×


Շների ցուցահանդես

Շների ցուցահանդես

Հայկական գամփռը այսուհետ` միջազգային ասպարեզում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Գեղեցկության միջազգային չեմպիոնի թեկնածու /CACIB կարգի/ բոլոր ցեղատեսակների շների միջազգային ցուցահանդես: Երեկ` հոկտեմբերի 9-ին, Խուլուհամրերի մշակույթի կենտրոնում մոտ 40 ցեղատեսակի բազմաթիվ շներ կային. հայկական գամփռից մինչեւ շվեյցարական սպիտակ օվչարկա, չաո-չաո, տաքսա, լաբրադոր, ամերիկյան բուլդոգից մինչեւ պուդել: Շների ցուցահանդես Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայաստանի կինոլոգիական միությունը, որն այս տարվանից հանդիսանում է IKU-ի` Միջազգային կինոլոգիական միության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Շների ցուցահանդեսի դատավորներն էին IKU-ի նախագահ Վլադիմիր Ուրաժեւսկին եւ Վրաստանի կինոլոգիական միության նախագահ Միխայիլ Մոդեբաձեն: “Բելառուսից, Ուկրաինայից, Իրանից մասնակիցներ ունենք, որ բերել են իրենց շներին: Մեր ընկերներն են մեծ կազմով եկել Վրաստանից: Հայաստանում Ռուսաստանի եւ Բուլղարիայի դեսպաններն են իրենց շներով այստեղ: Լիքը ասելու բան ունեմ, բայց ամենամեծ նվաճումը այն է, որ մեր հայկական գամփռը դուրս է գալիս միջազգային ասպարեզ: Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում կայանալու է աշխարհի առաջնությունը, Հայաստանը պատրաստվում է ներկայանալ դրան: Ես անձամբ որպես դատավոր եմ հանդես գալու. դատավորի միջազգային կոչում ունեմ”,- Bravo.am-ին ասաց Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը: Շների ցուցահանդես Ցուցահանդեսին մասնակցելու համար 150 շուն էին գրանցել, բայց անկարգապահություն նկատվեց: “Շատերը ուշացումով են գալիս: Այս անգամ ներողամիտ ենք, գարնանը ավելի խիստ կլինենք: Տարին երկու անգամ պետք է անցկացվի ցուցահանդեսը, իսկ մի տարի հետո պարտադրում են` տարին 4 անգամ իրականացնել միջոցառումը: Այսօրվա հաղթող շունը ընտրվելու է ամենավերջում. բոլոր ցեղատեսակների լավագույն շներից կընտրվի մեկը: Գավաթներ ենք տալու, մրցանակները սառնարանի, լվացքի մեքենայի, համակարգչի տեսքով են”,- նշեց Հայաստանի կինոլոգիական միության նախագահը: Հայկական գամփռի նմանը չկա:) Բերդը հայկական գամփռ է, հոկտեմբերի 10-ին կդառնա 11 ամսական: Շունն արդեն 70 կիլոգրամ է կշռում, հասակը 85 սմ է, տերը` Ռուբեն Պապիկյանը, ասում է` մի քանի սանտիմետր էլ դեռ կաճի, այնուհետեւ կսկսի լայնանալ:). “Oրիգինալ, մաքուր ցեղատեսակի, շատ խելացի շներ են, հայավարի ասած` գելխեղդ են, չոբանի շուն: Իրենց սուրբ պարտականությունը մարդու ունեցվածքն ու կենդանիներին պահպանելն է տարբեր տեսակի գազաններից, գայլերից”: Ruben Papikyan Գամփռին Ռուբեն Պապիկյանը երկու ամսականում է ձեռք բերել, նշում է` այս շներից լավը չկա. “Ինչքան մեծանում է, պահելը դժվարանում է, բայց ես սիրում եմ այս ցեղատեսակը, մերն է, եթե մի անգամ գամփռ պահեք, չեմ կարծում, որ ուրիշ շներ ձեզ էլ երբեւէ կհետաքրքրեն: Եթե առողջ լինի, լավ պահես, կարգին պահես, 12-ից 14 տարի  կապրի”: Լավ գամփռը  500-ից 800 դոլար արժե: Բերդի տերը բոլորին շատ կարեւոր բան ունի ասելու:): “Ժողովրդի մեջ տպավորված է` մեր հայկական գամփռները շատ-շատ են ուտում, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Չոբանը, որ ամիսներով սարերում է, չէր կարող օրեկան մի քանի կիլոգրամ միս տալ այս շներին, որովհետեւ եթե այդ միսն ունենար, ինքը կուտեր ու չոբան չէր լինի, իսկ բոլորս գիտենք, որ գյուղերում չոբան աշխատել են հիմնականում աղքատները: Այս շները նրանով են ունիվերսալ, որ կարող են մինիմալ ուտելիքով մաքսիմալ շատ աշխատել:  Իրենք կարողանում են իրենց էներգիան խնայել, որ անհրաժեշտության դեպքում ամբողջ ուժը կիրառեն: Այն ցեղատեսակներից չեն, որ 15 րոպեում իրենց ամբողջ ուժը օգտագործում են, գամփռը գիտի, որ երկու ժամ վազելուց հետո կարող է գայլի հանդիպել, ու ռեսուրսը պետք է ունենա`  սարում գայլին դիմադրելու ու հաղթելու համար”,- ասաց Ռուբեն Պապիկյանը եւ հավելեց. “Շներին կռվացնելն անհրաժեշտ է, այլապես հիսուն տարում հնարավոր է դեկորատիվ դառնան”: Շների ցուցահանդես “Թուրքիան հայկական շների վրա իր դրոշն է կպցնում” Գամփռների սիրահարը մի կարեւոր հարցի էլ անդրադարձավ. “Հիմա շատ հայեր խելքի են եկել, մեր հայկական ցեղատեսակը սկսել են պահպանել ու բազմացնել: Մեծ հաճույքով կներկայացնեմ աշխարհին մեր հին հայկական, պապական շները: Հայկական շների այլ ցեղատեսակների վրա, որոնք Կարսում, Վանում, Էրզրումում են հայտնի, հինա Թուրքիան իր դրոշն է կպցնում”: Իրինա Քոչարյանի մալթյան բոլոնկան չորս ամսական է, Ֆիքսը տանը փոքր երեխայի նման է. “Դժվար է պահելը, հատուկ սննդակարգ ունի, ամենակարեւորը` պահանջում է սեր ու փաղաքշանք”: Ֆիքսի տիրուհին կարծում է` շնիկի համար էլ է կարեւոր ցուցահանդեսներին մասնակցելն ու ցեղակիցների կամ այլ ցեղատեսակների հետ շփվելը:): Շների ցուցահանդես Ախ, այս ալերգիկ բուլդոգները:) Կառլեն Գրիգորյանի ֆրանսիական բուլդոգը եվրոպացի ծնողներ ունի, վարժեցված է, մարդկանց նկատմամաբ շատ ընկերական, բայց. “Շներին չի սիրում, հետները ընկերություն անել չգիտի: Վերնիսաժում նվազագույն արժեքը 300 դոլար է: Ալերգիկ շներ են, սխալ կերից կարող է ալերգիա ստանալ, սիստեմատիկ բժշկի ենք տանում, հատուկ կեր տալիս` ալերգիկ շների համար նախատեսված”: Խասկին երջանկացնող շուն է Սիբիրյան գեղեցիկ խասկին ներկայացնում էր Վրաստանում գործող “Best Friend”-ը: Կինոլոգիական ակումբի ղեկավար Կարեն Նանումյանը կարեւորում է շների ցուցահանդեսները. “Այս ցուցահանդեսն էլ է շատ դուրս գալիս. հրաշալի մթնոլորտ, հրաշալի մրցանակներ: Մարդիկ սպորտային ազարտի մեջ են ընկնում, սկսում ավելի լավ խնամել իրենց շներին, փորձում լավ արդյունքների հասնել, տեր-շուն հարաբերություններն են լավանում”:  Ի դեպ, խասկին 800-ից 1200 դոլար արժե. “Թանկ ցեղատեսակ է` էլիտար դասակարգի մարդկանց համար: Խասկին տան շուն է, այն պետք է երջանիկ լինի եւ տերերին էլ երջանկացնի”: Bravo.am-ը հպարտացավ հայկական գամփռով, շատ սիրեց նաեւ չափազանց շքեղ, սպիտակ, շվեյցարական օվչարկաները:): Ի դեպ, վերջինները Հայաստանում բավական քիչ են: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին