×


Վիկա Մարտիրոսյան

Վիկա Մարտիրոսյան

“Երջանիկ եմ, որ աղջկաս հետ եմ Նոր տարին նշում”:) “Ամարաս” պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն իր 8 ամսական աղջկա` Նանայի հետ արդեն զարդարել է տոնածառը, նախատոնական վերջին գնումներն է կատարել, իր խոսքերով, անչափ երջանիկ է: Փոքրիկ Նանան մայրիկի հետ հաճույքով լուսանկարվում էր, ժպտում ու ցույց էր տալիս իր պարային հմտությունները: :) Vika & Nana Պարուհին այս տարի երկու տոնածառ է զարդարել` իր ծնողների եւ իրենց բնակարանի տոնածառը. “Այս տարի աղջկաս համար մեծ ոգեւորությամբ նոր խաղալիքներ եմ գնել, որոշեցի արծաթագույնի ու կապույտի համադրությամբ ընտրել գույները, բայց Նանային ամենաշատը լույսերն են դուր եկել: Նաեւ որոշել ենք նրա անունով ամեն տարի մի նոր խաղալիք կախենք տոնածառից:)”: Վիկան ասաց, որ իրենց անպայման այցելելու է Ձմեռ պապը. “Տոնածառը զարդարելիս` մտածում էի, որ անչափ երջանիկ եմ, արդեն աղջկաս հետ եմ Նոր տարին նշում: Դրանից մեծ երջանկություն չկա, որովհետեւ փոքրիկս կյանքս փոխել է, մեր ընտանիքը լիովին երջանկացրել է: Դեռ չի հասկանում Ձմեռ պապիկի խորհուրդը, բայց ուզում եմ, որ հեքիաթի մեջ մեծանա”: Նա հիշում է, թե 7-8 տարեկանում ինչպես է Ամանորին զգացել նվերները բարձի տակ դնող տատիկի շարժումները:). “Քնաթաթախ աչքերս չբացեցի ու հասկացա, որ մեր Ձմեռ պապը տատիկս է: Բայց չեմ սիրում, որ ասում են` չկա. ովքեր հավատում են, նրանց համար Ձմեռ պապը միշտ կա ու կլինի”: Vika & Nana "Լաս Վեգասում խենթանալու աստիճան գեղեցիկ էր":) Նրա համար ամենահիշարժան Ամանորը 2007 թվին էր, երբ ԱՄՆ-ում է եղել. “Մինչեւ կյանքիս վերջ կհիշեմ, թե ինչ հեքիաթային, ուրախ, անմոռանալի տոն էր: Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը պետք է մրցանակ ստանայի, մեկնել էի մենակ, բայց երգիչների հետ դիմավորեցի Նոր տարին: Բոլորով հավաքվել էինք երգահան Արամ Ավագյանենց տանը, մինչեւ լուսաբաց շատ ուրախ պարել, երգել ենք::) Այնտեղ կենտրոնանում են ուրախանալու վրա, չեն տանջվում սեղանի պատրաստության ու առատության համար: Մոտ մեկ ամիս այնտեղ էի, ամբողջ ընթացքում ինձ հեքիաթի ու տոնի մեջ էի զգում, այդ ընթացքում եղա նաեւ Լաս Վեգասում, որը խենթանալու աստիճան գեղեցիկ էր, բառերով չեմ կարող նկարագրել”: Վիկան ամանորյա սեղանի կերակուրներից սիրում է լցոնած խոզի բուդը. “Առանձին ենք ապրում, բայց Նոր տարին ամուսնուս ընտանիքի հետ ենք անցկացնում, սկեսուրս համեղ կերակուրներ է պատրաստում, ես դեռ ամանորյա հատուկ ուտեստներ չեմ պատրաստում, բայց ամենօրյա խոհանոցային հարցերով մեր տանն ինքս եմ զբաղվում”: Vika & Nana "Ամարասի" նոր կազմով Վիկան վերադարձել է բեմ Վիկան նշեց, որ վերադարձել է բեմ` վերջերս պարային խմբով մասնակցել են ամանորյա համերգների ու նկարահանումների. “Երկար դադարից հետո նորից բեմում եմ, պարում եմ, չնայած որոշ մարդիկ կարծում էին, որ էլ չեմ պարելու, միայն դասավանդելու եմ: Բայց վերադարձել եմ նոր մտքերով, նոր պարային համարներով: Շատ էի կարոտել, հասկացել եմ, որ միեւնույնն է, առանց բեմի չեմ կարող::) Մայրանալուց հետո աղջիկս առաջին տեղում է, բայց ժամանակի մեջ տեղավորվելով, շարունակելու եմ աշխատել”,- ասաց նա, ավելացնելով, որ խմբի կազմը փոփոխված է. “Միայն ես եմ մնացել հին կազմից, նորից հինգ պարուհիներ ենք, որոնց ընտրել եմ ոչ միայն լավ պարելու, այլեւ հիանալի մարդ լինելու համար:)”: Vika & Nana Պարուհին մտածում է խմբի երկրորդ տեսահոլովակի մասին, նաեւ մի քանի համերգների պարային մասը պետք է ապահովի. “Առաջին տեսահոլովակն իր նպատակին ծառայեց, մեզ ճանաչում բերեց, հիմա երաժշտությունն ենք ընտրում, որ բեմադրեմ պարը: Պայմանագիր ենք կնքել “VH production”-ի հետ, որ իրենց կազմակերպած համերգների պարային մասով “Ամարաս”-ն է զբաղվելու: Այնպես ենք անում, որ բացի խմբից, երգիչներն էլ պարեն, շարժվեն բեմում, օրինակ, Անահիտ Սիմոնյանը շատ ընդունակ, աշխատասեր աղջիկ է, ժամանակ է գտնում, գալիս է փորձերին, սիրում է պարել: Կարող եմ իր աշխատասիրությամբ առանձնացնել նաեւ Էմմիին”: Նա 2011 թվականին ուզում է բուռն կերպով պարային խմբի աշխատանքները շարունակել, կարծում է` մի փոքր վաղ է երկրորդ երեխայի մասին խոսելը. “Կուզեմ երկրորդ բալիկս տղա լինի, որ քույր ու եղբայր լինեն::) Շնորհակալ եմ Աստծուց, որ մեզ երջանկություն է պարգեւել, նրա կամքով էլ ապագայում մեր ընտանիքի անդամների թիվը կավելացնենք”: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին