Տոնի ավանդական դրսեւորումները` ժամանակակից շնչով :) Դիզված խարույկի տոնի ավանդական ծեսը ներկայացնելու համար «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ն փետրվարի 13-ին «Արարատ Հոլ» ռեստորանի բակում, ապա` բուն ռեստորանում կազմակերպել էր ավանդական Տյառընդառաջի արարողակարգը: :) Հայկական սեղանի ավանդական կերակրատեսակները Հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը կարծում է` Տյառընդառաջ տոնն ազգային խոհանոցը պահպանելու միջոցներից մեկն է. «Կան հին հայկական կերակրատեսակներ, որոնք այս կամ այն չափով մոռացության են մատնվել, վերականգնել ենք, ներկայացրել շատ մարդկանց, նաեւ զբոսաշրջիկներին, որոնք, իրոք, տպավորված են եղել:)»: Սեդրակ Մամուլյանն ասաց, որ գաթան, փոխինձի գնդիկները, հալվան հնում հայերի տոնական սեղանի սիրված անուշեղենն են եղել. «Մենք ազգային տոները հիշելու, վեր հանելու համար ենք կազմակերպում ավանդական տոները, չնայած դրա մասնագետը չենք, բայց դիմում ենք ազգագրագետների օգնությանը, որ ամեն ինչ հին հայկական ճիշտ ձեւով նշենք»: Զույգի «Բոխչա» խաղը եւ վարդերով լոգանքը:) Խարույկի շուրջ ավանդական պարերը ներկայացնում էր «Կարին» համույթը, կրակի վրայով թռչելու հնարավորությունն էլ առաջինը տրվեց համույթի նորաստեղծ ամուսնական զույգին` Արտյոմին ու Անիին:): Արտյոմը խմբում պարում է շուրջ 9, Անին` 3 տարի. «Պարի շնորհիվ ենք ծանոթացել, ազգային պարն է մեզ միացրել:): Բնականաբար, մեր հարսանիքին շատ ազգային պարեր ենք պարել ու մոռացված ավանդույթները հիշել: Օրինակ, հնում հարսի մոմերով պար է գոյություն ունեցել, որի ժամանակ յոթ ամուսնական զույգ մոմերով շրջան է կազմել հարսի ու փեսայի շուրջ` նրանց չարիքից պաշտպանելու համար: Մոմերը խորհրդանշում են նորապսակների լուսավոր ու բարի ապագա կյանքը: Մեր մուտքը դեպի սրահ սովորական քայլերով չի եղել. քոչարու ներքո պարընկերները ուղեկցեցին մեզ պարահարթակ»,- պատմում է Արտյոմը: Զույգի միայն հարսանիքը ավանդական չի եղել, հարսանիքից մեկ օր առաջ Արտյոմն իր ընկերների հետ խաղացել է «Բոխչա» ավանդական խաղը, իսկ Անին իր հայրական տանը ընկերուհիների հետ վարդերով լոգանք է ընդունել:). «Ծաղկեփունջ նետելու փոխարեն աչքերս փակ պտտվելով աղջիկներից մեկին տվեցի ծաղկեփունջը, փեսան էլ բոխչան նետեց հարսի ներքնազգեսի մի հատվածի փոխարեն»: Ընդունված է եղել շորի փեշը կամ կոշիկի թելը մի քիչ վառել Տյարընդառաջի ավանդական կրակի վրայով նաեւ թռան ներկաներն ու հյուրերը, ինչից հետո միջոցառման հաջորդ հատվածում ռեստորանի ներսում կազմակերպիչները հակիրճ բացատրեցին տոնի խորհուրդը: Պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Էմմա Պետրոսյանը նշեց, որ գլխավոր ծիսակատարությունը կրակի շուրջ հավաքվելն է, որը խորհրդանշում է երիտասարդություն, սեր, պտղաբերություն եւ նորապսակ զույգերի օրհնանք. «Այն շարժական տոն չէ, նշվում է փետրվարի 13-ի երեկոյան` եկեղեցու պատարագից հետո: Առաջ մարդիկ ցախի մի մասը տանն են պահել, մյուս մասը տարել եկեղեցի, օրհնված կրակը բերել են տուն ու վառել տան կրակը: Շուրջը պարել են, թռել, բայց հետ ցատկել չի կարելի, պետք է շրջվել ու նույն տեղից ցատկել: Տրնդեզը համարվել է պսակվածների տոն, բայց բոլորն են նշել, ընդունված է եղել, որ շորի փեշը կամ կոշիկի թելը կարելի է մի քիչ վառել»: «Տրնդեզին «Գյովընդ» կոչվող շուրջպարն ու մոմերով պարն են պարել». Գագիկ Գինոսյան Միջոցառմանը մասնակցում էին ռեստորաններ, որոնք իրենց ճաշացանկով եւ ուղղվածությամբ ավանդական հայկականն են ներկայացնում: Ֆուրշետի կողքին կարելի էր տեսնել թոնրում եփված ղափամա, աղանձ, փոխինձ, բազմատեսակ թանձրուկներ ու այլ ուտեստներ: Ներսում էլ շարունակվում էր ավանդական երգ ու պարը:): «Մեր խոհանոցը, պարերը, սովորույթները շաղկապված են մեր բնակլիմայական պայմանների, բնամթերքի, մեր տեսակի հետ, որոնք առանձին խարխլվում են»,- կարծում է «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրա խոսքով` պարերի որոշ նմուշներ կարող ենք տեսնել եկեղեցիների պատերին, խաչքարերի վրա փորագրված, նաեւ գորգերի վրա. «Հիմա մի պար են ստեղծում, անունն էլ դնում կուժերով պար կամ քոչարի, այդ կերպ պարի գենետիկ հիշողությունը վերանում է, իմաստը փոխվում է: Հաջորդ սերունդը չհասկանալով` պետք է նոր պարի շարժումները սովորի, որոնք չմեկնաբանվող, տրամաբանությունից դուրս շարժումներ են դառնում»: Գագիկ Գինոսյանը նկատում է, որ ավանդական երգ ու պարով հետաքրքրվող կան, սիրով միանում են իրենց խմբին, տեղում սովորում պարերի շարժումները:). «Սկզբում Նարեկացի արվեստի կենտրոնում էինք, ուր մոտ 100 մարդ կար, բայց ամռան ամիսներին տեղափոխվեցինք Կասկադի պուրակ, մեր շարքերը մի քանի անգամ ավելացան, բազմաթիվ արտասահմնացիներ տեղում միանում էին մեր պարին: Քանի ցուրտ է, «Նարեկացի»-ում ենք պարելու, ամռանը նորից Կասկադի անցորդներին կոգեւորենք»: Նա նշում է, որ առաջ Տրնդեզին «Գյովընդ» կոչվող շուրջպարն ու մոմերով պարն են պարել. ««Գյովընդը» փակ շրջանով են պարում, ամենահամայնքային պարերից մեկն է, որը հենց համայնքի ավարտունությունն է խորհրդանշել, որ «չար ուժերը» չներթափանցեն համայնք: Մյուս պարը մոմերով են պարել եւ այդ մոմերը նետել են կրակի մեջ»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները`Kiki-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: