Ամանորյա ձայնասկավառակ` Սիրուշոյի մտահղացմամբ:)
Ամանորի առթիվ երգչուհի Սյուզան Մարգարյանը նոր ձայնասկավառակ է պատրաստում, որի երգերը ձմռան, եղեւնու, ձյան, տոնածառի, մի խոսքով` Նոր տարվա մասին հայկական երգեր են: Bravo.am-ը ձայնագրման ստուդիայում հետեւել է նախապատրաստական աշխատանքներին ու ձեզ է ներկայացնում որոշ մանրամասներ: :)
Բոլոր երգերի երաժշտության ու խոսքերի հեղինակը Սիրուշոն է: Նրա հիմնած «Սիրուշո Production»-ը զբաղվում է ձայնասկավառակի պատրաստման ու թողարկման աշխատանքներով. «Բոլոր երգերը ծնվել են համարյա մեկ գիշերվա ընթացքում, ձայնասկավառակ թողարկելու մտքից ոգեւորված գրեցի դրանք: Որքան էլ որ երգերն ինձ հոգեհարազատ են, հեղինակը ես եմ, միեւնույն է` նման պատասխանատվությունը մայրս կարող էր իր վրա վերցնել:)»,- նշեց նա:
Սյուզան Մարգարյանն էլ նշեց, որ CD-ի գաղափարն իրեն շատ է դուր եկել. «Այսպիսի նվեր Սիրուշոյից բոլորովին չէի սպասում: Երբ իր կատարմամբ նախնական տարբերակով լսեցի երգերը, նրա քաղցր ձայնից հետո մտածեցի` ինչպես եմ կատարելու, բայց հասկացա, որ անպայման պետք է երգեմ»:
«Նոր տարի» ձայնասկավառակում ընդգրկված է յոթ երգ. «Այս ամենը ոչ միայն մանուկների, այլեւ մեծահասակների համար է: Տրամադրություն բարձրացնող, դրական ու բարի երգեր են, կարծում եմ` լսարանի կողմից կսիրվեն: Օրեր առաջ ենք որոշել Նոր տարվա նախաշեմին թեմատիկ ձայնասկավառակ պատրաստել»,- ասաց Սյուզան Մարգարյանը:
Սիրուշոն երգելու պատասխանատվությունը փոխանցելով մայրիկին` մասնակցում է գործիքավորման, ձայնագրման աշխատանքներին, նաեւ բեք-վոկալն է կատարում. «Արտասահմանում ընդունված է, որ արտիստները, հասնելով որոշակի կարգավիճակի ու տարիքի, կարող են իրենց թույլ տալ ավելի ազատ շարժվել, պարտավորված գրաֆիկ չունեն, երգում են այն, ինչ ցանկանում են: Արտերկրում շատերն ունեն Նոր տարվան նվիրված CD-ներ, օրինակ, Ֆրենկ Սինատրան, Արետա Ֆրանկլինը եւ շատ ուրիշներ: Քանի որ մեզ մոտ իր տեսակի մեջ առաջինն է լինելու, շատ ավելի վստահելի ու ճիշտ էր մայրիկի ներկայացմամբ, քան իմ, որովհետեւ մեծ ճանապարհ անցած մարդու կողմից ներկայացվելու դեպքում ընկալելի կլինի բոլորի համար: Այսպես նաեւ կունենամ Նոր տարվա հայկական իմ ձայնասկավառակը:)»:
Սիրուշոն նաեւ պատմեց, թե ինչպես է երգեր գրում ու ինչից է ոգեւորվում. «Առաջին հեղինակային երգը, եթե չեմ սխալվում, կատարել եմ 9 տարեկանում: Սկզբում գրում էի բանաստեղծություններ, հետո սկսեցի միացնել մեղեդիներին, այդպես ինքնաբերաբար ստացվեց: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բանից ոգեշնչվում եմ, ասենք, եթե անձրեւ է գալիս, ուրեմն պետք է երգ գրեմ: Գրում եմ այն ժամանակ, երբ զգում եմ դրա պահանջը, այդ ընթացքում էլ մուսաս գալիս է: Նոր տարվա երգերի դեպքում եւս այդպես եղավ: Երբ հասկացա, որ ուզում եմ հայկական երգեր լինեն ու մորս կատարմամբ լսեմ, մեծ ցանկությունից ու ոգեւորվածությունից գրեցի երգերը»: :)
Սյուզան Մարգարյանի խոսքով` երգերի ստեղծումից հետո ինքը որեւէ փոփոխություն չի արել. «Իրենց իմաստով, շեշտադրությամբ, մտքերով այնքան լավն էին, որ շտկումներ չեմ արել: Ես սովորություն ունեմ տեքստերի մեջ հայերենի շեշտերի վրա աշխատելու, փոփոխելու, պրպտելու, բայց այս դեպքում դրա կարիքը բացարձակ չկար»:
Երգչուհու կարծիքով` Ամանորին վերաբերող երգերն անսպառ են, ամեն տարի արդիական ու լսվող. «Նոր տարուն միշտ լսում ենք «Jingle Bells» ու արտասահմանյան մյուս ամանորյա երգերը, հիմա հայերեն երգեր կունենանք ձայնասկավառակի տեսքով: Գիտեմ, որ Նոր տարվա թեմայով երգերի շարքեր եղել են, բայց վաղուց մեր էստրադայում նման գաղափար չի եղել: Հուսով եմ` տարբեր սերունդների համար սիրելի երգեր կդառնան, նախագիծն էլ շարունակական կլինի նաեւ հաջորդ տարիների համար»,- ասաց Սյուզան Մարգարյանը:
Ի դեպ, ամանորյա այս նախագծից առաջ Սյուզան Մարգարյանն աշխատում էր իր մյուս երգերի ձայնասկավառակի վրա. «Գրեթե պատրաստ է, բայց այս նախագծից հետո կթողարկվի: Հետաձգելն էլ իր լավ կողմն ունեցավ, որովհետեւ ընթացքում Սիրուշոն նոր երգեր է գրում, որոնք եւս կավելացվեմ ձայնասկավառակի մեջ»:
Վերջում Սիրուշոն ավելացրեց, որ Ամանորի հետ կապված իր ծրագրերը դեռ հստակ չեն. այժմ միասին աշխատում են «Նոր տարի» ձայնասկավառակի պատրաստման վրա. «Իմ գործունեությունը շարունակում եմ Հայաստանում ու արտերկրում, շարունակում եմ մասնակցել համերգների, նկարահանումների, բայց Նոր տարվա համար մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել ենք այս ձայնասկավառակի վրա: Արդեն նկարահանված «Օրոր» տեսահոլովակը մի փոքր կհետաձգվի, հավանաբար հաջորդ տարվա սկզբին եթերում կլինի, քանի որ այս նախագիծը պետք է մինչեւ Նոր տարի ներկայացնենք ու շնորհանդեսն անենք»,- հավելեց երգչուհին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: