Ռեփերի առաջին “խամաճիկային” մենահամերգը:)
Այս ամսին մարդիկ հիմնականում ցանկանում են հանգստանալ, իսկ Համոն “հավեսի ա ընկել”. համերգ է կազմակերպում:): Օգոստոսի 21-ին եւ 22-ին Երեւանի խամաճիկների պետական թատրոնում ռեփերը “Մարիոնետ” խորագրով երկու մենահամերգ կտա: Թատերականացված ռեփ երեկոներ են լինելու, Համոյին անգամ Շեքսպիրի հերոսներից մեկի կերպարում, այն էլ վերջինիս հատվածը ռեփ կարդալիս կտեսնեք:):
Թատրոն եւ ռեփ ձեւաչափում նախագիծ իրականացնելը դժվար է, բայց Համոյին շատ հարմար. նշանածը` դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն է կազմակերպչական հարցերով զբաղվում: “Մենահամերգի գաղափարը սիրելիս է տվել, նա իր գործի մեջ լավագույններից մեկն է: Ամենալավ գաղափարները սիրելի մարդիկ եւ կանայք են տալիս, մնում է տղամարդիկ ի կատար ածեն այդ ամենը: Այս դեպքում Լիլին ե´ւ գաղափարն է տվել, ե´ւ ի կատար է ածում, կատակ եմ անում, իրար հետ ենք անում… Մնում է` իմ տեղը երգի, պրծնենք:)”,- Bravo.am-ին ասաց “Հայ Թիմ”-ից Համոն:
Ռեփերը նշում է` հենց Լիլի Էլբակյանն է զգացել, որ հասունացել է “նման մի հետաքրքիր բան անելու պահը”, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ ինքն էլ նման մտահղացում ունենար:). “Չէ, ես ընդհանրապես մտածելու հետ սեր չունեմ:): Իհարկե, կմտածեի, ուղղակի ինքը զգաց, որ էդ պահն է”:
Բիթերի վրա խամաճիկներ խաղացնելը` դժվար գործ:)
“Մարիոնետ” խորագրով համերգին, բնականաբար, բեմում խամաճիկներ են լինելու: Համոն շեշտում է` ռեփի կորիզը բիթերն են, իսկ այդ բիթերի վրա խամաճիկներին խաղացնելը` շատ դժվար: “Նոր երգ ունեմ, որ հենց այդպես է կոչվում, դրա համար էլ մարիոնետների թատրոնում եմ անում: Խամաճիկների շոու կլինի. մոտ հինգ երգի ընթացքում մարիոնետները բեմում են լինելու… Սաղ փակագծերը չբացեմ` ինչ ենք անելու, ոնց ենք անելու, բայց հետաքրքիր է լինելու”,- ասաց Համոն:
Թելերը չեն երեւում, տերերը` այո, իսկ Համոյի բջջայինը երեք տարվա է:)
Ռեփերը նաեւ “Մարիոնետ”-ի պատմությունը պատմեց:). “Այդպես եմ անվանել, որովհետեւ ուրիշների կողմից կառավարվող մարդկանց մասին երգ է: Մեր քաղաքում մարիոնետները շատ-շատ են, չեն երեւում իրենց թելերը, բայց տերերը երեւում են: Մարդիկ չեն էլ թաքցնում ու ամաչում: Մի երգ ունենք` “Վոլտարեն”, դրանք, կներեք, հիվանդության ժամանակ օգտագործվող մոմիկներ են, մենք էլ երգում էինք “վոլտարեն” մարդկանց մասին, որ այդ մոմիկների պես գալիս եւ… Մի խոսքով, էս “Մարիոնետն” էլ թեմատիկորեն նման է այդ երգին: Ինձ թվում է` լավ է աշխատել ինչ -որ մի փոքր մաս, ապահովել քեզ, քո ընտանիքի կարիքները հոգալ ու մարիոնետ չդառնալ: Տղամարդ ասվածի մեջ մտնում է մարիոնետ չլինելն ու ինչ-որ մեկի շուքի տակ ման չգալը: Ուժեղ է այն մարդն, ով Աստծով է լցված, հավատում է նրան, ուժեղ է, թույլ ժամանակ դեւը գալիս, մի միլիոն, “Ռոլեքս”, մեքենաներ է առաջարկում… Հարուստ կյանք, երջանիկ ապագա, շատերը թանկանոց մեքենա ունեն, բայց տանը հաց չունեն: Հարեւաններ ունեմ, տղան 450-հազարանոց բջջային հեռախոս է բռնում, բայց հացի փող չունեն”: Համոն նման բաների նշանակություն չի տալիս, իր բջջայինն էլ երեք տարվա պատմություն ունի:):
Մենահամերգը փոքր դահլիճում է անցկացվելու, բայց դա չի նշանակում, որ Համոն վախեցողներից է:): “95-96 տեղ ունեցող դահլիճ է, ավելի մտերմիկ է լինելու: Նենց չի, որ վախում եմ դահլիճներ չլցնել: Սա առաջին քայլն է, “Հայ Թիմն” ու ընդհանրապես էս նոր սերունդն ու գաղափարի կրողները ինձ թվում է` առաջինը մտածում են, որ ամեն ինչ այնքան լիքը լինի, դրանից հետո նոր փորձեն ավելի մեծ, ավելի մեծ բաներ անել... Նույն խամաճիկները մեծ բեմում կկորեին”,- նշեց Համոն:
Բեմը սեւ եւ սպիտակ լուծումներով է լինելու: “Լիլին ավելի ռեժիսորական մասով է զբաղվում, ամբողջ գաղափարն էլ ի կատար է ածում Ռուբեն Աբրահամյանը: Լուսային, լազերային էֆեկտներ էլ կլինեն: Հետաքրքիր բաներ ենք մտածել: Բայց չեմ ուզում խաբել հանդիսատեսին, թե աննախադեպ ա լինելու ու բեմում թույն պինգվիններ բրեք-դանս են պարելու:)”,- ասաց Համոն:
“Դու չկաս” երգի, ու նա կհայտնվի:)
Համոն մոտ 40 երգ ունի: Հին երգերից “Գլամուրը” կկատարի ու էլի շատ երգեր. “Հիմա մտքերով չընկնեմ… Լինելու են նաեւ նոր երգեր, մի քանի պրեմիերա կլինի: “EVA” ռոք-խմբի հետ նոր դուետով հանդես կգամ: Ինքնասպանության մասին սիրուն երգ է: 24 ժամ եք վայելելու համերգը, կատակ, ժամի մասին չենք մտածում, մոտ մեկ ու կես ժամանոց ծրագիր է, բայց կարող է երեք ժամ տեւի: Սա հանդիպում է իմ հանդիսատեսի հետ, հարցեր եմ տալու, հարցերի եմ պատասխանելու, հետաքրքիր բաներ ենք մտածել, դիալոգի մեջ եմ մտնելու ու գլոբալ թեմաներ են քննարկելու, ինչպես, օրինակ, ճգնաժամը:): Չեմ պատրաստվելու, ինքնաբուխ հարցեր կլինեն, այնպես չի, որ երրորդ երգից հետո ասեմ` երկրորդ շարքում տենց մարդ կա, որ չի սիրում չգիտեմ ինչը...”:
“Դու չկաս”-ն է ռեփերի համերգային երգացանկի երրորդ երգը, բայց Լիլի Էլբակյանին նվիրված չէ:). “Երեւի ամենառոմանտիկ երգերիցս մեկն է: Մի տարի առաջ եմ գրել, էդ ժամանակ Լիկային ճանաչում էի որպես Լիլի Էլբակյան, ոչ ավել: “Դու չկաս”, որովհետեւ ինչ-որ մեկը չկար իմ կյանքում, դրա համար էլ գրել էի, դրանից հետո հայտնվեց նա: Բոլոր ստեղծագործողներին խորհուրդ եմ տալիս այդ խորագրով գործ գրել, եթե ուզում են իրենց կյանքում ինչ-որ հետաքրքիր փոփոխությունը լինի:)”:
Միշոն ու Սերժոն` փակի տակ :)
“Հայ Թիմ”-ի անդամը թիմակիցների օգնությունը չի ակնկալել ու նրանց հետ չի նախապատրաստվել համերգին, որովհետեւ. “Կապ չունենք, թեեւ ռեփի ու թատրոնի միջեւ ինչ-որ կապ կա. երկուսն էլ բողոքող ու ոչ կոմերցիոն են: Սիրո, գարնան, աշնան, ծագած արեւի, մարած լուսնի մասին չեմ երգում, էն, ինչ տեսնում եմ, կարող եմ երգի թեմա դարձնել”: “Հայ Թիմ”-ի մյուս անդամները բեմում չեն հայտնվի, բայց եթե քաղաքում լինեն, որպես հյուր ներկա կլինեն: “Բայց դժվար հանդիսատեսի շարքում լինեն, VIP, փակ տեղերում կպահեմ:), որովհետեւ տեղը փոքր է, հանդիսատեսը համերգ չի նայի, Միշոյից, Սերժոյից ստորագրություն կուզի, շոգ է, համերգ դիտելու հավես չունեն, բայց ինքնագրերը համերգից հետո կբաժանենք:)”,- նշեց Համոն:
Ռեփերը երգարվեստում “ամենակայֆ բանը” համարում է սիրելի երգչին բեմում տեսնելը. “Դրանից հարուստ էմոցիաներով երեւույթ չկա: Էս վերջերս գնացել եմ ոչ մեկի համերգին, որովհետեւ, ցավոք սրտի, նման մեկը չի եկել, չնայած` Սերժ Թանգյանի համերգին ուզում էինք գնայինք, բայց ծանր գրաֆիկով ենք աշխատում, չհասցրինք”:
Մերկուցիոն կարող է ռեփ կարդալ:)
Լիլի Էլբակյանն իր կուրսի հետ Շեքսպիրի “Ռոմեո եւ Ջուլիետ” ներկայացումն էր բեմադրում ու Համոյին տեսավ Մերկուցիոյի կերպարում:): “Հանկարծակի մտածեցինք, որ Մերկուցիոյի կերպարը կարա շատ հանգիստ ռեփ կարդա: Չնայած Շեքսպիրի խոսքերի հիման վրա եմ գրել, բայց իր խոսքերը չեն ամբողջը, հիմքն եմ պահել: Այն կտորը, որ Մերկուցիոն երգում է, կարդացել եմ մի քանի անգամ, մարսել եմ, որից հետո գրել եմ: Իհարկե, Շեքսպիր ու ռեփ` վախենալու է, բայց Լիլին համարձակ գտնվեց, ասաց` արի փորձենք: Մահվան բողոք է, համերգին անպայման կկատարեմ”,- անակնկալներից մեկը բացահայտեց Համոն:
Մենահամերգի ընթացքում ռեփերը սպորտային ոճում է լինելու. “Այդ ոճի սիրահար եմ, շապիկներս գանգերով, հետաքրքիր դիզայնով են: Երգերի հետ կապված դետալներ են ավելացվելու հագուստիս վրա”: Համոն գանգերի պահը պարզաբանեց:). “Մայկայի վրա եմ գանգեր սիրում, բայց ինձ աղջիկներն են դուր գալիս:)”:
“Մարիոնետ”-ի տոմսերը 2 000-ից 5 000 դրամ արժեն: “Շատ անակնկալներ ենք պատրաստում, իսկ շատ անակնկալները գումար արժեն, չեմ ուզում փակագծերը բացել, բայց տոմսին տված փողը հետ է գալու, բայց ոչ փողի տեսքով. էմոցիաներ, հետաքրքիր իմպրովիզներ, նվերներ… Ինձ թվում է` չեն զղջա, որ եկել են համերգիս”,- ասաց Համոն:
Համոն Աստծո անունը տվեց, Bravo.am-ն էլ հետաքրքրվեց` երբ են ինքն ու Լիլին Աստծո խորանի առջեւ իրար հավերժ սիրելու խոստում տալու: “Դե ես Լիլիին ասում եմ` քեզ սիրում եմ, ու Լիլին ինձ նույնպես ասում է, արդեն նշանակում է` Աստծո խորանի առջեւ ենք ասում. Աստված տեսնում է անգամ քո մազի շարժումը: Եկեղեցում պաշտոնական չենք ասել, բայց ընտանիքն էլ է եկեղեցի: Հարսանիք լինի, կգնանք եկեղեցի: Երբ է լինելու, չեմ կարող ասել, բայց շուտով կլինի:)”,- պարզաբանեց Համոն:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Համոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: