“Գիշերը չեմ քնի, եթե չասեմ…”
Ոճափոխված ու արդեն շիկահեր Նելլին այս աշուն ներկայացրեց իր առաջին անհատական տեսահոլովակը: “Գնա” երգի խոսքերը հենց երգչուհին է գրել. “Առաջին անգամ էի ստեղծագործում: Իմ մասին է, գուցե դրա համար է հաջող ստացվել:): Կլիպում էլ դիզայներ Վահան Խաչատրյանի հետ փորձել ենք կանացիություն, գեղեցկություն ցույց տալ. անգամ “գնա” այնքան լավ է պետք ասել, որ նա ամբողջ կյանքում քեզ հիշի”:
Նելլին մոտ մեկ ամիս է` Երեւանում չէր: Որպես բեք-վոկալիստ` Արման Հովհաննիսյանի` Մոսկվայում հոկտեմբերին կայացած մենահամերգին է մասնակցել, հետո էլ աշնանային արձակուրդ անցկացրել:): “Մեկնեցի Լեհաստան, որտեղ ապրում է իմ հարազատ քույրը, ում մոտ երկու տարի չէի տեսել: Տարբեր քաղաքներով, գեղեցիկ վայրերով շրջեցինք, բնականաբար, այցելեցինք ամենալավ խանութ-սրահները, քանի որ աղջիկ եմ, եւ նորմալ է, որ բրենդամանիայով եւ շոփինգամանիայով եմ տառապում: Հետո շատ հանկարծակի որոշեցինք մեկնել Իտալիա. երկուսիս երազանքն էր տեսնել այն”,- ասաց երգչուհին: :)
Իտալական մաֆիա, հայի ափսոսանք :)
Քույրերով շրջել են Իտալիայի պատկերասրահներով, թանգարաններով, Նելլին Սանջիմիանո քաղաքի եկեղեցիներով է շատ տպավորվել, բայց նաեւ իր համար ցավալի մի բան պարզել. “Այդ երկրում ամենաահավոր բաները կատարվում են հենց եկեղեցիների բակերում. թմրանյութերի վաճառք եւ այլն”: Այնուամենայնիվ, երգչուհու համար Իտալիան հոգեկան բավարարվածություն ստանալու վայր է. “Եվրոպայում շատ քաղաքներ կան, որտեղ դու ուզում ես միմիայն խանութներ ու ռեստորաններ գնալ, իսկ Իտալիան այդ քաղաքների դասին չի պատկանում”:
Եվրոպայի ակումբային կյանքն ու “շուխուր” չսիրող Նելլին
Ֆլորենցիայի ֆեշն ակադեմիաներից մեկում սովորող դիզայներ Վահան Խաչատրյանի ընկերակցությամբ Իտալիայի ակումբային կյանքը ուսումնասիրած Նելլին նշում է` Հայաստանում ընդհանրապես ակումբներ չի հաճախում. “Միայն այն ժամանակ, երբ պետք է երգեմ կամ “private” փարթիի եմ հրավիրված: Ես “շուխուրի” կողմնակից չեմ, առավել եւս Հայաստանում: Այնտեղ ամեն ինչ այլ է. ամեն մեկն իր կյանքով է ապրում, ոչ ոք չի նայում` ինչ արեցիր, ինչ խմեցիր, ինչպես պարեցիր, քեզ ոնց պահեցիր: Դու էլ կարողանում ես լիցքաթափվել, քեզ ազատ զգալ: Համոզվեցի, որ ցանկանում եմ արտասահմանում ապրել, ուր յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով, ինչն ինձ համար ամենակարեւորն է”:
Bravo.am-ը երգչուհուց հետաքրքրվեց` ինչն է Նելլիին խանգարում Երեւանում իր կյանքով ապրել:): “Այստեղ ապրում ես կողքինիդ կարծիքով. հարեւան Վազգենը ի՞նչ մտածեց, իր կինը ինչպե՞ս արձագանքեց: Դա արդեն քեզ ճնշում է: Հայաստանում կարող ես գումար ունենալ, շատ բաների հասնել, բայց իմ անունից կարող եմ ասել, այստեղ հոգեպես լիարժեք ինձ երբեք չեմ զգա: Ես չեմ անում մի բան, որի համար ինձ պետք է գնալ ուրիշ երկիր, բայց ուրիշների կարծիքների մասին մտածելու հանգամանքը ճնշում է”,- ասաց նա ու հավելեց. “Եթե արտասահմանում թեկուզ ժամանակավոր աշխատելու առաջարկ ստանամ, միանշանակ կհամաձայնեմ”:
Չհասցրեց մաչոներին լավ զննել:)
Իտալիայում Նելլին գեղեցկադեմ մաչոյի չի հանդիպել:). “Ժամանակը շատ քիչ էր` ընդամենը հինգ օր, ու չհասցրի մաչոներին լավ զննել:): Այնքան գեղեցիկ էր քաղաքը, այնքան բան կար տեսնելու… Իհարկե, հետաքրքրվում էին ինձնով, ու, թեեւ շիկահեր եմ, զգում էի` հոգու խորքում ես էլ եմ սեւ:): Ի դեպ, օդանավակայանում ինձ մի հայ կին ճանաչեց, ասաց. “Վայ, Նելլի ջան, դու ես, որ խնդրեմ` կօգնե՞ս ճամպրուկներս տանենք”:
Երգչուհին ու Հիտլերը
Երգչուհին հաճախ է ճանապարհորդում. Ռուսաստանն ատում է, իսկ Միացյալ Նահանգներում իրեն տանն է զգում: “Քանի որ քույրերս այստեղ չեն ապրում, տարվա մեջ գոնե մի անգամ նրանց տեսնելու համար մեկնում եմ Հայաստանից: Բացի դա, ընտանիքիս հետ եմ շատ հաճախ ճամփորդում, համերգների եմ շատ մեկնել դեռ “Հայեր” համույթի կազմում. մոտավորապես երկուս եւ կես տարի ապրել ենք Գերմանիայում. պայմանագրով աշխատում էինք: Հատուկ մեզ համար գրված երգերով CD ձայնագրեցինք, բայց հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով նախագծի երկու պրոդյուսերները` Նադեժդա Սարգսյանն ու արտասահմանցի գործընկերը միմյանց հետ լեզու չգտնելու պատճառով ձայնասկավառակը չարտադրեցին: Դա էլ կյանքի փուլ էր. այդ ընթացքում, դրսի մասնագետների հետ աշխատելով, շատ բան սովորեցինք”:
Նելլիի համար անհատական ներկայանալը, բնականաբար, ավելի հաճելի է. “Ժամանակը հասունացել էր: Չնայած հիմա էլ, երբ պետք է երգ ձայնագրեմ, Արշալույսն ու Ժակլինը պարտադիր ներկա են լինում: Սովորություն է, մենք մեկս մյուսին ուժ ենք տալիս, լավ ընկերներ ենք. հինգ-վեց տարեկանից իրար հետ ենք մեծացել”:
Նրա համար ամեն երկիր մի նշանակություն ունի. “Իտալիայում ման կգամ, Լեհաստանում ոչ ակտիվ հանգիստ կանցկացնեմ, Գերմանիայում կյանքը եռում է, այնտեղ կարող եմ աշխատել, բայց ինձ միշտ հոգեպես նեղված կզգամ. սառն է, Հիտլերը մինչեւ հիմա այնտեղ է:), իսկ Միացյալ Նահանգներում կարող ես եւ աշխատել, եւ լավ ժամանակ անցկացնել”:
Գնա, մեկ է Նելլին լավ է ապրելու:)
Երգչուհին R&B ոճում նոր երգ է ձայնագրել ռեփեր Շակուռի հետ, թեման սերն է. “Բայց այս անգամ այնպիսի սեր է, որ կասես` գնա, մեկ է ես ապրելու եմ ու լավ եմ ապրելու… Մի քիչ ագրեսիվ է նույնիսկ, որի կողմնակիցը ես եմ եղել: Ինքս ագրեսիվ եւ էմոցիոնալ անձնավորություն եմ, բայց ոչ վատ առումով. անիմաստ տեղը չեմ ագրեսիվանա:): Մայրս ինձ ասում է` մինչեւ երեքը գոնե հաշվի, նոր արա մի բան, բայց դժվարանում եմ: Պետք է ասեմ, գիշերը չեմ քնի, եթե չարտահայտվեմ”,- անկեղծացավ Նելլին:
Նելլին, ով ներկայում TV5-ի եթերում “Ճաշակին ընկեր չկա” հաղորդումն է վարում, նոր առաջարկ է ստացել. “Սինեմանիա Նելլիի հետ” կինոյի մասին հեռուստածրագիրը եթեր կհեռարձակվի հավանաբար 2011-ի սկզբին: “Հաղորդավարուհու կարիերան չէի պլանավորել, բայց ինձ գտա այդ ոլորտում: Ճիշտ է` մի քիչ ցավում եմ, երբ մարդիկ ինձ միայն հաղորդավարուհի են ճանաչում, ասես մոռացել են, որ երգչուհի եմ: Չեմ կարող ասել` այն հաղորդումները, որ վարում եմ, “շեդեւրներ” են, թեթեւ, ժամանցային հաղորդումներ են, ու, կարծում եմ, այդ ժանրում կարողանում եմ ինձ դրսեւորել”,- ասաց նա:
“Ճիշտը ասեմ` մեծ սիրո եմ սպասում”. Նելլի
Երգչուհին Նոր տարին Հայաստանում է դիմավորելու. “Տոնական օրերն այստեղ է անցկացնելու ինձ շատ հարազատ մեկը, ուզում եմ` Երեւանում լինել”: Թե այդ հարազատը ո՞վ էր, Նելլին որոշեց չպարզաբանել:): Նա Ամանորին նյութական ոչինչ չի ակնկալում նվեր ստանալ. սեր է ուզում. “Էությամբ պահանջկոտ չեմ, ծնողներս նույնիսկ զարմանում են: Ճիշտը ասեմ` մեծ սիրո եմ սպասում: Նոր տարուց սեր եմ սպասում: Ինձ իմ անձնական կյանքը միշտ ամենից շատն է հետաքրքրել, առաջնայինը դա է ինձ համար: Եթե ընտրության առաջ կանգնեմ, միանշանակ կընտրեմ անձնական կյանքը: Չնայած` փառք Աստծո, նման հարց իմ կյանքում չի եղել, ինձ շատ երջանիկ եմ զգում, որ կարողանում եմ համատեղել այդ երկուսը, բայց նորից եմ կրկնում, եթե ընտրության առաջ կանգնեմ, միանշանակ կընտրեմ անձնական կյանքը”: Նելլին 2011-ին կամուսնանա՞. չգիտի, բայց չի էլ բացառում. “Ամեն ինչ հնարավոր է:)”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Նելլիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: