Մրցույթի կանոնները փոխվել են “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հաղթողի մրցանակն ու մրցույթի կանոնների վերջին փոփոխությունները ներկայացվել են հայ եւ եվրոպացի լրագրողներին: “Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ “Մանկական Եվրատեսիլ”-ի քվեարկությունը կսկսվի բոլոր մասնակիցների ելույթներից հետո: Դրա համար կտրամադրվի 15 րոպե, իսկ SMS-ներից ստացված հասույթը կտրամադրվի “World Vision”-ին` բարեգործական նպատակներին ծառայելու համար”,- ասել է “Եվրատեսիլ” երգի համաեվրոպական մրցույթի ղեկավար Սիեթսե Բեքերն ու հավելել, որ փոփոխություն կա նաեւ միավորների հայտարարման կարգում. “Նախորդ տարիներին հայտարարվում էին միայն ամենաբարձր միավորները, իսկ այս տարի կհնչեն բոլորը”: Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ ձգտում են “Մանկական Եվրատեսիլ 2011”-ը յուրահատուկ դարձնել, ինչի համար շնորհակալություն է հայտնել իրենց օգնող շվեդական տեխնիկական թիմին: Մարզահամերգայինի բեմում արդեն փորձեր են ընթանում: BRAVO.am-ը հետեւել է տարբեր երկրների մասնակիցների փորձնական ելույթներին, որոնք կարող եք դիտել ստորեւ: Լիտվայի ներկայացուցիչ Պաուլինա Սկրաբիտեն մյուս մասնակիցների նման փորձից հետո շտապել է լրագրողների հետ զրուցելու ու իր տպավորություններով կիսվելու: “Շատ լավ ենք տրամադրված, ամեն ինչ գեղեցիկ է ու հաճելի: Հետաքրքիր ժամանց են մեզ համար նախատեսել. փորձերից հետո մասնակցում ենք տարբեր փարթիների ու շփվում Հայաստանը “Եվրատեսիլ”-ում ներկայացրած այլ մասնակիցների հետ”,-ասել է Պաուլինան: “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հաղթողի մրցանակը կհանձնի Վլադիմիր Արզումանյանը Հանդիպման ընթացքում լրագրողներին ներկայացվել է նաեւ “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հաղթողի մրցանակը: Ինչպես արդեն նշել էր BRAVO.am-ը, մրցանակի հեղինակը Նուռն է: Դիզայներն այն պատրաստել է թանկարժեք քարերից եւ արծաթից` մրցույթի լոգոյի նախատիպով: “Այն խորհրդանշում է մեր սարերը, որին նայելով` մասնակիցները ուժ կստանան ու կհասնեն բարձրունքի”,-նշել է Գոհար Գասպարյանը: “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հաղթողի մրցանակը կհանձնի Վլադիմիր Արզումանյանը` մրցույթի 2010-ի հաղթողը, ով Սիրուշոյի հետ լինելու է հատուկ հյուրերի թվում: Լրագրողների այն հարցին, թե ով կլինի “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի եվրոպական հատուկ հյուրը, Գոհար Գասպարյանն ու Սիեթսե Բեքերը պատասխանել են, որ դա անակնկալ է լինելու: Հանդիպման ընթացքում “Եվրատեսիլ” համաեվրոպական երգի մրցույթի ղեկավար Սիեթսե Բեքերը տեղեկացրել է` “Մանկական Եվրատեսիլ 2012”-ն անցկացվելու է Նիդեռլանդներում. “Որոշումը կայացրել է “Մանկական Եվրատեսիլ”-ի վերահսկող հանձնաժողովը` հիմնվելով ներկայացված առաջարկների վրա”: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: