Հաղորդավարն ու ռեփերը հայտնվել են հոգեբուժարանում
Նախորդ տարեվերջին Ֆելիքս Խաչատրյանն ու A Chilla-ն հոգեբուժարան են ընկել: Դեպքը պատահել է դեկտեմբերի 30-ին: Հաղորդավարին, ով նաեւ ռեփ է կարդում, եւ ռեփեր Նարեկ Հովսեփյանին` նույն A Chilla-ին, հիվանդանոցի չօգտագործվող հարկում են “փակել”:
Միանգամից դատողություններ մի արեք. շատ անգամներ հիվանդը ոչ թե փակի տակ գտնվողն է, այլ նրան փակի տակ պահողը: A Chilla-ն հիվանդի դերում է, Ֆելիքս Խաչատրյանն էլ` նրա արտացոլանքը հայելու մեջ. ռեփերի այն կեսը, ով ճիշտ ապրելակերպ է սովորեցնում:
Մի խոսքով` “3.33” երաժշտական նախագծի տղաները “Հայելի” երգի հիման վրա տեսահոլովակ են նկարահանել: Երգն արդեն բավական սիրվել է. “Մեկը ասում ա` դու Աստծուց ես, մյուսը` սատանուց: Մեկը ասում ա` դու ստում ես, մյուսը` հավատում… Քո համար մեկ ա, եթե դու չես համար մեկը, եթե դու չես հագնելու ամենաթանկ համազգեստը: Բա էդ ինձ պետք ա՟, արդեն թողել եմ հետքս, տողերս` հետս , ես լավ եմ, դու քեզ տես… Տես, ամեն ինչ նույնն ա, մեր արյան գույնը, ծխածդ թույնը…”:
Ֆելիքսին եւ A Chilla-ին հոգեբուժարան “գցողը” ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանն է, չորս պատի մեջ ռեփերներին նկարահանել, որպես օպերատոր է հանդես եկել լուսանկարիչ Դավիթ Գալստյանը:
“Բազմաթիվ սցենարներ ենք քննարկել, մինչեւ վերջնական տարբերակը որոշեցինք եւ նկարահանեցինք … Մոտ մեկ շաբաթվա մեջ Ֆելիքսին այնքան սցենար ներկայացրի… :): Վերջը դուրը եկավ, համաձայնեց: Իսկ նկարահանումներից հետո արդեն առաջարկ ստացա` այսուհետ իրենց վիդեոշարքերով միայն ես զբաղվեմ”,- ասաց Լիլիթ Մովսիսյանը:
Ռեժիսորի խոսքերով` հոգեբուժարանի պատերի ներքո ցույց է տվել հենց այս քաղաքը, ավելին` աշխարհը. “Կարծում եմ` նաեւ մեր կյանքում է տեղի ունենում այն, ինչ հոգեբուժարանում: Իշխողներ կան, որոնք մեր կյանքը սահմանների մեջ են դրել` բանտախցի եւ հոգեբուժարանի նման”:
Լիլիթը նշեց` իր խաղարկային նախորդ ֆիլմում եւս հոգեբուժարանային տեսարան կա. թեման շատ է հետաքրքրում, բայց. “Քանի որ շատ տպավորվող մարդ եմ, վախենում եմ հոգեբուժարան, ծերանոց, մանկատուն գնալ. երբեք չեմ գնացել, սպասում եմ մի քիչ հասունանամ”:
“Հայելու” պրեմիերան, հավանաբար, կլինի այս տարվա երրորդ ամսվա երրորդ օրը ժամը երեքին:): “3.33” խմբից յուրօրինակ ու հաջող գործեր ենք սպասում:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Գալստյանի եւ Հովհաննես Բաղջյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: