Bravo.am-ի բացառիկ հարցազրույցը հայտնի երգչի հետ
Ռուսաստանյան էստրադայի աստղ Սերգեյ Լազարեւը մարտի 18-ին Երեւանում էր :): Նա ժամանել էր մասնակցելու փոփ-կատարողների “Նոր ալիք 2011” եւ “Մանկական Նոր ալիք 2011” միջազգային մրցույթների հայաստանյան նախընտրական փուլին որպես հանձնաժողովի անդամ: Դեռեւս 2002 թվականին Smash խմբի կազմում նա դարձել էր “Նոր ալիք” մրցույթի առաջին հաղթող: Սերգեյը սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ:):
- Դուք ծնվել եք ապրիլի 1-ին` հումորի, ստելու օրը:): Դա ինչ-որ կերպ ազդե՞լ է Ձեր բնավորության վրա:
- Ոչ, ոչ մի կերպ չի ազդել: Ստելու սովորություն չունեմ, բայց լավ կատակներ սիրում եմ:):
- Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ հրավիրել եք Ձեր ծննդյան տոնին, բայց մարդիկ չեն հավատացել ու չեն եկել:
- Չէ, նման դեպքեր չեն եղել:): Արդեն բոլորը սովորել են: Նույնիսկ դպրոցում բոլորը ուրախանում էին ու հաճույքով գալիս էին: Դե գիտե՞ք չէ, երբ ուտելու առիթ կա, բոլորն էլ հաճույքով են գնում :): Ու նույնիսկ եթե մտածեին, թե խաբել եմ, միեւնույն է՝ կգային:
- Կենդանակերպի նշանով խոյ եք: Իսկ խոյերին բնորոշ է սիրահարվածությունն առաջին հայացքից: Ձեր դեպքո՞ւմ էլ է այդպես:
-Այո, ճիշտ է, շատ հաճախ եմ սիրահարվում:):
- Վերջին անգամ ե՞րբ եք սիրահարվել:
- Չեք հավատա՝ 15 րոպե առաջ:
- Լու՞րջ:):
- Այո, շատ հանկարծակի է դա պատահում ու նույն արագությամբ էլ անցնում է:
- Իսկ դա հետո ինչ-որ կերպ արտահայտվո՞ւմ է, ասենք երգի, կամ դերի տեսքով:
-Պատահում է, տարբեր է լինում: Դա միանշանակ ոգեշնչում է ինձ:
- Մասնագիտությամբ նաեւ դերասան եք: Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը բարձր է գնահատել Ձեր արվեստը: Դժվար չէ՞ լուրջ դերասանական արվեստը համատեղել ռուսական շոու-բիզնեսի հետ:
- Ես արտիստ Սերգեյ Լազարեւն եմ: Ինձ տարբեր ոլորտներում եմ փորձում: Ես դերասան եմ, ով նաեւ երգչի մասնագիտություն ունի, եւ ինձ այդ ամենը շատ է դուր գալիս: Իհարկե, մասնագիտությունս խլում է հիմնական ժամանակս, բայց դա կյանքն է, իմ աշխատանքը:
- 2010 թվականին Դուք պայմանագիր կնքեցիք Sony Music Entertainment ընկերության հետ: Հիմա համագործակցո՞ւմ եք: Կա՞ շարունակություն:
-Այո, հիմա էլ ենք աշխատում: Շատ նախագծեր ունենք: Բայց, ճիշտն ասած, չեմ սիրում նախօրոք գործերից խոսել, որովհետեւ վերջին վայրկյանին կարող է մի բան փոխվել կամ չստացվել: Բայց մի բան միանշանակ է. ես տեղում չեմ դոփում, առաջ եմ գնում ու հույս ունեմ, որ բոլոր նախագծերս կիրականան:
- Ձեր երգերը հիմնականում անգլերեն են: Սկզբունքայի՞ն է ձեզ համար, որ ռուսերեն չեք երգում:
- Սկզբունքի հարց չկա: Ռուսերեն երգեր էլ ունեմ: Ուղղակի անգլերեն լեզուն շատ եմ սիրում, ինձ ավելի հոգեհարազատ է: Բոլոր այն երգերը, որոնք կատարում եմ, հիմնականում գրվել են արտասահմանյան հեղինակների կողմից, եւ ոչինչ չեմ ուզում փոխել սկզբնական տարբերակում:
- Ժամանակին զբաղվում էիք մարմնամարզությամբ, երգում եք, մասնակցել եք “Աստղերը կրկեսում” շոու-ծրագրին, թատրոնի դերասան եք, ֆիլմեր եք կրկնօրինակում, նաեւ հաղորդավարությամբ եք զբաղվում… Էլ ի՞նչ սպասենք Ձեզանից:
- Ի դեպ, հիմա որպես հաղորդավար հանդես եմ գալու ուկրաինական My dance պարային շոուի շրջանակներում: Հիմա դեռեւս դրան եմ նվիրելու իմ ժամանակը:
- Հայաստանում Ձեզ շատ սիրողներ կան: Երկրպագուները շատ են սպասում Ձեր մենահամերգին:
- Շատ շնորհակալ եմ: Ինձ շատ լավ եմ զգում այստեղ: Ինքս շատ եմ սպասում իմ համերգին այստեղ: Գիտեմ, որ բազմաթիվ հայ երկրպագուներ ունեմ: Մեծ հաճույքով կհամաձայնեմ, մնում է սպասել կազմակերպիչների հրավերին:):
Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: