×


Կանաչ party

Կանաչ party

Ֆրանսիականի շրջանավարտները քավորություն են անելու :) Հայաստանում ֆրանսիական համալսարանը այլեւս շրջանավարտների ասոցիացիա ունի: Հոկտեմբերի 9-ին այն պաշտոնապես հիմնադրվեց, ու այդ առիթով նույն օրը երեկոյան “Oregano” ռեստորանում իրադարձության արդեն ոչ պաշտոնական, երեկույթային հատվածը նշվեց:): Տիգրան Գալստյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի նախագահ է ընտրվել: Նա այս տարի է ավարտել համալսարանի մագիստրատուրան, իրավաբան է, ով սիրում է մարդկանց իրար կապել:): “2005 թվականից շրջանավարտներ ենք տալիս, ու նման միավորում ստեղծելու խոսակցությունները հենց այդ ժամանակվանից շրջանառվում էին”,- ասաց Տիգրան Գալստյանն ու հավելեց. “Զբաղվելու ենք շրջանավարտների, ապագա շրջանավարտների` ուսանողների շահերը ներկայացնելով: Աշխատանքի տեղավորման խնդրին ենք լուրջ մոտենալու”: ֆրանսիական համալսարան Աչքի ընկած ուսանողների հավաքածուն:) Շրջանավարտների ասոցիացիան 70 հիմնադիր անդամ ունի. համալսարանի առաջին շրջանավարտներից սկսած մինչեւ այս տարվա ավարտածները: “Մոտ հազար շրջանավարտ ունենք, որոնցից հինգ հարյուրն արդեն իսկ ներգրավվել է պրոցեսում: Ինչ-որ մի տեղ ավելի շատ աչքի ընկած ուսանողների հավաքածու է”,- ասաց ասոցիացիայի նախագահը: Ֆրանսիական համալսարանի քավոր-սանիկները:) Նորաստեղծ միավորումն իր գործունեությունը կսկսի` “քավորության” համակարգ ստեղծելով: “Դա մի համակարգ է, որ Եվրոպայում, մասնավորապես, Ֆրանսիայում է գործում. ավարտած ուսանողները, ովքեր ինչ-որ բանի հասել են իրենց մասնագիտական կյանքում, քավոր կանգնեն ուսանողին: Այսպիսով ուսանողները դառնում են սանիկներ, ամեն քավոր ունենում է մոտ չորս ուսանող, որոնց ուղղորդում է ամբողջ ուսման ընթացքում: Երբեմն դժվար է ծնողներին դիմելը, որովհետեւ ծնողը քսան տարի առաջ է ավարտել, չգիտի բոլոր նրբությունները, իսկ համալսարանն ավարտած մարդը ավելի լավ խորհուրդ կարող է տալ”,- նշեց Տիգրան Գալստյանը` շարունակելով, որ քավորություն անել գումարով օգտակար լինել չի նշանակում. “Ֆրանսիականում փողով ինչ-որ բանի չես հասնի”: ֆրանսիական համալսարան Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի նախագահը կարծում է` ոչ թե գործ անելուց հետո է պետք բոլորի համար ժամանց կազմակերպել, այլ ընդհակառակը. “Ներգրավում ես “entertainment”-ի միջոցով ու ասում`  եկեք ձեռքի հետ էլ էս գործն անենք: Այդպես ավելի արդյունավետ է: Մեր ասոցիացիայի հիմնադիր կազմը իրենից ներկայացնում է Հայաստանում առաջատար տնտեսվարող սուբյեկտների աշխատողների հավաքածու` “Օրանժ Արմենիա”, “HSBC Բանկ Հայաստան”, Երեւանի կոնյակի գործարան: Մեր երիտասարդ կադրերը ամեն տեղ արմատավորվել են, հիմա կարող են միասին ինչ-որ բան անել”: “Բիզնես-դպրոցի սաներ ենք” Դիսկոտեկային երեկույթին ներկա էին Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները, ուսանողներն ու դասախոսները, որոնք, շրջանավարտների խոսքերով, բաց են նոր առաջարկների համար: Հայկ Վարդանյանը համալսարանի նախորդ տարվա շրջանավարտներից է, ավարտել է Կառավարման եւ ֆինանսների ֆակուլտետը, հիմա ղեկավարում է  գերմանական “Շուկո” շինարարական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում: “Ասոցիացիայի նախաձեռնողներից մեկն եմ,  նաեւ վերոնշյալի  կողմից ստեղծված առաջին բիզնես-միավորման նախագահը: Կարելի է ասել` բիզնես դպրոցի սաներ ենք, Հայաստանում ֆրանսիական համալսարանը ֆինանսների եւ մարկետինգի, իրավաբանության ոլորտների կադրեր է տալիս, այս ասոցիացիայի ստեղծման արդյունքում շատ-շատ բիզնես միավորումներ են ստեղծվելու: Հիմնականում խորհրդատվական շուկայում ենք գործելու”,- ասաց շրջանավարտների ասոցիացիայի համահիմնադիրը: Կանաչ փարթի Փարթին կազմակերպել էր համալսարանի Կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Արմինե Բաբաջանյանը: “Կանաչ փարթի է: Էկոլոգիան թեմա ենք ընտրել, որ ընդգծվի ասոցիացիայի հասարակական բնույթը, տոմսերի վաճառքից առաջացած հասույթի մի մասը հատկացնելու ենք բարեգործությանը”: “Musique Café”-ն կհամախմբի:) Շրջանավարտների միավորումը նախաձեռնել է նաեւ “Musique Café”-ն, որի ծրագրում գերակշռում են ֆրանսիական ժամանակակից երգերը: Այն համախմբելու է Հայաստանի լավագույն երաժիշտներին: Կազմակերպիչները նշում են` պարբերաբար իրականացվելիք “Musique Café”-ն միավորելու է ֆրանսիական մշակույթը սիրողներին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին