«Գլամուրը զբաղեցնում է չսիրածս բառերի վերին հորիզոնականը...» :) Հեռուստահաղորդավարուհի Մարինան մոտ 2 տարի է` աշխատում է “Դար 21” հեռուստաընկերությունում, վարում “Սիեստա” եւ “Com.Info” հաղորդումները: Դեռ մանկուց Մարինային դուր է եկել հաղորդավարի աշխատանքը: Գրել-կարդալ սովորելուն պես գրքերից տարբեր տեղեկություններ է դուրս բերել, ապա ժամերով նստել ձայնագրիչի առջեւ ու խոսել, անգամ հաղորդում է ստեղծել` այն անվանելով «Գիտե՞ ք որ»: Մարինան միշտ մտածել է, որ երբ մեծանա, հաղորդավար է դառնալու, բայց ժամանակի ընթացքում, ինչպես ինքն է ասում, այդ ցանկությունը ստվերում է մնացել: - Իսկ ինչպե՞ս իրականացավ ստվերում մնացած ցանկությունդ: - Այդ ուղղությամբ այնքան ժամանակ չէի մտածել, մինչեւ որ ուսանողական տարիներին ընկերուհիս առաջարկեց սովորել նաեւ Աբել Աբելյանի CASTING SCHOOL ռադիոհեռուստահաղորդավարների դպրոցում: Ու ես էլի սկսեցի մտածել այդ ուղղությամբ, գնացի սովորելու այդ դպրոցում: Այդ ժամանակ TV-ն սկսեց ինձ գրավել: Ավարտելուց մեկ տարի հետո իմ շատ սիրելի Աբելը զանգեց ու ասաց, որ “Դար 21”-ին հաղորդավարներ են պետք, քաստինգ են արել, որի արդյունքում մի քանիսի հետ ընտրել են նաեւ ինձ: Այստեղից էլ սկսվեց ամեն ինչ... Գնացի “Դար 21”-ի քաստինգին, ապա հեռուստաընկերության պրոդյուսեր Գոռ Հարությունյանն ասաց, որ հաջորդ հանդիպմանը “Սիեստա”-ի համար պետք է պատրաստվեմ: Հիշում եմ իմ արձագանքը, երբ լսեցի «Սիեստա» անունը:). չէի պատկերացնում, որ միանգամից ուղիղ եթերի համար պետք է պատրաստվեմ: Ասացի` “ինչպե՞ս, ուղիղ եթե՞ր”, իսկ Գոռը շատ հանգիստ պատասխանեց` “այո”: Մի քանի ամիս պրակտիկա անցնելուց հետո, որի ընթացքում Գոռը մեզ շատ էր օգնում, եկավ առաջին եթերի օրը: “Սիեստա”-ն էլ եղավ իմ առաջին հաղորդումը: Տարօրինակ է, բայց առաջին եթերի համար ես բավականին անկաշկանդ էի: Հիմա, երեւի, ավելի շատ եմ հուզվում եթերից առաջ, քան առաջին օրը: :) - Հաղորդավարությունից բացի նաեւ լրագրությա՞մբ ես զբաղվում: - Այո: Առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ, իսկ հիմա սովորում եմ լրագրության ֆակուլտետում: Վարել եմ նաեւ “File Pro” հաղորդումը, բայց հիմա այդ հաղորդման համար աշխատում եմ որպես լրագրող: - Հեռուստահաղորդավարներից ու՞մ ոճն է քեզ դուր գալիս: - Կան մարդիկ, որոնց դիտելով ես ինձ համար ինչ-որ բաներ եմ քաղում: Ինձ շատ է դուր գալիս Գեւորգ Ալթունյանի խոսելաոճը: Նա միշտ խոսում է շատ հանգիստ, տեղին ու համոզիչ: Երեւում է, որ իր խոսքում նա վստահ է, այդ վստահությունը փոխանցվում է նաեւ էկրանից այս կողմ: Շատ եմ սիրում ամենահայտնի հաղորդավարներից Լարի Քինգին: Հանրությանը միշտ ասելիք ունենալ` Լարի Քինգի մեջ ինձ դա է հիացնում: Նրա գրքերից էլ դա կարելի է նկատել: - Իսկ հայկական սիրելի հաղորդում ունե՞ս: - Ոչ, հայկական սիրելի հաղորդում չունեմ: Կան հետաքրքիր հաղորդումներ, բայց դրանք առանձնացնել չեմ կարող: - Ըստ քեզ, ինչպիսի՞ն պետք է լինի հաղորդավարուհին եթերում: - Ինձ պես:): Հաղորդավարուհին պետք է ունենա գեղեցիկ ժպիտ, գեղեցիկ խոսք եւ, իհարկե, այդ ամենը գեղեցիկ մատուցելու կարողություն: - Կառանձնացնե՞ս այն հաղորդավարներին, ովքեր, ըստ քեզ, սխալ տեսքով են եթեր դուրս գալիս: - “Հագուստով դիմավորում են, խելքով ճանապարհում”. այս արտահայտությունը տեղին է մշտապես եթեր դուրս եկող մարդու պարագայում, քանի որ հեռուստադիտողն առաջին հերթին նայում է, թե ինչ ես հագել, եւ ըստ դրա կարծիք ձեւավորում քո մասին: Եթե հարցնեիք, թե ով է ճիշտ տեսքով ներկայանում հանրությանը, միանշանակ կառանձնացնեի Նազենի Հովհաննիսյանին. նա գիտի`որտեղ ինչ հագուստով ներկայանալ, հատկապես եթերում: Իսկ որպես սխալ կերպար ինձ համար 1-ին հորիզոնականում “ATV”-ի հաղորդավարուհի Լիանան է. ես չեմ հասկանում նրա ոճը, եթե դա կարելի է ոճ համարել: - Իսկ դու ոճաբան կամ խորհրդատու ունե՞ս: - Ես ոճաբան չունեմ: Երբեմն ինչ-որ հարցերում հաշվի եմ առնում պրոֆեսիոնալների կարծիքը, բայց իմ ոճով ես ինքս եմ զբաղվում, իմ արտաքին տեսքում ամեն ինչի հեղինակը ես եմ: :) - Արտաքին տեսքդ հաճախ է փոփոխությունների ենթարկվում, ի՞նչով է դա պայմանավորված: - Ես փոփոխական մարդ եմ, տանել չեմ կարողանում միօրինակությունը: Այդ պատճառով էլ փոփոխություններ շատ եմ սիրում, հատկապես արտաքինում: Ասում են` կինն իր ամբողջ կյանքի ընթացքում 104 անգամ փոխում է իր իմիջը: Չգիտեմ` դեռ որքան կփոխվեմ, գուցե եւ անցնեմ 104-ի սահմանը:): - “Դար 21”-ում ես աշխատում, իսկ 21-րդ դարի երիտասարդի կյանքով ապրու՞մ ես: Քո պատկերացմամբ, ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի երիտասարդը: - Ճիշտ եք, 21-րդ դարի երիտասարդի կյանքով ապրելը լայն հասկացություն է: Գուցե ինձ համար ես բավականին ազատամիտ ու առանց կոմպլեքսների մարդ եմ, իսկ դիմացինիս համար` ճիշտ հակառակը: Ամեն ինչ հարաբերական է: Ըստ իս, որ դարում էլ մարդ ապրի, պետք է ապրի ինչպես իրեն է հարմար, ինչպես որ ինքն է ճիշտ համարում` միաժամանակ չվնասելով դիմացինին: Ինչ էլ որ անի, չպետք է կորցնի իր «ես»-ը: - Ինչո՞վ է հագեցած լինում քո օրը: Գլամուրայի՞ն, թե՞ խաղաղ կյանքն ես նախընտրում: - Գլամուրը զբաղեցնում է չսիրածս բառերի վերին հորիզոնականը: Իմ կյանքը գլամուրային չէ, բայց խաղաղ էլ չէ. բնույթով հանգիստ մարդ չեմ, հետեւաբար` խաղաղ կյանքն ինձ համար չէ: Օրս անպայման պետք է լի լինի, այն չպետք է դատարկ անցնի: Աշխատանք, որից հետո անպայման ակտիվ հանգիստ. չեմ սիրում պասիվությունը: - Նկարահանվել ես նաեւ տեսահոլովակում: Դա քո առաջի՞ն փորձն էր: - Վերջերս նկարահանվում էր Արմոյի “Կարոտում եմ” երգի տեսահոլովակը, որի հերոսուհին ես եմ: Այդ ասպարեզում սա իմ առաջին փորձն էր, բայց, կարծում եմ, վերջինը չի լինի:): Ուզում եմ ուժերս փորձել նաեւ դերասանական արվեստում: Առաջարկները շատ չեն, բայց եղել են, սակայն սա առաջինն էր, որ ընդունեցի: - Ինչպե՞ս ես ուզում ընթանա քո կարիերան: - Շատ եմ սիրում իմ աշխատանքը, աշխատում եմ ինձ վրա, որ ժամանակի ընթացքում էլ ավելի հմտանամ ու պրոֆեսիոնալ դառնամ: Ես երբեք չեմ մտածում, որ այս կամ այն հարցում հասել եմ ինչ-որ աստիճանի: Եթե այդպես մտածեմ, էլ չեմ աշխատի ինձ վրա: Միշտ էլ աճելու ու բարձրանալու տեղ կա: Հիմա աշխատում եմ “Դար 21”-ում, ինձ դուր է գալիս այն, ինչ կա մեր TV-ում: Շուտով կլրանա երկու տարին, որ այնտեղ եմ աշխատում, բայց մի պահ որ ետ եմ նայում, չեմ հավատում, որ այսքան ժամանակ է անցել. երբեմն թվում է` դեռ երկու ամիս էլ չի անցել::) - Ի՞նչ ես կարծում, հեռուստահաղորդավարներն “աստղե՞ր” են: Ինչպե՞ս ես վերաբերվում “աստղ” հասկացությանը: Քեզ համար “աստղեր” կա՞ն: - Չեմ սիրում “աստղերը միայն երկնքում են” ծեծված արտահայտությունը: Ինձ համար աստղեր կան, բայց հայրենական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին այսօր չեմ կարող դասել այդ աստղերի շարքին: “Աստղերն” ինձ համար Հայաստանից շատ հեռու են: - Ապագայում ի՞նչ նոր ծրագրում, ինչպիսի՞ն քեզ կտեսնեն հեռուստադիտողները: - Նոր ծրագրեր դեռ չկան, բայց մտահաղացումներ կան. նորություններ կլինեն: Ապագան մենք ենք կերտում: Հենց դրանով էլ զբաղված եմ, այնպես որ, ինչպիսին էլ որ տեսնեն, չեն հիասթափվի:): - Իսկ ի՞նչ կմաղթես քո գործընկերներին: - Անխափան եթերում նորանոր ծրագրեր եւ, ամենակարեւորը, մեր իրականության մեջ օրեցօր ավելացող չկամության պակաս: Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Մարինայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: