Տղամարդը, որին միշտ երազել են Սիրահարների վալենտինյան տոնն երեկ լավ նշեցի՟ր: Եթե հաճելի օր անցկացնելուց բացի սիրելիիդ նվիրած զարդերից ու մյուս նվերներից էլ ես գոհ մնացել, ուրախ ենք քեզ համար:): Bravo.am-ը սիրո տոնի առիթով սիրային թեմաներ է շոշափել երգչուհիներ Սյուզիի, Մարիաննա Հովհաննիսյանի եւ Աստղիկ Սաֆարյանի հետ: Աղջիկներին միասին էինք բռնացրել օրերս կայացած երեկույթներից մեկի ժամանակ:): Սյուզին Սուրբ Վալենտինի օրը Սոչիում է անցկացրել. այսօր նույն քաղաքում համերգ է տալու: Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ վալենտինյան նվերներ չի ակնկալում. “Որովհետեւ այն պարտավորեցնող է, մանավանդ սիրո տոնի կապակցությամբ արված նվերները, քանի որ, եթե ստանում ես դրանք, ուրեմն ունես այն միակին:): Ինձ դեռեւս ոչ մի տղամարդ չի գրավել: Կարծում եմ` կգա այն շատ լուսավոր… Այն տղամարդը, ում միշտ երազել եմ, որ իմ կողքին լինի: Նա պետք է շատ կայացած լինի, որ ընտրեմ որպես կյանքիս տղամարդ”: Երգչուհին մեկնաբանեց նաեւ իր եւ “Նովայա Վոլնա” մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւի հավանական սիրային կապի մասին խոսակցությունները. “Ես շատ հպարտ եմ, որ այդպիսի ընկեր ունեմ: Մեր հարաբերությունները շատ լավ ու մարդկային են, ես նրանով հպարտանում եմ անչափ ու հիանում միշտ”: Bravo.am-ը հետաքրքրվեց` արդյոք Սյուզին բացառում է, որ իր նշած ընկերական հարաբերությունները վերածվեն մեկ այլ` ավելի գեղեցիկ զգացմունքի. “Երբեք չեմ բացառում, որ հաջորդ վայրկյանին որեւէ բան կարող է լինել: Լավ խոսք կա, եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, պատմիր պլաններիդ մասին”: “Եթե ես սիրեմ, անշահախնդրորեն կսիրեմ, որովհետեւ նույն իմ ընկերական շրջապատում երբեւէ ֆինանսին կարեւորություն չեմ տվել: Նաեւ այն քիչ աղջիկներից մեկն եմ, ով ադամանդի սիրահար չէ: Կարեւորում եմ բարոյական հոգին ու ներքին դաստիարակություն ունենալը”: Սյուզի Շահբազյանը կարող է խենթի պես սիրել:): Մարիաննա Հովհաննիսյան. ազատ աղջկա կարգավիճակում Մարիաննան 19 տարեկան է, սիրահարվել արդեն հասցրել է. “Գուցե խենթի պեսը սիրելը ամպագոռգոռ հնչի, բայց որ ասեմ` չեմ սիրել, հաստատ կստեմ:): Բավական խորը մարդ եմ, ու արտաքուստ կարող է չերեւալ` ինչ է կատարվում իմ ներսում: Ասեմ եւս մի բան` միասեր եմ: Հաճախ չեմ սիրահարվում, իսկ եթե սիրահարվում եմ, դա բավական երկար է տեւում”: Երգչուհին կարծում է` հարաբերություններ սկսելու համար պետք է հասուն լինել. “Կարելի է սիրել, սիրահարվել, բայց հասուն տարիքում ավելի ճիշտ ես ընկալում այդ սեր հասկացողությունը: Ինչ վերաբերում է այն հարցին` սերս փոխադարձ է եղել, թե ոչ, ասեմ` դիմացինի կողմից իմ հանդեպ համակրանք եթե չզգամ, չեմ կարող սիրահարվել կամ սիրել: Օրինակ` եթե շատ գեղեցիկ տղա տեսնեմ, չեմ ասի` օօօ, ինչ լավն է, սիրահարվեցի… Այսինքն, առաջին հայացքից սերն իմ դեպքում չի “աշխատում”, բայց եթե ուշադրությունը արական սեռի կողմից լինում է, արդեն մտածում եմ` կարելի է ուշադրություն դարձնել, իսկ եթե ուշադրություն դարձնեմ, շփվելու ցանկություն առաջանա, դրանից հետո նոր կարող եմ սիրել”: Գուցե Մարիաննան այս տարի աղի բլիթ ուտի. “Երբեք չեմ կերել”: Երգչուհին նշում է` սիրո տոնը բավական հետաքրքիր կարելի է նշել նաեւ աղջիկներով ու առանց սիրելիի. “Այն զգացումը, որ դու ազատ ես… Վերջիվերջո, տարիներ անց մենք բոլորս էլ ամուսնանալու ենք, կարելի է վայելել տոնը յուրովի` ազատ աղջկա կարգավիճակում”: “Եթե զգամ` հենց նա է, ում փնտրել եմ”. Աստղիկ Սաֆարյան Աստղիկ Սաֆարյանը, ինչպես ցանկացած հարցում, այնպես էլ իր սերն արտահայտելիս, շատ ավելի զուսպ է. “Եթե զգամ, որ խենթությունս նրա համար արժեք կունենա, կկարեւորվի, գուցե անեմ, բայց չեմ կարծում, որ այդպես կլինի. իմ ընտրյալը ինձ կընդունի այնպիսին, ինչպիսին կամ, իսկ ես սովորաբար ավելի զուսպ եմ”: Երգչուհին հավատում է. “Կա մի առավել կարեւոր սեր, որ երկարատեւ է լինում ու լավ իմաստով ճակատագրական”: Աստղիկի կյանքում սիրահարություն եղել է, բայց. “Մի բան հաստատ գիտեմ` կարեւոր, գլխավոր սերս դեռ առջեւում է”: Գուցե նրան Իսպանիայում հանդիպի:): “Եթե զգամ, հենց նա է, ում փնտրել եմ, իսկ ես դա միանգամից կզգամ, ռասայական խտրականություն չեմ դնի: Կարեւորում եմ սերը, քանի որ իմ ընտանիքում էլ ամեն ինչ եղել է սիրո հիմքի վրա եւ մինչեւ հիմա էլ այդպես է: Ինձ համար կարեւոր է, որ ամեն ինչի հիմքում լինի սերը”: Աստղիկ Սաֆարյանի երգերի մեծամասնությունը հենց սիրո թեմայով են, Մարիաննա Հովհաննիսյանի երգերի 100 տոկոսը` եւս, Սյուզին էլ է սեր երգում:): Շտապեք սիրել… :) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի եւ Սյուզիի, Մարիաննայի, Աստղիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: