“Սիրտս ազատ է” Սուսաննա Պետրոսյանին շատերը ճանաչում են “Հայսուպերսթար”-ից. երգչուհին այս նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Այս օրերին նա իր ընկերների ու գործընկերների հետ գտնվում է Թեհրանում: “Շանթ”-ի մի քանի նախագծի երգիչները սեպտեմբերի 29-ին եւ 30-ին համերգներ են տալու իրանահայերի համար: Նախքան մեկնելը Սուսաննան BRAVO.am-ին պատմել է իր երաժշտական նորությունների մասին, նաեւ տեղեկացրել, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում ոչ այնքան ակտիվ գործունեությունը: Երգչուհին աշխատում է առանց պայմանագրի Առաջին “հայսուպերսթարը” հեռուստաընկերության հետ շարունակում է համագործակցել, բայց առանց պայմանագրի. “Ամեն ինչ սկսվեց այդ նախագծից, հիմա էլ ինձ հանգիստ եմ զգում, անձնակազմն ինձ հարազատ է դարձել: Որպես երգչուհի միայնակ եմ աշխատում, բայց նաեւ այլ նախագծերում շարունակելու եմ իմ մասնակցությունն ունենալ”: Աշխատելով առանց պրոդյուսերի ու թիմի՝ երգչուհին դրանով էլ բացատրում է իր լռությունը. “Պրոդյուսերի բացակայության պատճառով աշխատանքային քայլերս ավելի դանդաղ են, բայց կողքիս ունեմ լավ խորհրդատուներ ու ընկերներ, ովքեր օգնում են ինձ”: “Սիրով են ընդունում” Այս տարի Սուսաննան ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը, որոշել է աշխատել ու իր գիտելիքները փոքրիկներին փոխանցել. “Երեխաներին սովորեցնում եմ երգեցողություն: Ինձ թվում էր՝ երեխաների հետ չեմ կարողանա աշխատել:): Իսկապես, բարդ աշխատանք է: Արդեն կապվել եմ սաներիս հետ, իրենք էլ սիրով են ասածներս ընդունում, դրանից ավելի եմ ոգեւորվում:)”: Ներքին վախ ունի Սուսաննա Պետրոսյանը բացի երգելուց, նաեւ ստեղծագործում է, շատ է ուզում իր հեղինակային երգերը կատարել, որոնք մինչ օրս չեն հնչել. “Առաջին երգս գրել եմ 9-ը տարեկանում. Նոր տարվա մասին է: Շատ մեղեդիներ ունեմ, որոնք դեռ թղթի վրա են: Երեւի, ներքին վախ ունեմ, բայց ուժերս կհավաքեմ ու վերջնական տեսքի կբերեմ”: Երաժշտություն գրելիս նա լինում է այնպիսի հոգեվիճակում, որ դժվարանում է բառերով նկարագրել: “Մարդկանց վերաբերմունքը, հուզիչ պատմությունը, սիրահարված լինելը ստիպում են ստեղծագործել”,-ասում է երգչուհին ու հավելում, որ այժմ սիրահարված չէ. “Սիրտս ազատ է: Այդ ուղղությամբ այնքան էլ չեմ մտածում, որովհետեւ պետք չէ կենտրոնանալ: Անձնական կյանքն ինքնաբերաբար կլինի, եթե ժամանակը գա: Հիմա ավելի շատ ինձ հետաքրքրում է իմ երաժշտական գործունեությունը: Անելիքներ դեռ շատ կան”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Սուսաննա Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: