Մեղեդային դրախտի փնտրտուքներ. Avalon Ամուսնանում ես երաժշտության հետ ու պարզում` այն թմրանյութի պես է, թվացյալ բաժանումը` ընդամենը մի քանի տարվա պատմություն: Մարդկային կյանքն էլ ինչ է, եթե ոչ Եդեմի փնտրտուք: Rooben-ի կարդացած ռեփում երջանկություն որոնող հերոսը, շատ դժվարություններ հաղթահարելով, վերադառնում է տուն. “Գալով դրախտ, ես գալիս եմ տուն, որովհետեւ վերջիվերջո յուրաքանչյուրի դրախտն իր սրտի մեջ է, իր տունն է: Հարազատ օջախն այն է, ինչին ձգտում է ամեն մի անհատ”: “Avalon”-ը կելտերի, մեկ էլ “արմենոիդների” երազած դրախտն է:): Երգի հիմքում 70-ականներից հայտնի լեյտմոտիվ է: “Համահեղինակության սկզբունքի վրա ենք ստեղծել այս գործը` պահպանելով “Glocal”-ի գաղափարախոսությունը: Ցանկացանք ցույց տալ, որ “Armenoids”-ը անդրադառնում է ոչ միայն էթնիկական բովանդակությանը, այլեւ համաշխարհային ռետրո ստեղծագործություններին, որոնք եւս վերականգնման, վերազինման, ներկայացման կարիք ունեն”,- նշեց Էդգար Ռոստոմյանը: Երաժշտական նախագծի հիմնադիր եւ ղեկավարը շեշտում է` “Armenoids”-ի յուրաքանչյուր ստեղծագործություն տարբեր քաղաքակրթությունների եւ փիլիսոփայության համադրություն է. “Վերցրել ենք շատ հետաքրքիր երաժշտական դրսեւորում եւ համադրել մեր ազգայինի, ֆոլկլորայինի հետ”: “Avalon”-ում դուդուկի հատվածները նվագում է Տիգրանը, ստեղծագործությունում կլսեք նաեւ նոր “արմենոիդի”` Լենայի վոկալը:): Երգչուհին, որ “Աիդա” օպերայում է հանդես գալիս, հավանել է էլեկտրոնայինի, դուդուկի, ռեփի համադրությունը, բայց ամենից շատ սիրում է հենց իր երգած հատվածը:): “Շատ բաներ դեռ պետք է ինձ համոզեմ. բեմ եմ դուրս գալիս լրիվ ուրիշ կերպարի մեջ, այլ տեսքով: Ընդհանրապես չէի պատկերացնում, որ կարող է շոու-բիզնես մուտք գործեմ. կյանքում մտքովս չի անցել: Կուրսեցիներիցս մեկն ասաց` գիտե՟ս, Լեն, “Արմենոիդս”-ը բարձր, լիրիկ ձայնով երգչուհի է փնտրում: Որոշեցի ներկայանալ, որ հետո հանգիստ լինեմ. ասեմ` փորձեցի, չստացվեց: Բայց ինձ հավանեցին, շատ ուրախ եմ դրա համար”,- ասաց Լենան: “Արմենոիդս”-ը ոչ միայն համադրում է երաժշտություն, այլեւ ստեղծում է ազգային բովանդակությամբ նորը: Հենց Լենայի կատարած հատվածը լսելիս ձեզ կթվա` հայկական, ժողովրդական ստեղծագործության լեյտմոտիվ` տոնայնություն է, բայց դա Սամվել Սարյանի հեղինակային գործն է: “Ես այդ աշխարհից եմ”. Rooben Ի դեպ, Rooben-ի կարդացած ռեփի հատվածը, որ յուրահատուկ կերպով լրացնում ու ամբողջացնում է “Avalon” կոչվող երաժշտական կոլաժը, սկզբում չի եղել: “Արմենոիդս”-ի համահիմնադիրը ինքը մի քանի տարի նախագծի գործունեությանը կողքից, երբեմն օգնելով, բայց հիմնականում ունկնդրի պես է հետեւել:): Ռուբեն Հարությունյանը նշում է` խումբը թողնելու համար պրագմատիկ պատճառներ է ունեցել. “Ուսում եւ աշխատանք. ասպիրանտ եմ, “Մեդիամաքս” մեդիա ընկերությունում էլ որպես լրագրող եմ աշխատում: 2007 թվականին Միացյալ Նահանգներում արժանացանք “Տարվա լավագույն խումբ” տիտղոսին, ես դրանով հասա իմ նպատակին եւ ինչ-որ ժամկետի ավարտ համարեցի: Մենք “արմենոիդսներով” ուզում էինք շարժում, նման երաժշտության պահանջարկ ստեղծել Հայաստանում”: Rooben-ը վերջին երեք տարիների ընթացքում չի ստեղծագործել. կարոտն անպակաս է եղել:). “Ես այդ աշխարհից եմ, չեմ կարող թողնել. արմենոիդ եմ”: Rooben-ի ու “Արմենոիդսի” ճանապարհները վերջնական կամ գուցե էլի որոշ ժամանակահատվածով հատվել են այս տարեսկզբին. “Ամանորյա տոներին հանդիպեցինք, իրար շնորհավորեցինք, “Avalon”-ը լսեցի, ասացի` մի բան պակասում է”: Երգի նախապատմությունը կարդացիր, հիմա, կարծում եմ, քո` դրախտի փնտրտուքների մեջ ընկնելու ճիշտ ժամանակն է:): Առաջարկում եմ դիտել օրերս երգի ձայնագրության ընթացքում Bravo.am-ի ֆիքսած լուսանկարներով պատրաստված տեսանյութն ու լսել “դրախտային” երաժշտությունը: Իսկ “Avalon”-ի տեսահոլովակը կնկարահանվի առաջիկայում: “Նախապատրաստական աշխատանքները սկսվել են, ասեմ` բավական խայտաբղետ տեսահոլովակ է սպասվում` “Armenoids”-ի գույների եւ նրա գաղափարախոսության մեջ: Յուրաքանչյուր մարդ, ով կուզենա իրեն տեսնել իր ենթադրյալ դրախտում, այն կգտնի այս ստեղծագործության եւ տեսահոլովակի մեջ”,- կարծում է Էդգարը: “Արմենոիդսը” օրերս մեկ այլ ստեղծագործություն եւս վերջնական տեսքի է բերել: Խումբը պապ ու թոռ Ջիվան Գասպարյանների հետ դուդուկի վարպետի հայտնի “Հովերն էլլան” ստեղծագործությունն է ձայնագրել: Rooben-ը “Տրանսֆորմատոր”-ի շարունակություն համարվող այս գործում եւս իր շատ ինքնատիպ ներդրումն ունի. “Հայտնի դիջեյական հնարք է, երբ սկավառակները շարժում են. “հյումն սկրեչ” է կոչվում: Այդ ձայնը ես բերանով եմ կրկնօրինակում”: Ի դեպ, այս տեխնոլոգիան նա առաջին անգամ կիրառել է նախագծի հիթերից “Դամ” ստեղծագործության մեջ. “Դա ռեփ չի, ձայներ են, որոնցով համալրում եմ կոլաժը”: Երբ Տիմբլենդը դեռ քնած էր :) “Ռուբենը “Armenoids” նախագծում ներդրեց մի յուրահատուկ երաժշտական ուղղություն, որ այն ժամանակ անգամ համաշխարհային մեծ ճանաչում վայելող Թիմբլենդը դեռ չէր օգտագործում: Վառ ապացույց է “Ղարաբաղ” ստեղծագործության մեջ հնչող հանգավորման սիստեմը եւ տեսակը, որը շատ ավելի վաղ է լույս ընծայվել, պարզապես Հայաստանը փոքր երկիր է եւ այդքան էլ հասանելի չի երաժշտական միջազգային թատերաբեմերին: Համացանցում “Ղարաբաղ” ստեղծագործության տեղադրվելուց հետո “Sony Music” եւ համաշխարհային շատ այլ ձայնագրման ստուդիաներ սկսեցին գործածել այդ տեխնոլոգիան, որի հիմնադիրներից մեկը, կարող եմ վստահ նշել, Ռուբենն է: Դա մեզ համար յուրահատուկ փոքր հաղթանակ է”: Էդգարը անչափ ուրախ է ընկերոջ “Արմենոիդս” վերադառնալու կապակցությամբ:): “Նոր բան ա, լավ բան ա” Վերեւում Սամվել Սարյանի անունը տվեցինք, հիմա նրան ներկայացնելու ժամանակն է:): Նա երգահան է, հնչյունային ռեժիսոր, մեկը, ով Apple Macintosh է շատ-շատ սիրում, “Արմենոիդս” նախագծում, տղաների խոսքով, կարեւորագույն մարդ: “Նախագիծը սկսեց ստեղծել վատ շուկայի հետ կապ չունեցող երաժշտություն: Հայկական պոպսան կայացած ուղղություն է, եւ շատ-շատերը, երբ մտնում են շոու-բիզնես, դրան համապատասխան ձեւափոխությունների են ենթարկվում: Էդգարի ամբողջ կայֆը նրանում էր, որ ինքը ոչ մի կապ չուներ այդ ամենի հետ, ուրույն մտածելակերպ, ուղղվածություն եւ գիտելիք ուներ, թե ինչ է անում, ինչի համար”,- նշեց Սամվելն ու հավելեց. “Ես երաժիշտ եմ, գաղափարախոսությունը մի կողմ, երբ լսում եմ, իմ զգայարաններն են միանում: “Արմենոիդս”-ը ընդհանուր մտածելակերպի մեջ չի, նոր բան ա, լավ բան ա”: “Armenoids”-ն` իր տարերքներով “Armenoids”-ը շնչող երաժշտական օրգանիզմ է, ինչպես Էդգարն է ասում, ամենաանկախ նախագիծը. “Յուրահատուկ պետություն է հայկական շոու-բիզնեսում, որ երբեւէ չի ենթարկվի որեւէ օրենքի, չի փոխի իր գաղափարախոսությունը”: Rooben-ն էլ շեշտում է` աշխատում են ցույց տալ, թե ինչպես են տարբեր մշակույթներն իրար հետ շատ գեղեցիկ դիտվում:). “Արմենոիդսի ստեղծագործությունները իրենցից կոլաժ են ներկայացնում, տարբեր մշակույթների համադրում, ու դրանից ամենեւին էլ քաոս չի ստեղծվում”: Էդգար Ռոստոմյանը իրեն “Avalon”-ում է զգում երաժշտություն ստեղծելիս. “Վայելքի մեջ եմ լինում: Այն հնարավորություն է ընձեռում արտահայտել հոգու ընդվզումը: Իմ դրախտն այն է, որ ընկերներս այդ երաժշտության մեջ իրենց յուրահատուկ ներդրումն ունեն: Երաժշտությունն իմ աշխարհն է, ուր ես ապրում եմ, այն օրը, երբ դադարեմ երաժիշտ լինել, կսկսեմ բիզնեսով զբաղվել ու կկորցնեմ իմ դրախտը: Սովորաբար ասում եմ` ամուսնացած եմ երաժշտության հետ: Տերմինատոր չենք. անձնական կյանք էլ կա, ձգտում ենք սիրելի ունենալ, ամուսնանալ, ընտանիք կազմել… Դա յուրահատուկ ակնթարթ է, որ կարողանում է տարերքի նման գրավել քեզ, երբեմն թողել, բայց կրկին գրավել, դա բնությունն է, նույն օվկիանոսն իր տարերքներով”: “Արմենոիդս”-ի հիմնադիրը իր եւ խմբի նախկին անդամ Կարոլինայի հարաբերություններին, ավելի ճիշտ, դրանց խզմանը վերացական մեկնաբանում տվեց. “Յուրաքանչյուր զգացում, հոգու ընդվզում ներդրել եմ երաժշտության մեջ, անգամ տխրությունը: Իմ բնավորության տեսակը կարող եք գտնել “Արմենոիդս”-ի ստեղծագործություններում”: Գոհ են “Միայն մեկ տարվա ընթացքում այնպիսի անհավանական նախագծեր իրականացրինք… Երբեւէ չեմ վախեցել այն դժվարություններից, որոնք ծագել են, մենք չենք փորձել գումարներ կուտակել անձնական կյանքը բարելավելու համար: Գուցե խենթություն է, բայց դա եղել է մեր ապրելակերպը, մենք ապրել ենք, չեմ վախենա ասել, հայրենասիրությամբ: Վառ ապացույցը Bravo.am-ում գտնվող եւ մեր կողմից ստեղծված ստեղծագործություններն են. “Դլե Յաման”, Ջուղայի մասին ստեղծագործությունը, այբուբենը ներկայացնող “Բարակկան” եւ մնացած բոլոր գործերը”: ““Արմենոիդսը” մարտի մեկին Բեռլինում կայանալիք միջազգային փառատոնի ժամանակ մենահամերգով հանդես կգա, այս տարի անպայման ձայնասկավառակ կթողարկի, Լուսինայի հետ են համագործակցել. ստեղծագործությունը կընդգրկվի երգչուհու CD-ում, գուցե որոշեն հաջորդ տարիներին “Եվրատեսիլ”-ում հանդես գալ, մեկ էլ վերջերս իմացել են, որ Վրաստանում կայացած միջազգային մրցույթի ժամանակ ադրբեջանցի բռնցքամարտիկը “Դամ” ստեղծագործության ներքո է ռինգ բարձրացել: Երաժշտությունը կարողանում է շատ պատնեշներ ջարդել, երաժշտության միջոցով մարդիկ կարողանում են հասկանալ շատ այլ խորը նրբություններ: Շարունակելու ենք նույն տեմպով”: Bravo.am-ը երկու ձեռքով կողմ է պրոգրեսիվ ֆոլկի տարածմանը:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: