Իր յուրահատուկ ձայնով եւ խարիզմայով կինոաշխարհի ուշադրությունը գրաված Արմեն Ջիգարխանյանը կդառնար 90 տարեկան. արտիստին նվիրված երեկո անցկացվեց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ոլորտի մարդիկ եւ ընկերները կիսվեցին Ջիգարխանյանի հետ կապված հուշերով, որից հետո ցուցադրվեց «Անհայտ Ջիգարխանյանը» փաստագրական ֆիլմը՝ ներկայացնելով վարպետի կյանքի հազվագյուտ կադրեր։
«Հիշարժան օր է, քանի որ հայ մեծանուն դերասան է ծնվել։ Այս միջոցառումը Արթուր Սողոմոնյանի շնորհիվ տեղի ունեցավ, որը վերջին 20-25 տարին Ջիգարխանյանի կողքին է եղել։ Նա նրա համար ընկեր ու եղբայր էր։ Ֆիլմը, որն այսօր կդիտենք, կցուցադրվի նաեւ Ռուսաստանում»,- ասել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Ռեժիսորի խոսքով՝ բախտավորություն է ունեցել ընկերություն անել Ջիգարխանյանի հետ. «Շատ մոտիկից եմ ճանաչել նրան, տեսել թատերական գործունեության ոսկե դարում։ Շատերը գիտեն նրան միայն ֆիլմերից, բայց այն, ինչ նա անում էր բեմում, աննկարագրելի էր. հրաշք էր տեղի ունենում։ Յուրահատուկ էր: Ջիգարխանյանին ամեն ինչ ներվում էր, քանի որ նրա ներկայությունն արդեն հումոր ու էներգիա էր»:
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի կարծիքով՝ «Բարեւ, ես եմ» ֆիլմը ճակատագրական էր իր եւ Ջիգարխանյանի համար. «Իմ առաջին մեծ ֆիլմն էր, իսկ նրան այդ ֆիլմով ճանաչեցին նորովի։ Մինչ այդ նա խաղում էր թատրոնում, արդեն սիրված դերասան էր: Ֆիլմի նկարահանումների ժամանակ ես հանդիպեցի արդեն ոչ միայն Ջիգարխանյան դերասանին, այլեւ մարդուն»։
«Անհայտ Ջիգարխանյանը» ֆիլմի մասին խոսեցին համաարտադրող Տիգրան Մանասյանը եւ ռեժիսոր Վագա Վարդանյանը: Հուշերով կիսվեցին նաեւ ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը, դերասան, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերգեյ Գազարովը։ Երեկոն եզրափակեցին Հ. Պարոնյանի անվան թատրոնի մենակատարների վոկալ կատարումները:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: