BlaBlaBla կամ հայերն ու իրենց մտահղացումները:)
Պեչա-Կուչան երեկ երեկոյան ժամանել է Երեւան: Դա նշանակում է` հայերը իրենց գաղափարները խոհանոցից, սրճարաններից, մի խոսքով` նեղ շրջանակից դուրս են հանում ու դրանցով կիսվում բոլորի հետ:
Պեչա-Կուչա = Ասել - Խոսել = ChitChat = BlaBlaBla = Մի պարզ մտահղացում: Վերջինն էլ ներկայացվում է 20 պատկերով` յուրաքանչյուրը 20 վայրկյանի ընթացքում: Զվարճալի անունով Պեչա-Կուչան ոչ պաշտոնական եւ անվանումից ոչ պակաս զվարճալի երեկո է, որտեղ ստեղծագործող մարդիկ հանդիպում եւ կիսվում են իրենց մտահղացումներով, ծրագրերով ու կարծիքներ են փոխանակում:
Պեչա-Կուչան ծնվել է 2003 թվականին Տոկիոյում, Երեւանում այն իրականացնելու համար լիցենզիան ձեռք է բերել Վահե Բալուլյանը: “Յոթ տարի առաջ Ճապոնիայում ճարտարապետական մի ընկերություն ակումբ է հրավիրում ստեղծագործող տարբեր մարդկանց եւ խնդրում ներկայացնել իրենց գաղափարները: Մեկին բարձրախոսը տվել են, հետո շատ դժվար է եղել հետ վերցնելը, երկար է տեւել զեկուցումը ու որոշել են “20 պատկեր` 20 վայրկյան” ձեւաչափը հնարել, ամեն պատկերի համար այդքան կարող ես խոսել, հետո եթե քննարկման կարիք է լինում, քննարկում են”,- Bravo.am-ին պատմեց Պեչա-Կուչայի հայ ներկայացուցիչը:):
Այս միջոցառումների ծավալուն համակարգը գործում է աշխարհի ավելի քան 300 քաղաքներում: Հետխորհրդային տարածաշրջանում Պեչա-Կուչա գիշերներ են անցկացնում միայն Սանկտ Պետերբուրգում եւ Երեւանում: “Ասել-խոսելու նախագիծը ցանկացանք Հայաստանում էլ իրականացնել, դիմեցինք պատկան մարմիններին ու շատ հեշտ լիցենզիան վերցրինք: Գումարային հարց չկա, ընդամենը պարտավորվում ես այս ծրագրով եկամուտ չհետապնդել, տարին գոնե չորս անգամ կազմակերպել, միակ պայմանը նյութի հետաքրքրությունն է, ուրիշ ոչ մի “գրաքննություն””,- ասաց Վահե Բալուլյանը:
Երեւանյան առաջին Պեչա-Կուչան իրականացվեց հուլիսի 30-ին “The Club”-ում: Հայերը իսկապես բավականաչափ հետաքրքրված են ասել-խոսելով:):
Արսեն Հակոբյանի եւ Արտակ Ավդալյանի զեկուցման “օբյեկտը” “Արարատից Եվրոպա” ֆիլմն էր, Աննա Տոնոյանի թեման “Արփա լիճ” ազգային պարկը, Արմեն Քյուրքչյանն ու Հրայր Բազէ Խաչերեանը “Հայկական զարդարվեստը” ներկայացրին, “ЕСЛИ У ЧЕЛОВЕКА ПОД РУКОЙ ГОЛОВА”-ն էլ Ռուբեն Ստեփանյանի ասել-խոսելու առիթն էր, Մեսրոպ Հակոբյանի “Բովանդակային զարդանախշերը” շատերին հետաքրքրեցին, “Աղբարկղի արվեստն” էլ Կարեն Մամիկոնյանը ցուցադրեց ու BlaBlaBla-եց:), “TEDx Yerevan” Պեչա-Կուչայի հեղինակն էլ Շուշան Դավթյանն էր:
Հաջորդ հայկական Պեչա-Կուչան օգոստոսի 20-ին է լինելու, ոչ մի թեմա չի կրկնվում. ինչքան հայ, այնքան ասել-խոսելու, Chit-Chat անելու գաղափար: Պեչա-Կուչան մարդկանց առանց վախենալու թեկուզ ամենախենթ գաղափարներն արտահայտելու հնարավորություն է տալիս:): Bravo.am-ը խրախուսում է ազատ մտածելն ու գաղափարներով կիսվելը. ասեք-խոսեք:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ V. P.-ի


×
5,813






