ` հաջորդ տարին էլ նույնքան դրական եւ ուրախ կանցնի:
Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները
Ակնկալիքներ, երազանքներ…
Արեւիկ. Ինձ համար 2013-ը սպասելիքներով լի տարի է. ամուսնուս հետ նպատակ ունենք ճանապարհորդել եվրոպական մի քանի քաղաքով` Լոնդոն, Վենետիկ…, իսկ 2014 թվականը դիմավորել Միացյալ Նահանգներում: Ուզում եմ` ընտանեկան ձեռքբերումներս շատ լինեն: Հունվարի 13-ից արդեն տեղափոխվելու եմ Ֆրանսիա, ուզում եմ իմ ամենամեծ հոբբին` նորաձեւությունը, մասնագիտություն դարձնել: Ամուսնուս հետ բիզնեսով չեմ զբաղվի, քանի որ հեռու եմ եւ չեմ հասկանում այդ ոլորտից:
Անուշիկ. Գալիք տարում իմ գործունեությունը երկու մասի է բաժանվելու` բենդի հետ համերգներ եւ անհատական աշխատանքներ: Հուսով եմ` վերջապես կնկարահանվի նոր տեսահոլովակս, որի երգը` “Սրտխփոցը”, վաղուց պատրաստ է: Ես էլ կցանկանամ ճանապարհորդել, ամենակարեւորը` շատ-շատ եմ ուզում տեսնել Դիլիջանի Պարզ լիճը: Թող բոլորի երազանքներն իրականանան:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: