×


Ռոբերտ Թաթեոսյան. Ճարմանդների արքայի վերադարձն արմատներին

Ճարմանդ ընտրելիս ո՞վ կարող է նույնքան նրբաճաշակ լինել, ինչպես Ռոբերտ Թաթեոսյանը: Ոչ պատահականորեն ճարմանդների արքա հռչակված հայկական արմատներ ունեցող բրիտանացի գործարարն այսօր Երեւանում է, նրա վերնաշապիկի թեւքերը զարդարում են «Հազվագյուտ քարեր» հավաքածուից` իրենց ձեւի մեջ աշխարհում միակ ճարմանդները (запонка), որոնք Ռոբերտն ընտրել է հատուկ օրվա առիթով: «Tateossian London»-ի հիմնադիրը ներկա է գտնվել բրիտանական բրենդի երեւանյան` Մաշտոցի 48 հասցեում տեղակայված առաջին խանութ-սրահի բացմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Արմատներս հայկական են, եւ ես մեծ հաճույքով ու ինձ համար մեծ պատիվ համարելով եմ Երեւան եկել: Ինչ-որ իմաստով` սա վերադարձ է իմ արմատներին, որոնցով ես շատ հպարտանում եմ»,- ասել է Ռոբերտ Թաթեոսյանը:


1990 թվականին հիմնադրված «Թաթեոսյան Լոնդոն» ընկերությունը զբաղվում է բարձրակարգ զարդերի դիզայնով եւ արտադրությամբ: Թաթեոսյանն աշխարհում հայտնի է դարձել իր բարձրակարգ ճարմանդներով: Իսկ ամեն ինչ սկսվել է հետեւյալ կերպ. Ռոբերտ Թաթեոսյանը մոտ յոթ տարի բանկային ոլորտում աշխատելուց հետո որոշում է սեփական բիզնես սկսել: Այդ ժամանակ նա 27 տարեկան էր ու երեք ցանկություն ուներ.«Նախ` ուզում էի, անպայման, նորաձեւության աշխարհում հայտնվել, երկրորդը` պարտադիր ուզում էի ինքս իմ ղեկավարը լինել: Երրորդ հերթին էլ արդուզարդի շուկայում հայտնաբերեցի մի մեծ բացթողում. խոսքը ճարմանդների մասին է: Բանկային գործում լուրջ մարդու տպավորություն թողնելու համար պետք է ունենաս այդ ճարմանդներից»,- պատմել է Ռոբերտը:

Ճարմանդների արքան նշել է նաեւ, որ այդքան հարգի այս իրերից տղամարդիկ հիմնականում մի զույգ են ունեցել, այն էլ` հորից ժառանգած. «Խանութներում էլ ընտրանի ընդհանրապես չկար: Եվ տրամաբանական հարց առաջացավ` մարդիկ ամեն սեզոնին երեքից չորս շապիկ ու փողկապ են գնում, որպեսզի գույներն իրար բռնացնեն, իսկ ինչո՞ւ են ճարմանդները միշտ մնում նույնը»:

Ռոբերտ Թաթեոսյանի հավաքածուից


Ռոբերտ Թաթեոսյանը սկսում է ճարմանդների արտադրության ոլորտում իր գործունեությունը, սպառողներին էլ սկսում է գայթակղել մեկի փոխարեն հավաքածու ունենալու գաղափարը.«Այնուհետեւ ինձ սկսեցին դիմել թեւնոցներ, մանյակներ, ապարանջաններ ստեղծելու առաջարկով: Ցանկացան, որ տղամարդկանց համար նախատեսված հավաքածուներից բացի, կանանց համար էլ զարդեր արտադրեմ, եւ բանը հասավ նրան, որ սկսեցինք տղամարդկանց եւ կանանց արդուզարդի ու ոսկերչական իրերի հավաքածուներ ստեղծել, ինչը եւ հիմա էլ անում ենք»:

Իսկ հիմա Ռոբերտ Թաթեոսյանի արմատների մասին.«Մկրտիչ անունով հայ պապս Ադանայից էր, ով Հռիփսիմե տատիկիս հետ պատերազմի ժամանակ տեղափոխվել է Լիբանան, որտեղ եւ ծնվել է հայրս: Մայրս էլ լիբանանաբնակ պաղեստինցի է: Ես ծնվել եմ Քուվեյթում, հետո ապրել Հռոմում: Իսկ հիմա իմ տունը Լոնդոնն է, որտեղ արդեն ապրում եմ 27 տարի: Նշեմ նաեւ, որ հայրս ու պապս մեխանիկներ են եղել»:

Հայկական արմատների մասին խոսելով` Ռոբերտ Թաթեոսյանը հետեւյալն է ասել. «Սա մի բան է, որին ես նոր եմ սկսում ծանոթանալ, մտերմանալ: Հայանում եմ այս վերջին մի տարվա ընթացքում: Իմ առջեւ սկսել է բացվել հայկական աշխարհը»:


Շրջագայությունների սիրահար Ռոբերտ Թաթեոսյանն առաջին անգամ է Երեւանում. «Շատ զարմացա` տեսնելով, թե ինչքան արդիական ու մաքուր է Երեւանը, չէի սպասում, որ այդպես կլինի: Համարյա ամեն շաբաթ ճամփորդում եմ, բազմաթիվ օդանավակայաններ եմ տեսել, այստեղի արդիական օդանավակայանն իսկապես շատ զարմացրեց. լավ իմիջ է Հայաստանին տալիս: Իսկ անձնագրային անցակետում ազգանունս կարդալով` հարցրին` հայ եմ, ես էլ պատասխանեցի` այո»:

Բրիտանացի գործարարը բացի Երեւանում խանութ-սրահ բացելուց, արտադրություն սկսելու մտադրություն էլ ունի. «Բուտիկն ընդամենը մեկնակետ եմ համարում: Հայաստանում շատ ավելի անելիքներ կան, վստահ եմ: Հավաքածուներս նախագծելու համար ինձ միշտ ներշնչանք է պետք տարբեր աղբյուրներից. Հայաստանը մշակութային հարուստ ժառանգություն ունի, ապագայում այստեղ բիզնես ծավալելու երկու հնարավորություն եմ տեսնում»:


«Tateossian London» ընկերությունը ճարմանդների դիզայն է մշակում հանրահայտ այնպիսի նորաձեւության տների համար, ինչպիսիք են «Zegna»-ն, «Canali»-ն, «Corneliani»-ն: «Tateossian London»-ի արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 50 երկրում: «Երեւանի խանութում առաջարկվող հավաքածուն միշտ ամենաթարմն է լինելու, նույնը, ինչ Լոնդոնի մեր խանութում է առաջարկվում: Տարեկան երկու հավաքածու ենք արտադրում: Ցանկացած մարդ, ով ուզում է ունենալ արդուզարդի բացառիկ առարկա, կկարողանա դա իրեն թույլ տալ` ծախսելով 150-ից մինչեւ 10.000 դոլար»,- նշել է Ռոբերտ Թաթեոսյանը:

«Պարոն Թաթեոսյանին հաջողվել է բացահայտել «Հայկական աշխարհ» ծրագրի շրջանակներում: Գիտեք` այս ծրագրի նպատակն է ծանոթացնել հայ պոտենցիալ սպառողին հայ արտադրողներին, բացահայտել աշխարհում հայտնի հայ արտադրողին եւ փորձել նրանց մեջ արթնացնել հայ լինելու ցանկությունը: Պարոն Թաթեոսյանի դեպքում դա մեզ հեշտությամբ հաջողվեց, ինչը դրսեւորվեց հենց այս այցով»,- ասել է աշխարհի հայերին Շանթի եթերում ներկայացնող «Հայկական աշխարհ» նախագծի հեղինակ Արտյոմ Երկանյանը:

Ռոբերտ Թաթեոսյանը Երեւանից կմեկնի վաղը: Ինչպես նշում է, մեր մայրաքաղաք, անպայման, վերադառնալու է:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի եւ Ռոբերտ Թաթեոսյանի արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին