Տոնական համերգ` Գարիկի եւ Վաչեի հետ:) Կանանց միջազգային օրվան նվիրված համերգներից ու միջոցառումներից, թերեւս, ամենամասսայականը Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում էր: Մարտի 8-ի համերգային ծրագրում երգում էին էստրադային երգիչներ: Այն վարում էին «Վիտամին» ակումբի Գարիկը եւ Վաչեն: Գարիկին բեմի լույսերը խանգարում էին տեսնել, թե դահլիճում նստածների քանի տոկոսն են կազմում կանայք, պարզվեց` մեծամասնությունը, որոնք իրենք իրենց տոնն են շնորհավորում ծափերով. «Թող ոչ մի կին հիմա չծափահարի, ստուգենք տղամարդկանց թիվը»,- բարձր ծափեր լսելով ու հանդիսատեսի ծափերի «քանակը» ստուգելուց հետո Գարիկի կողքին հայտնվեց Վաչեն: «Վիտամին»-ի տղաները իրենց հայտնի բողոքողների շարքը ներկայացրին հանդիսատեսին: «Էս մարտի 8-ը էնքան վատն էր, որ ընկերուհուս հետ գնացինք թանկանոց ռեստորան, թաքուն հանեցինք մեր բրդուճները կերանք:)», - բողոքում էր Վաչեն, Գարիկն էլ իր հերթին էր բողոքում. «Իմ համար մարտի 8-ը էնքան վատն էր, որ վերջին կոպեկներով ընկերուհուս ծաղիկ նվիրեցի, էն էլ կնիկս նեղացավ:)»: Հետո անցան ամենավատ համերգներին. Գարիկի գնացած համերգը շատ վատն էր, որովհետեւ կիթառի լարերից լվացք էր փռած, իսկ Վաչեն ավելացրեց. «Մեր համերգին դհոլչին դհոլի տեղը փորին էր խփում ու նվագում»: Մարտի 8-ին նրանք չմոռացան ծաղիկների թեման. պարզվեց ծաղիկներն այնքան են թանկացել, որ Վաչեն սիրելիի համար գերեզմանոցից մեխակներ է «գողացել»: Գարիկն էլ ծաղիկների փոխարեն «ջրծաղիկ է նվիրել»: :) Համերգային ծրագրում երգեցին Ռազմիկ Ամյանը, Միշոն, Միսթեր X-ը, Սոֆի Մխեյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Վլադիմիր Արզումանյանը, Ռազմիկն ու ընկերները, Նիկ Էգիբյանը, Նելլին եւ այլք: Համերգը բացեցին «Լամբադա» պարային խմբի աղջիկները, Միշոն առաջին անգամ իր ռեփային պոպուրին կատարեց, Ռազմիկ Ամյանը` «Թելիկ-մելիկը», Սոֆի Մխեյանը` «Ճանաչիր» երգը, Նիկ Էգիբյանն ու Նելլին` իրենց նոր զուգերգը, Ռազմիկն ու ընկերներն էլ` «Maroon 5»-ի «This Love»-ը: Երգիչները չէին մոռանում շնորհավորել բոլոր կանանց` մայրերի, քույրերի, սիրելիների տոնը գրեթե նույնանման բարեմաղթանքներով:): Համերգի կազմակերպիչ «AAD» ընկերությունը հրավիրել էր այն երգիչներին, որոնք, ըստ կազմակերպիչների, կոմերցիոն են: Կազմակերպիչների առաջարկով բացի ծանոթ ու սիրված երգերից երգիչները կատարում էին նոր երգեր:): Համերգին նաեւ պետք է երգեր «Ռեինկարնացիա» խումբը, սակայն հարգելի պատճառով ելույթ չունեցավ: Մեկ բաժնից կազմված համերգը «Վիտամին» ակումբի տղաները փորձում էին դարձնել էլ ավելի տոնական, հումորային ու երաժշտական: Վերջում Գարիկը չմոռացավ գովել իրենց համերգը. «Էս համերգն էնքան լավն էր, որ Սառա Քոննորը հանեց իր համերգը»: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: