“Ինձ ջազ երաժիշտ չեմ համարում” “A Fable” գեղեցիկ ստեղծագործությունը, ինչպես նաեւ համանուն նոր ձայնասկավառակից այլ գործեր Տիգրան Համասյանը կկատարի սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտի ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության պալատում, 18-ին` Երեւանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում, 19-ին` Գյումրիի Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 20-ին` “Արամ Խաչատրյան” համերգասրահում: “Որոշել եմ Հայաստանում միայն բարեգործական համերգներով հանդես գալ”, - նշում է ջազ դաշնակահարը: Հայաստանյան համերգներից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանի հաշմանդամների “Փյունիկ” միությանը: Տիգրան Համասյանի հետ ելույթ են ունենալու նաեւ հարվածային գործիքներ նվագող Արի Հոենիգը, ում հետ առաջին անգամ նվագելիս ջազ դաշնակահարը, ինչպես ինքն է նշում, ֆանտաստիկ զգացողություններ է ունեցել, եւ Սամ Մինայեն` բաս: Արդեն 7 տարի Միացյալ Նահանգներում բնակվող Տիգրան Համասյանը ծնվել է Գյումրիում: 24-ամյա ջազ դաշնակահարը նշում է` Հայաստան վերադառնալու մտադրություն չունի, քանի որ “ամեն անգամ հայրենիք գալով` հասկանում է` այստեղ իր ոճի երաժշտի համար առաջընթաց ունենալու պայմաններ չկան”: Տիգրանն իր ուսուցիչ է համարում հորեղբորը եւ ջազի “բարոմետր” Վահագն Հայրապետյանին: Երաժիշտը, ի դեպ, իրեն ջազ երաժիշտ չի համարում. “Տարբեր ժանրեր են նպաստել ոճիս ձեւավորմանը: Ջազն ինձ համար իմպրովիզներ կատարելու գործիք է, իսկ բառապաշարս հայկական ժողովրդական երաժշտությունն է, որի ուսումնասիրմամբ կզբաղվեմ ողջ կյանքում”: Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի հաղթող, հեղինակավոր բազմաթիվ այլ միջազգային մրցույթների դափնեկիր հայ ջազ-դաշնակահարի նպատակն է հայտնի երաժիշտների Հայաստան բերել` համերգներ իրականացնելու: Հայրենիքում սեփական դպրոց հիմնելու ցանկություն էլ ունի:): “Տիգրան Համասյան սոլո տրիոյի” համերգաշարը կազմակերպում է PanARMENIAN Media-ն` Տիգրան Համասյանի` “Universal Music” ընկերությունում թողարկած “A Fable” ձայնասկավառակի ընծայման առթիվ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: