×


Քրիստինե Պեպելյան

Քրիստինե Պեպելյան

«Պատահական չի լինում ոչ մի բան...» :) Օրերս հեռուստաեթեր մուտք գործեց Քրիստինե Պեպելյանի «Պատահական չի լինում» երգի տեսահոլովակն ու ուրախացրեց երգչուհու երկրպագուներին: Երգի երաժշտության հեղինակը Քրիստինեի լավ ընկեր, երգահան Արամ Ավագյանն է, ով այն ստեղծել է դեռեւս 2005-ին. «Երբ առաջին անգամ լսեցի երգը, խոսքերը դեռ գրված չէին: Ես խնդրեցի Անիտա Հախվերդյանին խոսքեր գրել այն թեմայով, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում: Անիտան շատ ճիշտ ընկալեց իմ միտքն ու ստեղծեց այս գեղեցիկ խոսքերը»,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին: Qristine Pepelyan Տեսահոլովակը նկարահանվեց երգի ստեղծումից 5 տարի անց: Ի սկզբանե որոշված էր, որ ռեժիսորը պետք է լինի Կարեն Ստեփանյանը, ով շոու-բիզնեսում հայտնի է «KS» անունով. «Ինձ համար (կարծում եմ, որ շատերը կկիսեն իմ կարծիքը) Կարենն ունի հիանալի աչք, կադրի լավ ճաշակ եւ հրաշալի օպերատոր է: Ես շատ գոհ եմ աշխատանքից: Հուսամ, որ մարդիկ եւս կսիրեն այն»: Ինչպես հայտնի է տեսահոլովակից, այն սցենարական գիծ չունի, իսկ առանձնահատկությունն այն է, որ երգչուհին կադրում չի երգում. «Երկու սիրող մարդիկ գտնում են միմյանց, ժամանակ անցկացնում, իսկ միառժամանակ հետո հանդիպում իրենց հուշերի տանը: Նման է փոքրիկ ֆիլմի: Ավարտում նշված  չէ` տղան, ում սպասում եմ, գալիս է, թե ոչ, եւ դա շատերին է հետաքրքրում... եթե ինձ եք հարցնում` այո, գալիս է:)»: Qristine Pepelyan «Ես երգում եմ այն ժամանակ, երբ ասելիք ունեմ» Քրիստինեն ասում է, որ իր մյուս երգերի համեմատ այս երգը եւս բացառություն չէ. «Իմ երգերն իմ կյանքի մասին են, իմ պատմությունն են պատմում: Երգն ինձ համար արտահայտվելու ամենալավ ձեւն է. շատ բաներ կան, որ խոսքով չես կարող ասել, իսկ երգով կարողանում ես խոսքդ հասցնել այն մարդուն, ով դրա տերն է»: «Պատահական չի լինում» երգը եւս ունի իր հասցեատերը, սրանք ուղղակի խոսքեր չեն, երգը պատահական չէ եւ ունի իր ասելիքը. «Ես երգում եմ այն ժամանակ, երբ ասելիք ունեմ»:) Qristine Pepelyan «Մեծ մասսաների հետ աշխատողներն իրենց տարբեր ոլորտներում փորձելու իրավունք ունեն» Ամեն օր ուղիղ եթերից հայերին բարի լույս մաղթող Քրիստինե Պեպելյանը հեռուստատեսության մասին հիացմունքով է խոսում`ասելով, որ այն իր համար հիանալի աշխարհ է. «Ճիշտ է, իմ առաջնային, գլխավոր աշխատանքը երգն է, բեմը: Ես չեմ ուզում այն կապել հեռուստատեսության հետ. դրանք երկու տարբեր հետաքրքրություններ են ինձ համար: Ես շատ ուրախ եմ այս գործն անում, ինձ համար հաճելի է նոր մարդկանց հետ շփվելն ու նոր ընկերներ գտնելը»,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ մեծ մասսաների հետ աշխատողներն իրենց տարբեր ոլորտներում փորձելու իրավունք ունեն: «Սա աշխարհում ընդունված չափանիշ է. դերասանը միայն դերասան չէ, երգիչը` երգիչ, լրագրողը` լրագրող, եւ այլն»: Qristine Pepelyan Քրիստինեն կարծում է, որ քննադատությունները հաճախ տեղին չեն լինում. «Մարդիկ, ովքեր քննադատում են (խոսքս ինչ-որ չափով ճանաչված մարդկանց մասին է) իրենք էլ են իրենց փորձել, փորձում տարբեր բնագավառներում. ինչ-որ բան անելուց առաջ լավ կլինի հիշեն` իրենք ինչով են զբաղվել, հետո նոր անդրադառնան մարդկանց այս կամ այն գործունեությանը»: Մեր զրուցակցի  համար շատ կարեւոր է ժողովրդի գնահատականը. «Երբ ես եթերում չէի, շատերն էին ասում, որ կարոտել են ինձ: Հասարակ մարդիկ, որ բնավ կապ չունեն այս ամենի հետ, շատ ավելի ճիշտ են գնահատում...»: Հեռուստատեսությունում Քրիստինե Պեպելյանը  շատ առաջարկներ է ստանում ֆիլմերի, սերիալների եւ այլնի վերաբերյալ, բայց «Բարի լույս հայեր»-ը առայժմ միակ ծրագիրն է համարում, որի համար պատրաստ է աշխատել: Qristine Pepelyan «Հիմա ստեղծագործական բուռն շրջան եմ ապրում:)» Քրիստինեն պատրաստվում է թողարկել  ձայնասկավառակ, որը երկար ժամանակ չի եղել. «Ես առանձնապես չեմ նեղվել այն մտքից, որ երկար ժամանակ ձայնասկավառակ չեմ թողարկել: Կարծում եմ, որ դրա կարիքը չեմ ունեցել. փոխարենը եղել են առանձին երգեր, որոնք ես տվել եմ իմ երկրպագուներին»: Ձայնասկավառակը կլինի  մինչ գարուն: Անվանումը դեռ պարզ չէ: Այն կախված է նրանից, թե ինչ շրջան կլինի երգչուհու կյանքում: Իսկ մինչ այդ   տեղեկացնենք, որ օրեր առաջ Քրիստինեն ձայնագրել է Անուշ Ալեքսանյանի «Սիրտը իմ» երգը, որը հնչել է «Համազգային աստղ» նախագծի շրջանակներում. «Անուշից եւ Գրիգոր Նազարյանից ստացա թույլտվություն ու ձայնագրեցի երգը, ինչի համար շատ ուրախ եմ: Երբ երգը պատրաստ լինի, կմտածենք նաեւ տեսահոլովակի մասին»: Qristine Pepelyan Կան նաեւ համերգային հրավերներ Ռուսաստանի մի քանի քաղաքներից, Բեյրութից: Համերգային շրջագայություն կլինի նաեւ Հայաստանի մարզերում. «Հերթականությունը դեռ որոշում ենք: Կարող եմ ասել, որ հոկտեմբերի 8-ին կլինեմ Վանաձորում, իսկ մյուս համերգների մասին կաշխատեմ ինչ-որ կերպ տեղեկացնել»: «Մինչ տարեւերջ կլինեմ նաեւ ԱՄՆ-ում, բայց ոչ համերգային ծրագրով...» Ամիսներ առաջ, երբ Քրիստինե Պեպելյանը ԱՄՆ-ում էր, բազմաթիվ լուրեր տարածվեցին, որոնք պատմում էին, թե ինչու երգչուհին մեկնեց Նահանգներ: Խոսքը հասավ նրան, որ նա ամուսնության նպատակով էր այնտեղ:): Իրականում Պեպելյանն այնտեղ զբաղված էր «Բարի լույս հայեր»-ի աշխատանքներով. «USArmenia-ի շրջանակներում ես մոտ 30 հաղորդում պատրաստեցի: Ես էլ եմ լսել մի քանի շատ տարբեր պատճառների մասին, բայց ես այնտեղ միայն աշխատելու նպատակով էի: Անձնականի մասին չեմ ուզում ծավալվել, բայց եթե անկեղծ` դրանք չեն էլ եղել»: Qristine Pepelyan Ի դեպ, անձնական կյանքի ներկա վիճակի մասին. «Ուզում եմ ասել, որ ես շատ ուրախ եմ ապրում այս շրջանը: Թե ով ինչպես կհասկանա իմ ուրախությունը, թողնում եմ իրենց, բայց եթե իմ անձնականի մասին ենք խոսում` ասեմ, որ ամեն ինչ հրաշալի է:)»: Իսկ առաջիկա փոփոխությունների մասին երգչուհին ասում է. «Իհարկե, կլինեն... լավ թե վատ, բայց անպայման կլինեն:)»: Քրիստինեն մինչեւ տարեվերջ եւս մեկ անգամ կմեկնի ԱՄՆ: Այս անգամ երգչուհին կայցելի իր ընկերներին. «Հատկապես Արամ Ավագյանին. արդեն 8 տարի է, երբ ԱՄՆ եմ գնում, ապրում եմ իրենց տանը, շատ մոտ եմ իր ընտանիքի հետ, շատ սիրում եմ նրա բալիկին: Ի դեպ, նոյեմբերին ես Արամին սպասում եմ Երեւանում:)»: Qristine Pepelyan Քրիստինեն  ասում է, որ բախտավոր մարդ է, շատ է սիրում իր աշխատանքը, բեմը, հանդիսատեսին: Արտիստի ու իր համար կարեւոր է համարում հանդիսատեսի ներկայությունը. «Ամեն մարդ յուրովի է քեզ ընդունում. կան մարդիկ, որ անընդհատ ծափահարում են, հուզվում, ժպտում կամ արտասվում: Ես սիրում եմ իմ հանդիսատեսին, իմ երկրպագուներին...»: Զրույցի վերջում երգչուհին խոսեց նաեւ Bravo.am-ի մասին. «Շնորհակալ եմ Ձեր ստեղծագործական ողջ թիմին, որ մշտապես իմ կողքին եք, իմ ջերմ բարեւները բոլորին:): Ես միշտ պատրաստ եմ իմ ամեն քայլի մասին ձեզ տեղյակ պահել եւ առաջին ինֆորմացիան տրամադրել Bravo.am-ին:)»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW