×


Մաքսիմ Վենգերով

Մաքսիմ Վենգերով

“Ես ինձ մեկ քառորդով հայ եմ զգում” Փետրվարի 18-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս`  մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, հանրահռչակ ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի մասնակցությամբ: Maxim Vengerov Մաքսիմ Վենգերովը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով, փետրվարի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում: Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ աշխարհահռչակ երաժիշտը մեր քաղաքում է: Նա փորձեր, վարպետության դասեր է անցկացնում: Երաժիշտը դեռեւս շատ բան չի հասցրել տեսնել. տաճարներ եւ գեղատեսիլ վայրեր համերգի հաջորդ օրը կայցելի, բայց ջութակահարը առավել տպավորվել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի այցելությունից: Maxim Vengerov “Շնորհակալ եմ ճակատագրիս, որ վերջապես հնարավորություն ունեցա հանդես գալ Երեւանում: Սա մեծ պատիվ է ինձ համար: Ամբողջ աշխարհում բազմաթիվ հայ ընկերներ ունեմ: Ես ինձ մեկ քառորդով հայ եմ զգում :): Սիրում եմ հայկական երաժշտություն: Ինձ համար Արամ Խաչատրյանը հանճարեղ կոմպոզիտոր է:  Երազանքս է սովորել ջութակի համար գրված իր համերգը եւ ձայնագրել այն”,- ասաց Մաքսիմ Վենգերովը: Մաքսիմ Վենգերովը բազմիցս հանդես է եկել աշխարհի լեգենդար բեմերում` հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: Նա համագործակցել է լավագույն երաժիշտների հետ եւ արժանացել բազմաթիվ մրցանակների, այդ թվում` երկու “Grammy”-ի: Sergey Smbatyan “Հայրս հոբոյահար է: Հաճախում էի հայրիկիս համերգներին ու աչքերով նրան էի փորձում գտնել, բայց հոբոյահարները հեռու են կանգնում, եւ իմ աչքի առջեւ երեւում էին միայն առաջին ջութակները: 5 տարեկան էի եւ ասացի` ուզում եմ ջութակահար դառնալ, որ բոլորը տեսնեն ինձ :)”,- պատմում է 36-ամյա ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը: Նրա մասին մի շարք ֆիլմեր են նկարահանվել, իսկ 1997 թվականից սկսած, երբ դեռ 23 տարեկան էր, երաժիշտը հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոմիսար` բարի կամքի դեսպան: Maxim Vengerov “Ջութակը հոգու շարունակությունն է, իսկ աղեղը` ձեռքի :): Երաժշտությունը լեզու է, որի միջոցով կարելի է փոխանցել ցանկացած զգացմունք առանց խոսքերի: Ես դրանում համոզվեցի 3-րդ դասի երկրներ ճանապարհորդությունների ընթացքում:  Նման երկրներում բառերը ավելորդ են, ոչ մի ուժ չունեն”: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չբացառեց, որ հնարավոր է` Մաքսիմ Վենգերովը հանդես գա որպես ժյուրիի նախագահ հաջորդ տարի անցկացվելիք` Արամ Խաչատրյանի անվան մրցույթում: “Նկատել եմ` Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում երաժշտական եւ մշակութային կրթությանը: Ես հպարտանում եմ ձեզանով”,- ավելացրեց երաժիշտը: Maxim Vengerov & Hasmik Poghosyan “Այս համերգը նվիրված է սիմֆոնիկ երաժշտությանը, միգուցե համերգի վերջում ջութակով մի բան կատարեմ, բայց հուսով եմ` մեկ օր հանդես կգամ Հայաստանում արդեն անհատական համերգով` որպես ջութակահար”,- ասաց Մաքսիմ Վենգերովը, իսկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը միանգամից ավելացրեց. «Հրավիրում ենք:)»: Մենք խոստանում ենք անպայման պատմել Մաքսիմ Վենգերովի` փետրվարի 22-ին կայանալիք համերգի մանրամասները:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին