Կորցրած հողերը հետ բերելու երգ Հայրենիք` արժեք, որ երգում է Արսեն Գրիգորյանը, երեկ “երգում էին” նաեւ դերասանները: Նպատակը` երիտասարդների հայրենասիրական ոգին բարձրացնել, արդյունքն է ներկայացման վերջում զինվոր հանդիսատեսներից մեկի հետեւյալ արձագանքը. “Մեր կորցրած հողերը պետք է հետ բերենք”:
“Կիլիկիո արքան”
Մուշեղ Իշխանի “Կիլիկիո արքան” բեմադրության պրեմիերան նոյեմբերի 9-ին էր Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Այն ներկայացնում է “Մրրո հայ ազգային արվեստի համակարգը”, պրոդյուսերն ու երաժշտական ձեւավորողը հենց Մրրոն է` Արսեն Գրիգորյանը: “Ֆանտաստիկ պիես է, որն ունի ցեղասպանությունից հետո հայրենադարձության եւ, առհասարակ, հայրենիքի գաղափարը, յուրաքանչյուր հայի գաղափարի, պատվի, հացի կռիվը: Կարծում եմ` այստեղ տարագիր հայի նկարագիրը կա, այն հայի, որ հայրենիքում եւ վերջինից դուրս փորձել է արարել, որովհետեւ իր տեսակն է այդպիսին”,- Bravo.am-ին ասաց երգիչը եւ հավելեց. “Ամենակարեւորը` մարդ պետք է մտածի` իր հայրենիքի, ժողովրդի ծառան է”: “Կիլիկիո արքան” բեմադրել է Գայանե Ասլանյանը: Տիկնիկային թատրոնի դերասանուհին այս տարվա փետրվարի 26-ին ընթերցասրահում գիրք կարդալիս է “պայծառացում” ունեցել:): “Մի շնչով կարդացի, այնքան էի ոգեւորվել, որ գիրքը վերցրի եւ ուղիղ գնացի Երգի թատրոն` Արսեն Գրիգորյանի մոտ: Ասացի` շշմելու գործ եմ կարդացել, այնքան լավն է, որ ցանկանում եմ բեմադրել: Կարդացի, հոգեւոր աջակցություն ստացա:)”,- ասաց նա:
Կայացավ Մուշեղ Իշխանի “Կիլիկիո արքան” բեմադրության պրեմիերան
Պիեսը փոփոխված է, հոգեբուժարանի փոխարեն հերոսը` Լեւոնը, ով իրեն արքա էր կարծում, գնում է Կիլիկիա, եւ նրան հետեւող հայեր են լինում: “Գաղթօջախում հայտնված ընտանիքի մասին է: Ճիշտ է` գաղթականի ճակատագրով ես չեմ ապրել, բայց հայը ապրել է, ես հայ եմ, իմն է, դա իմ արյանս, ենթագիտակցությանս, շնչածիս, ապրածիս մեջ կա: Անգամ դերասանների հագուստներով չեզոքացրել ենք գործողությունների իրականացման տարեթվի հարցը. գաղթականությունը բոլոր ժամանակների խնդիր է: Գուցե պրոֆեսիոնալների կողմից չընդունվի, բայց ես ամեն ինչ արել եմ ոչ թե ռեժիսուրական գրագիտությամբ, այլ մարդու զգացումներով` արվեստի մեջ փոխհարաբերություններում”,-ասաց 23-ամյա Գայանե Ասլանյանը: Դերասանները Երեւանի տարբեր թատրոններից կամավորներ են: Գլխավոր դերում հանդես եկող Դավիթ Գասպարյանը նշում է` բոլոր արտիստներն էլ հայրենասիրական թեմայով արտահայտվելու ներքին ցանկություն ունեն. “Գաղափարը համախմբող է, ամենակարեւորը հավատն է, եթե հանդիսատեսից յուրաքանչյուրի մեջ կարողանանք մի փոքր սերմանել, ուրեմն ներկայացումը կայացել է”:
Դերասանները Երեւանի տարբեր թատրոններից կամավորներ են
“Կիլիկիո արքան” բեմադրությունը արեւմտահայերեն է: “Մենք պարտավոր ենք բոլորին հիշեցնել, որ այդ լեզուն էլ ունենք: Հսկայական արեւմտահայ գրականություն ունենք, որ անհրաժեշտ է ճանաչել եւ ճանաչել տալ”,- ասաց Մրրոն: Ներկայացման ընթացքում Լիլիթ Դանիելյանի ստեղծագործություններն են հնչում: Ներկայացումը հովանավորներ չունի: Թե “Կիլիկիո արքան” հաջորդ անգամ երբ կներկայացվի, կապված է կազմակերպիչների ֆինանսական հնարավորություններից: “Սա չի կարող կոմերցիոն նպատակների ծառայել: Չենք էլ կարող վնասով անընդհատ մի բան անել, պետք է սպասենք, մինչեւ նյութականապես նորից պատրաստ կլինենք: Այստեղ մեր հաղթանակը բարոյական է”,- նշեց Արսեն Գրիգորյանը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Զավեն Խաչիկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: