×


“Բյուրոկրատ”

“Բյուրոկրատ”

Հագուստի փոխարեն` գրքեր :) Հանրահայտ որեւէ բրենդի հագուստի խանութ-սրահ Երեւանում բացելն այսօր բավական նորաձեւ է, բայց հոսանքին հակառակ գնացող զգացմունքային բիզնեսմեններ էլ են պատահում:): Պուշկինի 51 հասցեում տեղակայված հագուստի խանութ-սրահից միայն անվանումն է մնացել, “Բյուրոկրատ”-ն այլեւս գրախանութ է: “Բյուրոկրատ” “Բյուրոկրատ”- ն արվեստ է ներկայացնում: Նկարիչներն ու լուսանկարիչները, գեղագետներն ու պարզապես արվեստի սիրահարները գրախանութից կարող են ձեռք բերել ճարտարապետության, նկարչության, լուսանկարչության, դիզայնի, կինոյի, ժամանակակից արվեստի տարբեր ուղղություններ ներկայացնող գրքեր, ալբոմներ: Վաճառվում է գերմանական հայտնի “Taschen”-ի, ռուսական “Արտ-Ռոդնիկ”-ի տեսականին, ինչպես նաեւ հայկական հրատարակչությունների արտադրած գրքերը: Samvel Hovhannisyan “Բյուրոկրատ”-ի հիմնադիր տնօրենը նշում է` այս ամսվա իր եկամուտն արդեն իսկ նվիրել է գրքի տեսքով:): “Գիրք նվիրելը ցանկանում ենք մշակույթ դարձնել: Անգամ ուզում ենք ասել` Նոր տարուն օղու փոխարեն գիրք գնեք”,-ասաց Սամվել Հովհաննիսյանն ու հավելեց. “Հագուստի բիզնեսը արդարացնում էր իրեն, եթե ջանքեր դնեինք, էլի վատ չէր լինի, բայց ամենավերջում հասկանում ես, որ իրականում օգտակար բան չես անում: Իսկ գրքի դեպքում էմոցիոնալ գործոնը շատ է, նախորդ բիզնեսի փորձն էլ օգնում է այս մեկը ճիշտ կազմակերպել”: “Բյուրոկրատ” “Բյուրոկրատ” անվանումն էլ տնօրենը “Գրքի տուն” չդարձրեց, որովհետեւ առաջինը արդեն քանի տարի է` հասարակության վստահությունն է վայելում. “Որակյալ ծառայություններ մատուցող բրենդի ճանաչելիություն ունենք: Մեր այցելուները երբեք իրենց խաբված չեն զգացել հագուստ գնելիս, գրքերի դեպքում էլ նույն կերպ կլինի: Նախ “Բյուրոկրատ” բրենդը հնարելիս բացասականին դրական իմաստ ենք տվել: Մարկետինգի առումով հիշվում է, երբ բացասական անվանում ես դնում, բայց ասեմ, որ բյուրոկրատ բառն ինքնին բացասական բան չի նշանակում, պարզապես խորհրդային ժամանակներից եկած կարծրատիպ է”: Հայկական աուդիոգրքերի շուկան զարգանում է “Բյուրոկրատ”-ում նաեւ ռուսերեն եւ անգլերեն լեզվով աուդիոգրքեր են վաճառվում` դասական, արտասահմանյան գրականություն, պոեզիա: Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ  երեք “Հայ աուդիոգիրք” էլ իրենք են թողարկել. երկուսը Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են, մյուսն էլ պոեզիա է ներկայացնում. “Մի քանի նոր աուդիո նախագիծ ունենք: Օրինակ` Սոս Սարգսյանը կարդացել է Թումանյանի պոեմներն ու քառյակները”: “Բյուրոկրատ” “Մարդիկ կարծում են` գրախանութի բացումով, գրքով կկարողանան ինչ-որ բան փոխել, կփրկվեն: Ես համամիտ չեմ. ինձ թվում է` ամեն ինչ մեր մեջ է: Կարելի է վատ գրախանութում լավ գիրք գտնել, լավում` չգտնել: Բայց “Բյուրոկրատ”-ում ազատություն կա, բազմաթիվ անկյուններ, ուր կարող ես նստել եւ գիրքը ուսումնասիրել, կարդալ: Մենք գրադարան ենք բացելու բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում գնել գրքերը: Գուցե նաեւ վարձույթ ասվածը կիրառենք”,- ասաց “Բյուրոկրատ”-ի հիմնադիր տնօրեն Սամվել Հովհաննիսյանը: Գրախանութում պարբերաբար գրքերի շնորհանդեսներ եւ ցուցահանդեսներ են կազմակերպվելու: Հոկտեմբերի 23-ին Կոստան Զարյանի “Բառերի ոսկին” բանաստեղծությունների գրքի շնորհանդեսն է կայանալու: Նշում են` այն որակյալ իտալական թղթով է արտադրված: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին