Մրցել են մեծերը, ոչ թե փոքրերը:)
“Արամ Խաչատրյան” համերգասրահն օրերս երկու օրով վերածվել էր մանկական “մոլորակի”:): “Արեւներ” մանկապատանեկան խումբը անց է կացրել երգի մրցույթ-փառատոն, որի ընթացքում ելույթ են ունեցել բազմաթիվ մանուկներ ու պատանիներ:
Նշենք, որ մրցույթը վերաբերել է գրված երգերին ու դրանց հեղինակներին: Առաջին մրցութային օրվա ընթացքում երեխաները հնչեցրել են 25 նոր երգ, որոնք գնահատվել են ժյուրիի կողմից: Այս տարի տեղի է ունեցել հոբելյանական 10-րդ մրցույթ-փառատոնը:
Համերգը վարող Աննա Օհանյանի խոսքերով՝ տասը տարի անընդմեջ հայ հեղինակները գրում են մանկական երգեր, որոնք հրապարակվում են, տարածվում տեսաձայնասկավառակների միջոցով, փոքրիկները կատարում են համերգների ընթացքում, ինչպես նաեւ տարբեր երկրներում:
Երկրորդ համերգային օրվա ընթացքում հաղթողներին մրցանակներ են հանձնել ռեժիսոր Արամ Սուքիասյանը, պրոդյուսեր Արմեն Մանուկյանը, մանկագիր Սուրեն Մուրադյանը, Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արմինե Ղազարյանը:
Մանկագիր Սուրեն Մուրադյանը, ով նախորդ տարիներին որպես երգերի բառերի հեղինակ մի քանի անգամ հաղթել է, կարեւոր է համարել, որ մանկապարտեզներում ու դպրոցներում հնչեն հայ հեղինակների նոր երգերը. “Թող շատ երկար կյանք ունենան այս երգերը, հնչեն երեխաների կատարմամբ ու սիրվեն”:
“Արեւներ” մրցույթ-փառատոնին ներկայացված երգերը եղել են երկու անվանակարգում՝ մանկական եւ պատանեկան: Մանկական 13 երգից հաղթել է “Օդաչու”-ն, պատանեկան 12 երգից՝ “Աշխարհը տունն է բոլորիս” ստեղծագործությունը:
Այս մրցույթի եւ խմբի հիմնադիրներ Արմեն Դիվանյանն ու Արփինե Հովհաննիսյանը երգող մանուկների համար աշխատում են շուրջ 30 տարի՝ սկսած իրենց ստեղծած առաջին՝ “Առվակ” վոկալ-գործիքային անսամբլից: 1996-ից մինչ 2009 թվականը նրանք ղեկավարել են “Արեւիկ” խումբը, հետագայում առանձնացել ու ստեղծել են “Արեւներ”-ը:
ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ անցկացվող մրցույթի ընթացքում “Արեւներ” մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը Մշակույթի նախարարության կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով:
Մրցանակների հանձնմանը հաջորդել է գալա-համերգը. խմբի երեխաները երգել են, պարել, իրենց գունեղ կերպարներով լցրել բեմը: Իսկ մեծ էկրաններին ցուցադրվել են տեսանյութեր աշխատանքային գործունեության 30 տարվա մասին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: