Այսօր Սիրահարների այգում համերգ կլինի
2010-ի երեւանյան ձմեռը գունավորելու գործընթացը վաղուց արդեն սկսված է:): Դու էլ ձմեռային առօրյադ հետաքրքրացրու` ընտանիքի կամ ընկերների հետ մասնակցելով մայրաքաղաքում, մասնավորապես, Սիրահարների այգում տեղի ունեցող տոնական միջոցառումներին: Այս տարի ավանդական բացօթյա միջոցառումների շարքն ընդլայնվել է, հնարավորություն կունենաս ծանոթանալ նաեւ Ձմեռ պապի հայկական արմատներով բարեկամին` Կաղանդ պապին:):
Ձմեռային շքերթով է մեկնարկել “Ձմեռային փառատոն 2010”-ը: Կաղանդ պապի գլխավորությամբ ծաղրածուների, հեքիաթների հերոսների եւ պարային ու դհոլահարների խմբերը տոնակատարությանը միացած մարդկանց հետ դեկտեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետարանից հասան Սիրահարների այգի, մասնակցեցին տոնական համերգին: Ձմեռային փառատոնը հետաքրքիր է իր համերգներով, ձմեռային խաղերով, տոնածառերի ցուցահանդեսով, ամանորյա տոնավաճառներով, արծաթե եւ ոսկե երեկույթներով:
Հիմա ամեն ինչի մասին` հերթով :)
Երաժշտական օրեր. փառատոնի շրջանակներում բացօթյա համերգներ են տեղի ունենում` հայտնի երգիչ, երգչուհիների, երգչախմբերի, պարախմբերի եւ նվագախմբերի մասնակցությամբ: “Երաժշտական օրեր” տոնական համերգների շրջանակներում արդեն իսկ ելույթ են ունեցել Շուշան Պետրոսյանն ու “Art Voices”-ը, Սուրեն Առուստամյանն իր բլյուզ բենդի հետ, “Exodus”, “Reincarnation” ռեգգի բենդերը: Այսօր 18:30-ից Սիրահարների այգում ունկնդրի “The Beautified Project”, “Dogma”, “Alien Time” ռոք-խմբերի ելույթները:
Դեկտեմբերի 29-ին 18:30-ից Սիրահարների այգում պարային երեկո է լինելու: Տոնական սեթերով է հանդես գալու DJ Vakcina-ն:
Տոնածառերի ցուցահանդես. Մինչեւ հունվարի վեցը ամեն օր 17:00-ից 23:00-ն Սիրահարների այգում ուսումնասիրեք բնապահպանական տոնածառները, որոնք պատրաստվել են վերամշակելի նյութերի կիրառմամբ: Տոնածառների մրցույթը «Կանաչաստանի» նախաձեռնությունն է, լավագույնները կստանան մրցանակներ:
Խաղեր. Մինչեւ հունվարի 30-ը, 12:00-ից 16:30 Սիրահարների այգում 5-ից 14 տարեկան երեխաների համար նախատեսված են բազմազան ուրախ խաղեր:
Մանուկներին կայցելի Կաղանդ պապը
Ձմեռային փառատոնի սիրտը հանդիսացող Սիրահարների այգում կրկին մինչեւ հունվարի 30-ը 13:30-ից 14:30 Խնկո Ապոր գրադարանի հեքիաթասացը կընթերցի “Կաղանդ պապ. Վերադարձ Ռիգելից” հեքիաթը: Այնուհետեւ մանուկներին կայցելի հենց Կաղանդ պապը: Նույն օրերին 11:00-ից 13:00 եւ 14:30-ից 16:30 Գեղարվեստի ակադեմիայի կամավորների օգնությամբ երեխաներն ինքնուրույն ամանորյա ձեռագործ խաղալիքներ եւ զարդեր կպատրաստեն:
Միջոցառումները կեզրափակվեն արծաթե եւ ոսկե երեկույթով, որը նախատեսվում է իրականացնել հունվարի 5-ին EVN ակումբում:
Հիշեցնենք, որ տոնական տրամադրությունը Երեւանի բնակիչների եւ հյուրերի համար ստեղծում է “Ձմեռային փառատոն Հայաստան”-ի նախաձեռնող “Կանաչաստան” հասարակական կազմակերպությունը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: