“Ոսկե Ծիրան”-ի գերմանական հյուրասիրությունը “Ոսկե Ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 13-ին բացվեց “Ռեժիսորներ առանց սահմանների” տարածաշրջանային համագործակցության ֆորումը, լրագրողների հետ հանդիպում ունեցավ «Երեւանյան պրեմիերա» ծրագրի մասնակից Ստանիսլավ Գովորուխինը, ցուցադրվեց նրա “Ուղեւորը” ֆիլմը, վարպետության դաս տվեց փառատոնի պատվավոր հյուր, ֆրանսիացի ռեժիսոր Քլեր Դընին ու... “Ոսկե Ծիրանն” ընթանում է իր բնական եւ ծիրանային հունով:): Երեկոյան “Մոսկվա” կինոթատրոնի առջեւ ART VOICES-ն իր երաժշտությունն էր հնչեցնում, երեկ նաեւ գերմանական կինոյի օրն էր:): Ֆաթիհ Աքինի “Հոգու խոհանոց” ֆիլմը ցուցադրվեց, այնուհետեւ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը Golden Tulip Երեւան հյուրանոցում ընդունելություն անցկացրեց: Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը ողջունեց հյուրերին ու նշեց, որ դեսպանատունն է հովանավորել ազգությամբ թուրք, գերմանացի հայտնի ռեժիսորի այցը Հայաստան: Ֆաթիհ Աքինն էլ շնորհակալություն հայտնեց լավ ընդունելության համար, ասաց, որ Երեւանը խորհրդավոր քաղաք է համարում: “Հուզիչ բաները ոչ լուրջ բաների մեջից են բուսնում:)”. Սերժ Ավեդիկյան Կոկտեյլին մասնակցում էր նաեւ ֆրանսիահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը, ով վարում էր “Ոսկե Ծիրան 2010”-ի բացման հանդիսավոր արարողությունը: “Բացում վարելու մեջ միշտ էլ կլիշեատիպ բան կա: Չգիտես, որ ճանապարհը ընդունել` շոու լինի, թե լուրջ, թե հուզիչ... Ես դահլիճը տեսա, ասացի` ինձ առանց թել բարձրախոս տան. ամբիոնի հետեւը չեմ կանգնելու... Այդպես որոշեցի, որ գնում եմ դեպի հանդիսատես, ինչպես ասացի` քցվում եմ ջուրը:): Երկու լեզվով էի վարում, երրորդը անգլերենն էր, համ հաճույք կպատճառենք ֆրանսիացիներին, հետո ես անգլերենի հետ այդքան չունեմ:): Էներգիա կարողացա փոխանցել հանդիսատեսին. մենք լուրջ մարդիկ ենք, բայց պետք չի ծանրացնել, հետո հուզիչ բաները ոչ լուրջ բաների մեջից են բուսնում: “Անրի Վերնոյի 90-ամյակը” շատ հուզիչ դուրս եկավ: Միշտ հաճույք է հաճույք պատճառելը”,- ասաց Սերժ Ավեդիկյանը: Ռեժիսորը կարծում է` այս տարվա “Ծիրանը” հասած է:). “7-րդ տարին կրիտիկայի եւ մեծանալու տարի է, ինչպես երեխայի դեպքում, թե ինչ մարդ է դառնալու: Կարծում եմ` այս տարի փառատոնը գտնում է իր դիմագիծը, յուրահատկությունը, ժողովուրդը, օտարները առավել եւս զգում են` “Ոսկե Ծիրանը” այն շրջանակն է, ուր կարելի է գալ, սովորել, ինչ-որ բաներով փոխանակվել: Կինոփառատոնին միայն բարեմաղթանքներ են պետք, այն անհրաժեշտություն է հայկական կինոյի համար”: Bravo.am-ը պատմել է, որ “ReAnimania 2010” միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի շրջանակներում էքսկլյուզիվ ցուցադրություն է լինելու: Տեղի կունենա Կաննի կինոփառատոնում “Լավագույն կարճամետրաժ ֆիլմ” անվանակարգում հաղթանակած հենց Սերժ Ավեդիկյանի “Chienne d’Histoire” 15-րոպեանոց ֆիլմի պրեմիերան: Հատուկ ծրագրով կներկայացվեն նաեւ ռեժիսորի ֆիլմերը: “Երկրորդ փառատոնը` գեղեցիկ ու շատ երիտասարդ, որին օգնել է պետք, ReAnimania-ն: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ այլ ֆիլմերս էլ կցուցադրեմ, workshop կանցկացնեմ, երիտասարդ ռեժիսորների հետ կխոսեմ. ամենաճիշտը փորձդ մյուսներին փոխանցելն է: Ցուցահանդես էլ կլինի ֆիլմի հետ կապված պատկերներով”,- ասաց Սերժ Ավեդիկյանը: “Երդում էի տվել` երբեք այս երկիր որպես զբոսաշրջիկ չվերադառնալ” Նա շատ գոհ է, որ սեպտեմբերին նորից Հայաստան է վերադառնալու: “Դա նշանակում է` հաճախակի հայրենիք գնալ, գալը: Հիմա մինչեւ փառատոնի ավարտը այստեղ եմ, աշխատանքային գրաֆիկ է, իհարկե, մեկ-մեկ հաճույքներ պետք է պարգեւես ինքդ քեզ, բայց 15 տարեկան հասակում Հայաստանից գնալուց ինձ երդում էի տվել` երբեք այս երկիր որպես զբոսաշրջիկ չվերադառնալ: Նախ` շատ եմ սիրում աշխատել, երկրորդը` ինչպե՞ս կարելի է զբոսաշրջիկ լինել ծնվածդ քաղաքում: Ոչ թե ժամանակ չունեմ, այլ այդ ոճով չեմ ապրում”,- Bravo.am-ին ասաց Սերժ Ավեդիկյանը: Հիմա ռեժիսորը “Chienne d’Histoire”-ի շարունակությունն է նկարում` Ստամբուլի թափառական շների մասին փաստագրական ֆիլմ. “Ստամբուլի դիմանկարն եմ ներկայացնում շների միջոցով, թե ինչպես է էջը շուռ գալու, որովհետեւ, կարծում եմ, այս պատմությունը վերջանալու վրա է: Հիմա մոնտաժում եմ, 52 րոպեանոց ֆիլմ կլինի` «Խրոնիկա` Ստամբուլի փողոցային շների””,- նշեց Սերժ Ավեդիկյանը: Մարդկային “Ոսկե Ծիրան”:) “Հայկական համայնապատկեր” մրցույթի ժյուրիի անդամ Վահրամ Մարտիրոսյանը “Ոսկե Ծիրան”-ից ամենալավ տպավորություններն ունի. “Համենայն դեպս, ծիրանից ավելի մարդկային ու մատչելի է տոմսերի գնի առումով: Իսկ մասնակիցների հայտնիության եւ ֆիլմերի արժեքավորության առումով չի զիջում նախորդներին: “Հայկական համայնապատկեր” մրցույթի մասին չեմ խոսի. իրավունք չունեմ ազդել հասարակական կարծիքի վրա եւ որեւէ ձեւով իմ վերաբերմունքն արտահայտել, որով կկարողանամ կանխորոշել այդ ֆիլմերի ճակատագիրը, որոնք կարող են մրցանակ ստանալ, կամ` ոչ:): Լավ է, որ Կլաուդիա Կարդինալեն եկավ, բայց հակառակ, որ իմ տարիքով երիտասարդ սերնդին չեմ պատկանում, սեւ–սպիտակ ֆիլմեր չեմ սիրում, հին աստղերից ավելի նոր աստղերն են ինձ հետաքրքրում: Կինոյի վաղն է հետաքրքրում, քան երեկը”,- ասաց գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: