Կայացավ 60-ամյա հոբելյանին նվիրված համերգը :) Դեկտեմբերի 3-ին երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանը նշեց իր 60-ամյակը: Այդ առիթով դեկտեմբերի 5-ին Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կայացավ հոբելյանական համերգ: Քանի որ երգահանի ստեղծագործությունների մեծ մասը «ծնվել է» տանիքում, համերգային բեմը վերածել էին տանիքի, որի վերեւում էլ լուսնի ափսեն էր գլորվում, իսկ Ռուբեն Հախվերդյանի հետ տանիք էին բարձրացել երաժիշտներն ու նրա ընկերները`շնորհավորելու, Ռուբենի հետ կատարելու հեղինակի երգերը, որոնց մասին հանդիսատեսին տեղեկացնում էր հաղորդավար Արթուր Բախտամյանը: Երեկոյի ընթացքում փորձեցին վերականգնել Երեւանի գիշերները, որոնք այսօր մի փոքր այլ են` նոր շենքեր, նոր մարդիկ, փորձեցին բացահայտել երգահանի ստեղծագործությունների գաղտնիքը: Վերհուշի ճանապարհն անցան Ռուբեն Հախվերդյանի երգերի ուղեկցությամբ, որը եւ աղոթք, եւ խոստովանություն անվանեցին: Ծրագիրը բացվեց «Երեւանի գիշերներում» երգով, որն, ինչպես հեղինակը նշեց, գրվել է մութ ու ցուրտ տարիներին: Կատարումից առաջ երգիչն ասաց, որ այն կենսագրական երգ է. կուզեր, որ մյուս երգողները բառերը չփոխեն: Հեղինակ-կատարողն ասաց, որ երբ իր ստեղծագործությունները սխալ են կատարում, դա իրենը չէ, մեռած է համարում: Իրար հաջորդելով բեմ բարձրացան տարբեր երգիչներ` հեղինակի ձայնակցությամբ կատարեցին նրա երգերը: Մխիթար Ավետիսյանն այն առաջին համարձակն էր, ով տանիք բարձրացավ, կատարեց «Գազանանոց» երգը, Լիլիթ-Տեր Վարդանյանն էլ հանդես եկավ «Սպիտակ աղավնի» երգով` խոստովանելով, որ իր համար երազանք, պատիվ է Ռուբենի հետ նույն բեմում հանդես գալը, նմանատիպ մի խոստովանություն էլ արեց Լեյլա Սարիբեկյանը: Հախվերդյանի ստեղծագործությունները բազմիցս կատարող Դավիթ Ամալյանն ու նրա շատ այլ երգիչ ընկերներն էլ ելույթ ունեցան: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս տանիք բարձրացավ :) Ռուբեն Հախվերդյանի 60-ամյակին նվիրված համերգի ժամանակ տանիք բարձրացավ նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երեկոյի սկզբում Ռուբենն ասաց, որ սա իր համար խորհրդանշական համերգ է, քանի որ իր շատ ընկերներն են օգնել այն կազմակերպել. «Ես ինքս չէի ուզում նշել, նամանավանդ հիշել, քանի որ առանձնապես ուրախ էլ չէի, որ 60-ամյակս է, բայց այս հարցում ինձ օգնեց մեր վարչապետը: Գիտեմ, որ նա կիթառ նվագել սովորել է իմ երգերի պատճառով եւ երգում է: Իհարկե, ես նրա հետ ընկերություն կանեմ, երբ նա այլեւս վարչապետ չի լինի, որովհետեւ վարչապետ լինելու ժամանակ պետք է ասես` պարոն վարչապետ:)»,-ասաց երգիչն ու հավելեց, որ շատ է սիրում նաեւ մեր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, իսկ համերգի համար իրեն Տիգրան Սարգսյանից բացի օգնել են երկու բանկերից իր ընկերները եւ Գագիկ Ծառուկյանը: Հոբելյարի ելույթից հետո բեմ բարձրացավ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Ինձ համար անակնկալ էր, որ ես պետք է տանիքում լինեմ: Ռուբիկն իսկապես չէր ուզում, որ այս համերգը լինի, այն, ինչ ձեզ ասաց, ասաց նաեւ ինձ` ինչ նշելու բան է որ, բայց երբ ասացի, որ դա իր համար չէ, այլ մեր, նա հանձնվեց»: Վարչապետն ասաց, որ Պերճ Զեյթունցյանի եւ Հենրիկ Հովհաննիսյանի տեսաուղերձներից հետո ոչինչ չունի ավելացնելու. «Սիրով Ռուբիկի հետ մի քանի երգեր կերգեի, բայց նա ճիշտ ասաց, որ այսօր ճիշտ պահը չէ: Ես խոստանում եմ Ձեզ, որ Ռուբիկի 70-ամյակին մենք միասին կերգենք»: Ռուբեն Հախվերդյան. «Իմ ու Սիրուշոյի մեջ մի նմանություն եմ տեսնում» Ի՞նչ կարող է անել 18-ամյա սիրահարված երիտասարդը հարցը, կարծում եմ, ամենքի մոտ մի պատասխան առաջ կբերի: Իսկ ի՞նչ է արել 18-ամյա սիրահարված Ռուբեն Հախվերդյանը. «Ես երգ եմ գրել` «Եթե իմանայիր» երգը»: Երգահանի հետ այն կատարելու համար բեմ բարձրացավ Սիրուշոն, շնորհավորեց նրան, իսկ կատարումից հետո Ռուբենն ասաց, որ իր երկու ընկերների` Հրաչի եւ Սյուզանի աղջկան շատ է սիրում, իրենց մեջ էլ մի նմանություն է տեսնում` անհանդուրժող լինելը: Երգիչն ուրախ է Սոնա Շահգելդյանի ու Նազիկ Ավդալյանի հաղթանակների համար «Նոր ալիք 2010»-ի հաղթող Սոնա Շահգելդյանի հետ ելույթի ժամանակ էլ Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ ուրախությամբ է դիտել նրա հաղթանակը. «Ուրախ էի, որ մեր աղջիկն առանց իր մարմնի մասերը պատռելու առաջ անցավ մյուսներից, իսկ նրանք մնացին տասը տող ներքեւ: Շատ եմ ուրախանում նաեւ մեր Նազիկ Ավդալյանի հաղթանակներով»: Հրանտ Թադեւոսյանը Ռուբենին նվիրեց այն, ինչ երեւում է տանիքից :) Նկարիչ Հրանտ Թադեւոսյանն էլ Ռուբեն Հախվերդյանին եկել էր շնորհավորելու ոչ թե երգով, այլ կտավով. գիշերային Երեւանի մի փոքրիկ կտոր, այն, ինչ երեւում է տանիքից: Իսկ մարդիկ, ովքեր հնարավորություն չունեին ներկա լինելու համերգին, Ռուբենին ողջունեցին տեսաուղերձներով` Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կամանդոսը, Պերճ Զեյթունցյանը, Հենրիկ Հովհաննիսյանը եւ այլ ընկերներ ու արվեստագետներ: Ռուբեն Հախվերդյան. «Երգը միակ բանն է կյանքում, որ ես կարող եմ անել» Երգահանն անկեղծ էր հանդիսատեսի հետ. ասում էր իր մտածածը, երբեմն երգի մեջ նաեւ հայհոյում ու դրա համար ասում, որ իր կարծիքով` երգի մեջ այն ներվում է, նամանավանդ որ ներկաներից շատերը համամիտ են իր հետ: Անկեղծ խոստովանություններից մեկն էլ եղավ հետեւյալը. «Ես շատ երիտասարդ ժամանակ ուզում էի կոշկակար դառնալ, բայց երեւի ապաշնորհ կոշկակար կլինեի: Երգը միակ բանն է կյանքում, որ ես կարող եմ անել...»: Հոբելյանական համերգն անցավ ուրախ մթնոլորտում. հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, ծափեր ու բրավոներ (Bravo.am:)): Bravo.am-ը եւս միանում է շնորհավորանքներին::) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: