Երգչուհին մեկնում է Լոնդոն, իսկ սիրելին կսպասի Երեւանում:)
Բալերինան եւ բորտուղեկցորդուհին` “ստյուարդեսան”, Քրիստինե Պեպելյանի երազած մասնագիտություններն են, որոնցից առաջինը երգչուհին վերջերս մասամբ իրականացրել է:): “Սիրտը իմ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում նա պարուսույցի դերում է. “Սա թերեւս երազանքի է նման, որովհետեւ բալետը առհասարակ եղել է իմ կյանքի երազանքներից մեկը”:
Անուշ Ալեքսանյանի հեղինակած “Սիրտը իմ”-ը, Քրիստինե Պեպելյանի խոսքերով, փոշմանած սիրո պատմություն է: “Մի մարդու մասին է, ով ցանկանում է հետ վերադառնալ, բայց սիրելին, կարծես թե, բոլոր կամուրջներն այրել է իր համար: Իրականում սա իմ պատմությունը չէ, որովհետեւ երգն ինձ համար չի գրվել, բայց կարող եմ ասել` մասամբ ինձ տեսա վերջինի մեջ: Կարծում եմ, այս երգը լսելով, շատերը կարող են իրենց նախկին սերը վերգտնել”,- ասաց նա:
Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, ում հետ երգչուհին առաջին անգամ էր համագործակցում: Նկարահանումները իրականացվել են պարարվեստի ուսումնարանում: “Հրանտի հետ շատ լավ ընկերներ ենք, բայց միասին չէինք աշխատել: Ուղղակի առիթ չէր եղել, վստահության խնդիր չկար, որովհետեւ ես առհասարակ թերավատորեն չեմ մոտենում մարդկանց, ում հետ չեմ աշխատել”,- նշեց Քրիստինե Պեպելյանը:
Ամանորին նրան Երեւանում չփնտրեք:): Դեկտեմբերի 29-ին երգչուհին մեկնում է Լոնդոն: Քրիստինե Պեպելյանն ասաց` Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք իր առաջին այցն է լինելու. “Կարծում եմ` Լոնդոնը աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է, որ պարտադիր պետք է տեսնել: Նոր տարին կկարողանամ իսկապես յուրահատուկ կերպով անցկացնել: Կվերադառնամ Հայաստան, երբ շատ բաներ խաղաղված կլինեն:)”:
Bravo.am-ը երգչուհուց հետաքրքրվեց` արդյո՞ք ռոմանտիկ ճամփորդության է պատրաստվում եւ սիրելիի հետ է մեկնելու Լոնդոն: “Ինձ համար շաաատ սիրելիի հետ եմ մեկնելու, որովհետեւ իմ կողքին մայրիկս է լինելու: Իսկ սիրելին թող սպասի Երեւանում:): Սիրելիի հետ ամեն վայրն էլ ռոմանտիկ է դառնում, կլինի Լոնդոնը, Նյու Յորքը, թե Ճամբարակը: Կարեւորն այն է, որ սիրելիդ կողքիդ լինի”,- ասաց Քրիստինե Պեպելյանը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: